Այսօր կառավարության շենքի դիմաց նաիրիտցիները կրկին բողոքի ցույց էին անում. նրանց պահանջը չի փոխվել՝ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը եւ աշխատավարձերի վճարումներն ուշացնելու պատճառով գոյացած տույժ-տուգանքների վճարումները, ինչպես որ օրենքն է պահանջում:
Համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանն Aravot.am-ի հետ զրույցում պատմեց, որ երեկ իրենք ցույց են արել ՀՀ նախագահի նստավայրի մոտ, ապա գնացել Ազգային ժողովի դիմաց՝ ցույցը շարունակելու:
Կարինե Շահվերդյանի խոսքերով՝ «Մեզ համար զարմանալի է, որ էներգետիկայի ոլորտը ղեկավարող անձը կարող է մեզ ասել՝ դուք ներդրողներ գտեք: Աշխատողները ո՞նց ներդրողներ գտնեն»:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նշենք, որ նաիրիտցիներին ծանուցագրեր են ուղարկվել, որ մինչեւ հուլիսի 1-ը եւս 400 հոգի աշխատանքից պիտի ազատվի, ընդ որում՝ նրանք չեն ստացել 3 ամսվա աշխատավարձ:
Գործարանի աշխատակիցները դիմել էին գլխավոր դատախազություն, տեղեկացնելով, որ թեեւ աշխատակիցների աշխատավարձերի մայր գումարը վճարվել է, սակայն այդ գործընթացը, ինչպես նաիրիտցիներն են պարբերաբար պնդում, կատարվել է շանտաժի միջոցով՝ աշխատավարձի չվճարումներից գոյացած տույժ-տուգանքների վճարումը նախատեսող օրենսդրության կոպիտ խախտմամբ: Նաիրիտցիները տույժ-տուգանքներից ստիպված են եղել գրավոր հրաժարվել, որպեսզի կարողանան ստանալ իրենց աշխատավարձը, այսպիսի պահանջ էին իրենց առջեւ դրել:
Aravot.am-ի հետ զրույցում այսօր նաիրիտցիներն ասացին, որ գլխավոր դատախազությունը մերժել է ընթացք տալ նաիրիտցիների դիմումին, հիմնավորելով հանցակազմի բացակայությունը, ապա նրանց հորդորել են դիմել իրավապահ այլ ատյանների՝ դատարան:
Բողոքի ակցիայի մասնակիցները վստահեցրին, որ իրենք չեն դադարեցնելու իրենց ցույցերը, մինչեւ խնդիրը չլուծվի:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ