Երբ հարց տվողները հարց էին տալիս, ու նրանք հիմնականում ընդդիմությունից էին, զեկուցողը կարողանում էր ժամանակին պատասխանել: Ահա այսպես ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը գնահատեց ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկումները:
Նա ողջունեց, որ կառավարությունը արտաքին տնտեսական անբարենպաստ միջավայրի պայմաններում կարողացել է դիմակայել մարտահրավերներին ու տարին փակել 3 տոկոսանոց տնտեսական աճով. «Իշխանությունները գիտակցում են՝ մենք չպետք է սահմանափակվենք ձեռք բերածով, պետք է շարունակենք մեր հետեւողական քայլերը՝ երկրի առջեւ ծառացած քաղաքական եւ տնտեսական մարտահրավերները դիմագրավելու եւ առկա խնդիրները լուծելու համար»:
Նա ողջունեց կառավարության կողմից հռչակված քաղաքականությունը, իր խոսքերով՝ կառավարության կառուցվածքն ավելի «կոմպակտ ու քիչ ծախսատար» դարձնելու ուղղությամբ. «Մենք պետք է բյուջետային ծախսերի արդյունավետությունը գնահատենք արդյունքի տեսակետից: Հատկապես կցանկանայի կարեւորել գործարար միջավայրի բարելավումը: Չնայած կառավարության ձեռնարկած քայլերին, այնուհանդերձ, ներկայիս միջավայրը չի կարող գոհացուցիչ համարվել»: Գալուստ Սահակյանն առաջարկեց, որ կառավարության հիմնական գերակայություններից մեկը պետք է դառնա գործարարների տնտեսական ազատության մակարդակը:
Նա ասաց, որ արտաքին պարտքը, թեեւ գտնվում է ընդունելի սահմաններում, այնուամենայնիվ, մեծ բեռ է. «Հավաստիացնում եմ, որ իշխանություններն ունեն բավարար քաղաքական կամք՝ երկրում կուտակված խնդիրների լուծման համար: Ուստի կոչ եմ անում հաստատել 2015-ի պետբյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվությունը եւ աջակցել կառավարությանը՝ ծրագրերի իրականացման գործում»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ