«Քննարկումներն անցնում էին դատարկ դահլիճում, սարսափելի ձանձրալի: Հերթական անգամ քննարկումները հիշեցնում էին ուսումնարանի հաշվապահական հաշվառման դասընթացները»,-ԱԺ-ում 2015-ի բյուջեի կատարման հաշվետվության քննարկման մասին իր ելույթում այսպիսի տեսակետ հայտնեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
Նա դժգոհեց, որ առաջին դեմքերը հարկ չեն համարում գալ ԱԺ, ուղարկում են իրենց տեղակալներին ու պատգամավորներին ստիպում հերթական անգամ հաշվապահական հաշվառման կուրսեր անցնել, թե ինչքան են տվել, ինչքան է ծախսվել. «Բյուջեն քաղաքական փաստաթուղթ է եւ կատարողականը պարտավոր են ներկայացնել ոլորտի քաղաքական պատասխանատուները, ոչ թե տեղակալները»:
Նաիրա Զոհրաբյանը կոչ արեց, որ այսուհետեւ երբ նորից առաջին դեմքերը հարկ չեն համարի գալ ԱԺ, պատգամավորները, այսպես ասած, բոյկոտեն եւ դուրս գան դահլիճից:
Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ կոռուպցիայի դեմ հայտարարված «սրբազան պայքարի» մասին. «Երբ ասվում է, որ 3-շաբաթյա ժամկետ ենք տալիս՝ ՀՀ-ում մենաշնորհները հայտնաբերելու համար, կներեք, ես իրավունք ունեմ դրան չհավատալու, որովհետեւ ոչ մի րոպե պետք չէր տալ՝ մոնոպոլիաները գտնելու համար: Եկեք միասին դուրս գանք Բաղրամյան փողոց եւ միջին վիճակագրական քաղաքացուն հարցնենք, թե ովքեր են ՀՀ-ում մոնոպոլիստները: Պետք չէր Արտակ Շաբոյանի առջեւ խնդիր դնել, որ հայտնաբերի մոնոպոլիստներին: Չկա վստահություն հռչակված պայքարի արդյունավետության մասով»:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանը նկատեց. «Այդ ինչպե՞ս է լինում, որ մարդը ստանում է պաշտոն, նրա զոքանչը, որը 3 տարի առաջ Արաբկիրի շուկայում գազար էր վաճառում, գազար վաճառելու մեջ վատ բան չեմ տեսնում, բայց ինձ համար զարմանալի է, թե ինչպե՞ս կարող է գազար վաճառողը մի տարի հետո հայտարարագրերով լինել միլիոնատեր: Հարց է, որ իրավունք ունենք տալու: Երբ հիմա ասվում է, որ կեղծ հայտարարագրերի դեմ պետք է պայքար մղենք, ես որքան ուսումնասիրել եմ մեր միլիոնատեր ու միլիարդատեր պաշտոնյաների կենսագրությունը, նրանցից ոչ մեկը ոչ Մանթաշովի թոռներն են եղել, ոչ գանձ են գտել, ոչ էլ ժառանգություն են ստացել, չգիտես ինչի, նրանց բաջանաղները, քենիները, հատկապես զոքանչները միլիոնատեր են դառնում: Պաշտոնյաները ինչ-որ վստահություն ունեն զոքանչների հանդեպ եւ իրենց ունեցվածքի գերակշիռ մասը ձեւակերպում են զոքանչների անունով, հիմա այդ հարցը ո՞նց է լուծվելու»:
Նա նաեւ տարակուսանք հայտնեց, թե Հովիկ Աբրահամյանը երբ ասում է, որ անօրինական հարստացածներին պետք է գտնեն, ո՞նց են գտնելու, երբ ունեն հայտարարագիր ու պատրաստ են իրենց «պապայի արեւ» երդվել, որ իրենց միլիոնները օրինական են:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ