Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային միասնական համակարգ ստեղծելու գործընթացին կարելի է երկակի մոտենալ, եւ մամուլի հրապարակումներում նշում են դրա թերի եւ դրական կողմերը, ամեն ինչ կախված է այդ ամենի իրագործումից. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսպիսի կարծիք հայտնեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրի վերաբերյալ:
Քոչարյանը չի համաձայնում այն տեսակետների հետ, որ այս համաձայնագրով Հայաստանը կորցնում է օդային պաշտպանության ոլորտում իր անկախությունը. «Դա էդքան էլ այդպես չէ: Իրականում դա այդպես չէ: Կա նաեւ դրա 2-րդ կողմը: Դա նաեւ հնարավորություն է տալու մեզ շատ մանրակրկիտ դիտարկել մեզ ամբողջ շրջապատող տարածքը: Այսինքն՝ ինքներս դեռեւս այն հնարավորությունը, որը տալիս է Ռուսաստանի տեխնիկան, մենք դա չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ բավականաչափ դետալացված դիտարկելու համար ամբողջ մեզ շրջապատող տարածքը, դա, կարծում եմ, կարեւոր է»:
Դիտարկմանը՝ գուցե հենց տեխնիկան պետք էր ձեռք բերել, ԱԳ փոխնախարարն ասաց. «Նույնանման պայմանագրեր գործում են ՀԱՊԿ տարածքում: ՀԱՊԿ-ն, ըստ էության բաժանված է երեք գոտու, մեկը՝ Արեւմտյան գոտին է, որտեղ գործում են Ռուսաստան-Բելառուսի զինված ուժերը, մեկը՝ Կենտրոնական Ասիան, եւ Հարավային Կովկասում, որտեղ Հայաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերն են: Սա ընդհանուր ծրագիր է ՀԱՊԿ-ի շրջանակներում:
Մանրամասն՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Պոլսո Հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի՝ Թուրքիայի նախագահ Էրդողանին ուղղված նամակի մասին էլ՝ Շավարշ Քոչարյանն ասաց, որ չէր ցանկանա մեկնաբանել. «Դա խոսում է այն մասին, որ ոչ միայն Պոլսում, այլեւ ընդհանուր հայությունը գտնվում է ճնշված վիճակում»:
Մանրամասն՝ տեսանյութում
Նելլի ԲԱԲԱՅԱՆ