Ես ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունում հարուցված, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության վարչության վարույթում քննվող թիվ 33100816 քրեական գործով մեղադրյալ Դավիթ Հովհաննեսի Հակոբյանի պաշտպանն եմ: Ես և իմ վստահորդը մեր անհանգստությունն ենք հայտնում aravot.am կայքում լրագրող Ոսկան Սարգսյանի կողմից Դ. Հակոբյանի գործով անմեղության կանխավարկածի խախտման և ապատեղեկատվություն տարածելու կապակցությամբ:
Մասնավորապես՝ aravot.am կայքում 2016 թվականի փետրվարի 23-ին հրապարակված «Դիլիջանի զինկոմի 26-ամյա որդին մեղադրվում է ինքնաձիգով սպանության փորձի մեջ» և 2016 թվականի մարտի 9-ին հրապարակված «Դիլիջանի զինկոմի որդին շուրջ մեկ ամիս փախուստի մեջ է» վերնագրերով հոդվածներում նշվել է. «Իրավապահներից տեղեկացանք, որ Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը»:
2016 թվականի մարտի 20-ին հրապարակված «Ինչո՞ւ են ցանկանում տեղափոխել Դիլիջանի զինկոմի տղայի գործը» վերնագրով հոդվածում նշվել է. «(…)քննությունը պետք պարզի, թե որտեղից են Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող 2 ինքնաձիգերը: Նախաքննական գաղտնիք է համարվում այն դրդապատճառը, թե ինչու է Դիլիջանի զինկոմի որդին ինքնաձիգով կրակել համաքաղաքացի երիտասարդի վրա»:
2016 թվականի հունիսի 8-ին հրապարակված «Դիլիջանի զինկոմի 26-ամյա որդին մեղադրվում է ինքնաձիգով սպանության փորձի մեջ» վերնագրով հոդվածում նշվել է. «Քննությունը պետք է պարզի, թե որտեղից են Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող 2 ինքնաձիգերը: Իրավապահ համակարգից ստացված տեղեկություններով՝ Դիլիջանի զինկոմի որդին նախկինում դատվել է Ռուսաստանում: Նա փետրվարի 11-ին Դիլիջանում Ս. Միքայելյանի վրա կրակել է աղջկա պատճառով»:
Կարդացեք նաև
Եթե առաջին և երկրորդ հոդվածների տեքստերի բովանդակությունը այդքան էլ բողոքի առիթ չի տալիս, թերևս բացի այն, որ իմ վստահորդը դեպքից հետո Դիլիջանում չի եղել և տեղեկանալով, որ իրեն հետախուզում են, կամովին ներկայացել է իրավապահ մարմիններին, իսկ լրագրողը ներկայացրել է, որ նա իբր թե փախուստի մեջ է եղել, արդեն երրորդ և չորրորդ հոդվածներում լրագրող Ոսկան Սարգսյանը, խախտելով անմեղության կանխավարկածի սկզբունքը և լրագրողական էթիկայի կանոնները, ուղղակիորեն Դավիթ Հակոբյանին ներկայացրել է որպես հանցանք կատարողի և հաստատված համարելով վերջինիս կողմից սպանության փորձ կատարելու և ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու փաստը, փորձել է պարզել Դավիթ Հակոբյանի կողմից հրազենի ձեռքբերման աղբյուրն ու արարքի կատարման դրդապատճառը: Դեռ ավելին՝ լրագրող Ոսկան Սարգսյանը իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածել, որ Դավիթ Հակոբյանը դատվել է Ռուսաստանում:
Ոսկան Սարգսյանի կողմից նմանատիպ նյութերի հրապարակումը կարող է հասարակության գիտակցության մեջ ընկալում առաջացնել, որ Դավիթ Հակոբյանը հանցագործ է և նրա մեղքն արդեն իսկ ապացուցված է, որը կարող է ազդեցություն ունենալ վարույթն իրականացնող մարմինների վրա ու արդյունքում ճնշման տակ մեղավոր ճանաչվի անմեղ մարդը, ինչը Հայաստանում շատ հաճախ է տեղի ունենում:
Տեղեկատվական վեճերի խորհուրդը, որի անդամներից մեկը` «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանն է, Գևորգ Հայրապետյանն ընդդեմ «Մուլտի Մեդիա Կենտրոն Թիվի ՓԲԸ» գործով Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշման վերաբերյալ արտահայտած կարծիքում եկել է հետևյալ եզրահանգման. «(…) Անմեղության կանխավարկածի նկատմամբ հարգանքը պարտավոր են պահպանել ոչ միայն քրեական դատավարության մարմինները, այլ նաև յուրաքանչյուր ոք և հատկապես լրատվամիջոցները՝ հաշվի առնելով նրանց առանձնահատուկ դերը և առաքելությունը ժողովրդավարության կայացման գործում: «Լրատվամիջոցների կողմից քրեական դատավարության վերաբերյալ տեղեկատվություն հաղորդելու մասին» Եվրոպայի Խորհրդի Նախարարների Կոմիտեի թիվ (2003)13 Հանձնարարականի 2-րդ սկզբունքում նշված է, որ «անմեղության կանխավարկածի սկզբունքի նկատմամբ հարգանքը արդար դատավարության իրավունքի անքակտելի մասն է: Հետևաբար, լրատվամիջոցների կողմից ընթացքի մեջ գտնվող քրեական գործերի վերաբերյալ կարծիքներ ու տեղեկատվություն կարող է տարածվել կամ հաղորդվել միայն այն դեպքում, եթե դա չի վտանգում կասկածյալի կամ մեղադրյալի անմեղության կանխավարկածը»: Հետևաբար, անկախ այն հանգամանքից, որ հեռուստաընկերությունը բարեխղճորեն վերարտադրել է վստահելի աղբյուրից ստացված տեղեկատվությունը, նա պարտավոր էր լրատվանյութը հեռարձակելիս հարգել մեղադրյալի անմեղության կանխավարկածը: Սա բխում է, ի թիվս այլի, նաև այն հանգամանքից, որ անկախ օրենսդրական կարգավորման առկայությունից, լրատվամիջոցները բազմիցս հայտարարել են, որ նախընտրում են իրենց գործունեությունը ծավալել ինքնակարգավորման մեխանիզմների պայմաններում, օրինակ, լրագրողական վարքականոնների շրջանակներում»:
Ի տարբերություն այլ անձանց, մենք չենք ցանկանում սպառնալ դատարան դիմելով և հասկանում ենք, որ այս նյութերի հեղինակն էլ մարդ է, հնարավոր է որոշակիորեն շահագրգռված է գործի ելքով կամ ինչ-ինչ կախվածության մեջ է իրեն տեղեկություն տրամադրող պաշտոնյաններից կամ նրանք են իր հոդվածների համար հիմնական նյութ տրամադրող աղբյուրը, սակայն խորհուրդ ենք տալիս հարգել մարդու, քաղաքացու Սահմանադրությամբ ամրագրված իրավունքները, մասնագիտական պարտականությունները կատարելիս լինել բարեխիղճ, նմանատիպ նյութերը հասարակությանը մատուցելիս պահպանել անմեղության կանխավարկածի սկզբունքն ու գործել լրագրողական վարքականոնների շրջանակում:
Կցանկանայի մի քանի բառով ներկայացնել նաև հիշյալ գործը. Սերգեյ Միքայելյանի վրա կրակողը Դավիթ Հակոբյանը չի եղել, բայց արդեն 3 ամիս նա գտնվում է ապօրինի կալանքի տակ և միակ փաստաթուղթը, որով նրան մեղադրանք են առաջադրել, իսկ դատարանն էլ գտել է, որ նա առնչություն ունի իրեն վերագրվող արարքի հետ, դա պաշտպանության միջոց կիրառած վկայի ցուցմունքն է կամ ինչպես ժողովուրդն է ասում «փակ» վկայի ցուցմունքը:
Նախաքննության 4-ամսյա ժամկետում գոնե մեկ թույլատրելի ապացույց ձեռք չի բերվել, որ իմ վստահորդն առնչություն ունի իրեն վերագրվող արարքներին, այսինքն` նրան առաջադրված մեղադրանքն ու որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն ապօրինի են:
Այդ կապակցությամբ բազմաթիվ միջնորդություններ, բողոքներ ենք ներկայացրել նախաքննական մարմնին, Տավուշի մարզի և ՀՀ գլխավոր դատախազին, վերադաս դատական ատյաններ, դեռևս այդ մարմիններից ոչ մեկը քաղաքացիական արիություն չի ցուցաբերում ընդունելու իրենց սխալը: Բայց վստահ ենք, որ արդարությունը շուտ թե ուշ վերականգնվելու է, և Դավիթ Հակոբյանն արդարացվելու է, իսկ Ոսկան Սարգսյանի՝ իրավապահ համակարգում գտնվող աղբյուրներին խորհուրդ ենք պարզել իրական հանցագործին, ոչ թե զբաղվել բամբասանքներով:
Ի դեպ, անհասկանալի է, թե ինչու է անընդհատ շեշտվում Դ. Հակոբյանի հոր՝ զինվորական կոմիսարի պաշտոնում լինելու փաստը: Երևի կրկին «չար» նպատակներով, քանի որ հասարակության անտեղյակ մասի մոտ պաշտոնյայի որդու վարքագիծն ավելի վատ տպավորություն է թողնում, քան հասարակ քաղաքացունը:
Հիշեցնեմ, որ Դիլիջանի զինկոմի մեկ որդին այժմ ապօրինի գտնվում է կալանքի տակ, իսկ նրա կրտսեր որդին՝ Մհեր Հակոբյանը, զինվորական էր, ուներ ավագ լեյտենանտի կոչում, ծառայում էր ԼՂՀ զորամասերից մեկում և 2014 թվականի սեպտեմբերի 18-ին զոհվել է թշնամու կողմից արձակված կրակոցից ու հետմահու ԼՂՀ նախագահի կողմից պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Ինքը՝ զինվորական կոմիսար Հովհաննես Հակոբյանը, 22 տարի ծառայում է ՀՀ զինված ուժերում և որդու զոհվելուց հետո է միայն նշանակվել այդ պաշտոնում, հետևաբար տգեղ է հոր պաշտոնը հաճախակի շահարկելը:
Հարգանքներով՝ փաստաբան Գուրգեն Հարությունյան
«Առավոտի» կողմից պարզաբանենք, որ անձի, տվյալ դեպքում՝ Դավիթ Հակոբյանի անմեղության կանխավարկածը չի կարող վիճակվել, որովհետեւ չկա դատարանի կողմից, նրա հանցանքը ապացուցող, օրինական ուժի մեջ մտած դատավճիռ: Հրապարակված հոդվածներում Դավիթ Հակոբյանը ներկայացված է ոչ թե հանցագործ, այլ՝ քրեական գործով, ՀՀ քրեական օրենսգրքի որոշակի հոդվածներով մեղադրյալ:
Դեպքից հետո Դ. Հակոբյանը գտնվել է հետախուզման մեջ, ավելի քան մեկ ամիս հետո կամավոր ներկայացել է իրավապահներին եւ դատարանի որոշմամբ նրա կալանքի սանկցիան վերահաստատվել է:
Դավիթ Հակոբյանի եղբոր՝ Մհեր Հակոբյանի Ղարաբաղում զոհվելու մասին նշվել է փետրվարի 23-ի հրապարակման մեջ, ուղղակի յուրաքանչյուր հոդվածում չի շեշտվել այդ մասին:
Նշված քրեական գործի հետ կապված հանգամանքները լուսաբանելիս լրագրողը որեւէ կողմնակալություն կամ քրեական գործի ելքի որեւէ շահագրգռվածություն չունի, նա նյութ պատրաստելու համար տեղեկատվություն է ստանում տարբեր աղբյուրներից, կաշկանդված կամ կախված չէ իրեն տեղեկություն տրամադրող պաշտոնյաներից: Գործը հասարակական հնչեղություն ունի, դրա ընթացքը եւ հանգուցալուծումը կլուսաբանենք: