ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Լիտվայի գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սաուլյուս Յակիմավիչյուսի գլխավորած պատվիրակությանը, որը եռօրյա այցով Հայաստանում է գյուղատնտեսության ոլորտին ծանոթանալու համար:
Ողջունելով հյուրերին` նախարար Սերգո Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանի
անկախացումից ի վեր Լիտվայի հետ ձևավորվել են սերտ հարաբերություններ, այդ
թվում` նաև գյուղատնտեսության ոլորտում:
«Վստահ եմ, որ այս այցելությունը նոր խթան կհանդիսանա մեր երկու երկրների
միջև համագործակցության զարգացման և ընդլայնման համար և նման հանդիպումները կկրեն շարունակական բնույթ», – նշել է նախարարը:
Պատվիրակության ղեկավար Սաուլյուս Յակիմավիչյուսն իր հերթին նշել է, որ
լիտվական կողմը հետաքրքրված է Հայաստանի հետ գյուղատնտեսության բնագավառում համագործակցության զարգացմամբ և ոլորտի տարբեր ճյուղերում փորձի փոխանակմամբ:
Երկկողմ փոխգործակցությունն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով
նախարար Սերգո Կարապետյանն առաջարկել է պատվիրակության անդամներին
ուսումնասիրել համատեղ ընկերություններ հիմնելու հնարավորությունը:
Հանդիպման ընթացքում կողմերի միջև ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Լիտվայի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության 2016 թվականի գործողությունների պլան» փաստաթուղթը:
Պլանով նախատեսվում է խթանել երկկողմ համագործակցությունը ագրարային
ոլորտում և ընթացիկ տարում իրականացնել մի շարք համատեղ գործողություններ:
Մասնավորապես, անասնաբուծության ոլորտում Լիտվան հայկական կողմին կտրամադրի խորհրդատվություն և մեթոդոլոգիական աջակցություն անասնաբուծական ֆերմաների կառավարման և կենդանիների բուծման հարցերում:
Բացի այդ, հայկական կողմին աջակցություն կցուցաբերվի ձկնաբուծության
կառավարումը բարելավելու ուղղությամբ: Այդ նպատակով կներկայացվի Լիտվայի
փորձը ձկների հիվանդությունների կանխարգելման, ինչպես նաև ձկան արժեքավոր
տեսակների բուծման գործում, որոնք հիմնականում աճեցվում են փակ ցիկլի
ջրային համակարգերում:
Փաստաթղթով նախատեսվում է խորհրդատվության և մեթոդոլոգիական աջակցության տրամադրում օրգանական գյուղատնտեսության զարգացման հարցում, ինչպես նաև համագործակցության ընդլայնում Լիտվայի և Հայաստանի խորհրդատվական ծառայությունների միջև:
Վերը նշված գործողությունների իրականացման ընթացքում գործողությունների
պլանն ավելի արդյունավետ իրականացնելու նպատակով կկազմակերպվեն հայ և
լիտվացի մասնագետների փոխայցելություններ:
Հանդիպման ավարտին ՀՀ գյուղատնտեսության նախարարը խնդրել է պատվիրակության ղեկավարին իր լիտվացի գործընկերոջը փոխանցել Հայաստան այցելելու հրավերը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին