Լրահոս
Օրվա լրահոսը

Գնանկումը վկայում է, որ ՀՀ քաղաքացիները սկսել են ավելի վատ ապրել

Հունիս 09,2016 15:14

«Գնանկումը պետք է ավելի մեծ լիներ»,-Aravot.am-ի հարցին`տրամաբանակա՞ն են Ազգային վիճակագրության ծառայության ներկայացրած տվյալները գնանկման մասին, այն դեպքում, երբ հացամթերքն ու մսամթերքը թանկացել են, այսպես պատասխանեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Ըստ նրա`տրամաբանական է, որ գնանկում պիտի լիներ, քանի որ մեր գնողունակությունը, մարդկանց թիվը, սպառման քանակը պակասել է, առևտրի ծավալները կրճատվում են, դա էլ հանգեցնում է գնանկման:

Մեր այն հարցին` արդյոք ՀՀ քաղաքացին գնանկման դրական ազդեցությունը զգո՞ւմ է առօրյայում, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե նայենք սովորական խանութների գներին, առանձնապես փոփոխություն չկա: Համարյա ամեն օր նայում եմ խանութներում գները: Այնպես որ, զուտ տնտեսագիտորեն այդ ամենը բացատրելի է, մյուս կողմից որպես սպառող նայում ենք, տեսանելի է: Ուստի գնանկման համար պետք չէ զարմանալ»:

Մեր այն դիտարկմանը`ինչպե՞ս է գնանկում գրանցվել, եթե առաջին անհրաժեշտության ապրանքները, օրինակ` հացամթերքը, մսամթերքը թանկացել են, պարոն Խաչատրյանն արձագանքեց, թե գնանկումը տրամաբանական է, քանի որ 490 անուն ապրանքների գների հաշվարկով են որոշում գնանկման ծավալները:

Դառնալով մսի գնին` պարոն Խաչատրյանն ասաց, որ այն տատանվում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ. որոշ դեպքերում էժանացել է, որոշ դեպքերում թանկացել, բայց էական տարբերություն չկա:

Պատճառաբանելով իր այն պնդումը, թե գնանկումն ավելի մեծ պետք է լիներ, պարոն Խաչատրյանը փաստեց, որ համաշխարհային շուկայում վերջին տարում հումքի և պատրաստի ապրանքների գների աննախադեպ գնանկում է գրանցվել, այլ բան է, որ մենք այդ շուկայում չենք հայտնվում:

Իսկ թե մեզանում գնանկումն ինչու ավելի մեծ չէ, պարոն Խաչատրյանը դա բացատրում է մենաշնորհների առկայությամբ. «Եթե նայում ենք տնտեսագիտորեն, տնտեսական ընդհանուր վիճակի պայմաններում մեզ մոտ գնանկման տոկոսն ավելի բարձր պիտի լիներ»:

Տնտեսագետը որպես մտահոգիչ փաստ նշեց նաև այն, որ մեզանում ի տարբերություն աշխարհի զարգացած երկրների` սննդամթերքի վրա ծախսերը կազմում են 50-60 տոկոս, զարգացած երկրների 15 տոկոսի փոխարեն: Վերլուծելով՝ պարոն Խաչատրյանը նշեց. «Սա բացասական ազդեցություն ունի, քանի որ դրանով պայմանավորված` տնտեսության աճի հնարավորություններն են սահմանափակ: Ներմուծման, առևտրի ծավալների կրճատումը, պահեստներում պաշարների պակասը, որոնք նախկին հինգ-վեցի փոխարեն այժմ երկու-երեք ամսվա են դարձել. այստեղ անվտանգության առումով էլ խնդիր կա: Ամենակարևորն այն է, որ եթե քաղաքացիները կենսունակ չեն գնողունակության առումով, ապա այսպիսի տնտեսություն ունենալն անիմաստ է: Հանուն ինչի՞, որ միայն իրենք ուտե՞ն»:

Մեր այն դիտարկմանը` փաստորեն գնանկումը վկայում է այն մասին, որ քաղաքացիները սկսել են ավելի վատ ապրել, պարոն Խաչատրյանը համաձայնեց ու հավելեց. «Նաև ավելի քիչ սպառել. մեզ մոտ այդ երկուսը համընկնում են»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930