Լրահոս
Օրվա լրահոսը

Կառավարությունը կաջակցի Արմավիրի մարզում ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի վերացմանը և մի շարք այլ հիմնախնդիրների լուծմանը

Հունիս 09,2016 13:41

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Արմավիրի մարզում մայիսի 23-ին տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի պատճառած վնասի հետևանքի վերացման և մարզում մի շարք հիմնախնդիրների լուծման համար գործադիրն ընդունել է համապատասխան որոշում. ընդհանուր առմամբ 51մլն դրամ կհատկացվի Արմավիրի մարզպետարանին:

Հովիկ Աբրաահամյանի Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետին են ներկայացվել մայիսի 23-ին մարզում տեղի ունեցած կարկտահարության և ուժեղ քամու հետևանքով մարզի Արգինա, Տանձուտ, Արևիկ, Եղեգնուտ և Արտաշար համայնքներին պատճառված վնասները: Հետագայում կարկուտի հասցրած վնասներից խուսափելու համար անհրաժեշտ է վերոնշյալ համայնքների համար ձեռք բերել և տեղադրել թվով 12 հակակարկտային կայաններ: Գումար կհատկացվի մարզի Փարաքար և Դողս համայնքների դպրոցների տանիքների վերանորոգման, ինչպես նար մարզի Տանձուտ համայնքի մանկապարտեզի վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռք բերման համար: Ինչպես նշել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, մանկապարտեզի վերանորոգումը կիրականացվի հաջորդ տարի, բյուջեի միջոցներով: Նախարարը տեղեկացրել է նաև, որ ՀՀ վարչապետի հանձնարարությամբ նման ծրագիր, Տարածքային զարգացման հիմնադրամի միջոցներով, կիրականացվի նաև հարևան գյուղում: Ըստ նրա՝ այն կապահովի շուրջ 185 երեխայի նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունը: Գումար կհատկացվի նաև Արտաշար համայնքին МТЗ-82 մակնիշի գյուղատնտեսական տրակտորի ձեռք բերման համար. համայնքը չուներ ժամանակակից գյուղտեխնիկա: Մյուս հիմնախնդիրը վերաբերում է Արմավիր քաղաքի պահածոների գործարանի նախկին վարչական շենքի (վերակառուցվել է բնակելի շենքի) բնակելի տարածքների նվիրատվության աշխատանքներին. առ այսօր թվով 36 ընտանիքներ չեն դիմել իրենց զբաղեցրած բնակարանների համար համապատասխան պայմանագրեր կնքելու և պետական գրանցում իրականացնելու համար, քանի որ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում և չունեն համապատասխան ֆինանսական միջոցներ՝ պայմանագրերի նոտարական վավերացման և պետական գրանցման պետական տուրքի վճարումներն իրականացնելու: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մարզպետարանը ևս չունի համապատասխան ֆինանսական միջոցներ գործընթացն ավարտելու համար՝ գումար կհատկացվի նաև այդ նպատակով:

Կրճատված ծառայողական ավտոմեքենաները կօտարվեն

ՀՀ վարչապետի հանձնարարությամբ ՀՀ կառավարության աշխատակազմը նախատեսում է կրճատել իր ծառայողական ավտոմեքենաների քանակը և դրանք օտարել: Ըստ այդմ՝ դադարում է այդ օտարվող ավտոմեքենաների համար նախատեսված ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի գնման պահանջը: Հաշվի առնելով վերոգրյալը՝ գործադիրը որոշում է կայացրել ՀՀ կառավարության աշխատակազմին ամրացված 15 միավոր տրանսպորտային միջոցները և 3 միավոր սարքերը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով, ինչպես նաև ավտոպահեստամասերի և այլ տրանսպորտային նյութերի ձեռքբերման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմի կազմակերպած գնման ընթացակարգերն այդ ավտոմեքենաների համար նախատեսված չափաբաժինների մասով թույլատրվել է հայտարարել չկայացած:

ՀՀ վարչապետի՝ ծառայողական ավտոմեքենաների կրճատմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու հանձնարարականի կատարման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարության մեկ այլ որոշմամբ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին ամրացված` 26 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվում և ամրացվում ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով:
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմին ամրացված 24 միավոր տրանսպորտային միջոցը հետ է վերցվել և ամրացվել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը՝ հետագայում օտարելու նպատակով: Գործադիրի ղեկավարը նախարարներին ու գերատեսչությունների ղեկավարներին հանձնարարել է 10 օրվա ընթացքում ավարտին հասցնել ծառայողական ավտոմեքենաների կրճատման գործընթացը:

Գործադիրի որոշմամբ Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի, Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի, Նարկոլոգիական հանրապետական կենտրոնի, ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի սեփականություն հանդիսացող չորս ավտոմեքենաները որպես նվիրատվություն կտրամադրվեն ՀՀ առողջապահության նախարարությանը՝ ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացման համար: Միաժամանակ առաջարկվում է նաև Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակին ամրացված ավտոմեքենան հետ վերցնել և ամրացնել ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմին: Անդրադառնալով հարցին՝ վարչապետը նշել է, որ սա այն բազմաթիվ դեպքերից է, երբ ՊՈԱԿ-ների վրա ձևակերպված մեքենաներն օգտագործել են գերատեսչությունները, նախարարությունները և նման դեպքերը պետք է բացառվեն:

Տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար

Կառավարությունը հաստատել է Ստանդարտների մշակման ծառայությունների 2016թ. ծրագիրը և ստանդարտացման 2016թ. աշխատանքների ցանկը: Ծրագրի հիմնական նպատակն է ՀՀ-ում գիտատեխնիկական և արդյունաբերության ոլորտների տեխնոլոգիական բազայի ինովացիոն զարգացման համար ստեղծել միջազգային և եվրոպական ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ, ինչպես նաև ապահովել ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը: Ծրագրի իրականացումը կապահովի իրատեսական նախադրյալներ` համաշխարհային շուկայի հետ ՀՀ տնտեսության ինտեգրման: Ծրագրի հիմնական խնդիրն է` համապատասխանեցնել գործող ազգային ստանդարտների ֆոնդը ՀՀ տնտեսության գերակայող ճյուղերի արդի պահանջներին:

Ծրագրի իրականացման ժամանակ կստեղծվեն բարենպաստ պայմաններ դեպի միջազգային և տարածաշրջանային շուկաներ (այդ թվում ԵԱՏՄ տարածք) ՀՀ կազմակերպությունների ապրանքների (աշխատանքների, ծառայությունների) ազատ մուտքի համար, ինչպես նաև համաշխարհային շուկայում տեխնիկական կանոնակարգերի և ազգային ստանդարտների պահանջներին արտադրանքի համապատասխանության հավաստման (գնահատման) արդյունքների ճանաչման համար, որը կնվազեցնի տեխնիկական խոչընդոտները միջազգային առևտրում: Ծրագրի իրականացման արդյունքում տնտեսության ճյուղերում կստեղծվեն բարենպաստ պայմաններ որակի և մրցունակության բարձրացման համար, ինչպես նաև կապահովի ԵԱՏՄ-ի տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովումը: Կընդլայնվի ՀՀ համագործակցությունը միջազգային և տարածաշրջանային ստանդարտացման մարմինների հետ:

Գործադիրի որոշմամբ «Ջիգոս ջելրի» ընկերությանը «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու տարածքում ոսկերչության ոլորտում գործունեություն իրականացնելու համար տրամադրվել է շահագործողի թույլտվություն՝ 9 տարով: Ընկերությունը մտադիր է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտում 9 տարվա ընթացքում ներդրումների ծավալը հասցնել 20 076 059 ԱՄՆ դոլարի: Մոտակա 7 տարիների ընթացքում ընդհանուր աշխատատեղերի թիվը կհասցվի մինչև 50-ի՝ 250-500 ԱՄՆ դոլար միջին աշխատավարձով: Ընկերությունը նախատեսում է արտահանման տարեկան ծավալը հասցնել շուրջ 3,7 մլն ԱՄՆ դոլարի:
Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու նպատակով կերկարաձգվի ստուգումների իրականացման արգելքի ժամկետը

Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ 01.07.2016թ. փոխարեն սահմանելով մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն:

Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշմամբ սահմանված է, որ 01.08.2015թ. մինչև 01.07.2016թ. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված պետական մարմինների կողմից ստուգումները կարող են իրականացվել միայն` պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, 100% պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:
Կբարեկարգվեն Երևան քաղաքի և Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ճանապարհները

ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների բարեկարգման աշխատանքների լիարժեք իրականացման համար կառավարությունը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: Հիմնավորման համաձայն՝ գոյություն ունեցող ճանապարհի ճանապարհային ծածկը իրականացված է ավազակոպճային բնահողից և գտնվում է ոչ բավարար վիճակում: Հողային պաստառի լայնական թերությունները չեն համապատասխանում նորմերի պահանջներին, որի հետևանքով անձրևաջրերը մնում են ճանապարհային պատվածքի վրա: Անհրաժեշտ է ավազակոպճային խառնուրդով նորոգել Վարդահովիտ համայնքի ներհամայնքային ճանապարհների երթևեկելի մասը, վերականգնել կողային առուները, տեղադրել մետաղական նոր խողովակներ` ջրահեռացումն ապահովելու համար: Նախատեսվում է իրականացնել հողային պաստառի ուղղում և հարթեցում, ավազակոպճային մանգաղաձև ծածկի իրականացում, ջրահեռացման համակարգի վերականգնում:

Գործադիրը որոշել է համաձայնություն տալ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից ստացված միջոցներից գումար ուղղել Երևան քաղաքի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող ճանապարհի լայնացման և բարեկարգման աշխատանքների իրականացման ծրագրին: Որոշման ընդունումը պայմանավորված է Դավթաշենի 2-րդ թաղամասի վերին հատվածից դեպի Եղվարդի խճուղի և Տ. Պետրոսյան փողոց տանող տարածքը գործուն ճանապարհային հանգույց դարձնելու խիստ անհրաժեշտությամբ՝ այն համապատասխանեցնելով ժամանակի պահանջներին և չափորոշիչներին։ Ամբողջական կկարգավորվի Տ. Պետրոսյան փողոցի վերջնամասից դեպի Դավթաշենի 2-րդ թաղամաս տանող գործուն ճանապարհային հանգույցը՝ միաժամանակ ունենալով արտաքին մակերևութային ջրահեռացման ծածկույթով ասֆալտապատ ճանապարհային հատված:

Զինվորական հոսպիտալներում կապահովվի հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը

Կառավարությունն ընդունել է մի շարք որոշումներ՝ ՀՀ պաշտպանության նախարարության գործող հոսպիտալի (զորամասի) բազայի հիման վրա «Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ», «Երևանի կայազորային հոսպիտալ», «Զանգեզուրի կայազորային հոսպիտալ», «Գեղարքունիքի կայազորային հոսպիտալ» և «Լոռու կայազորային հոսպիտալ» պետական հիմնարկներ ստեղծելու մասին: Զինվորական հոսպիտալների միջոցով հնարավոր կլինի ապահովել զինծառայողների բժշկական օգնությունը և սպասարկումը, հիվանդանոցային արդյունավետ բուժման համար անհրաժեշտ միջոցների ամբողջ ծավալը՝ հիվանդին հիվանդասենյակով ապահովումը, մասնագիտացված կոնսուլտացիաները, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների անցկացումը, վիրահատությունները, վիրահատական և ֆիքսող միջոցները, բուժական միջամտությունները, անհրաժեշտ դեղերով ապահովումը, թթվածնի և այլ գազերի օգտագործումը, ֆիզիոթերապիան, բուժական մարմնամարզությունը, հիվանդի խնամքի ապահովումը միջին և կրտսեր բուժանձնակազմի կողմից, այլ անհրաժեշտ բժշկական, հարբժշկական ծառայությունները, ինչպես նաև հիվանդների սննդով պարտադիր ապահովումը:

Գործադիրի մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ՊՆ գործող պոլիկլինիկայի (զորամասի) բազայի վրա կստեղծվի «Կենտրոնական պոլիկլինիկա» պետական հիմնարկ: Պոլիկլինիկայի ստեղծումը կնպաստի զինված ուժերում ընդհանուր հիվանդացության անկմանը, հիվանդությունների կանխարգելմանը և բուժման արդյունավետության բարձրացմանը, հիվանդությունների հնարավոր բարդությունների նվազագույնի հասցնելուն, զիծառայողների շրջանում հիգիենիկ մշակույթի և առողջ ապրելակերպի ձևավորմանը և այլն:

ՀՀ զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելման ապահովման, զինված ուժերում վարակիչ և ոչ վարակիչ զանգվածային հիվանդությունների, թունավորումների կանխարգելման նպատակով հիգիենիկ և հակահամաճարակային համալիր միջոցառումների իրականացնելու համար կառավարությունն ընդունել է ՀՀ ՊՆ գործող ծառայության (զորամասի) բազայի վրա «Հիգիենիկ հակահամաճարակային ծառայություն» պետական հիմնարկ ստեղծելու մասին որոշում:
Միջազգային համագործակցություն

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2016թ. փետրվարի 23-ին ստորագրված «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրին: Ըստ հիմնավորման՝ 55 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ ծրագրի նպատակն է բարելավել ենթակառուցվածքային ծառայությունները և ինստիտուցիոնալ կարողությունները` Հայաստանի տարածքում ընտրված շրջաններում տեղական տնտեսությանը վերջինիս աջակցության բարելավման նպատակով:

Ծրագիրը բաղկացած է հետևյալ մասերից և բաղադրիչներից՝ ժառանգության հանգույցի վերականգնում և զբոսաշրջային երթուղու մշակում, որի ներքո նախատեսվում է Գորիսի և Մեղրու հին քաղաքներում և ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթևի և Տանձաթափի գյուղերում քաղաքային վերականգնողական միջոցառումների համար ծրագրին մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով` ներառյալ, սակայն չսահմանափակվելով հանրային ենթակառուցվածքի, շենքերի ճակատային հատվածների և տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, մոտեցնող ճանապարհների, ջրի/կոյուղու և փողոցային լուսավորության վերականգնումը, Գառնու տաճարի և կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի և քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի և Սանահինի մշակութային ժառանգության պահպանության և տեղական կառավարման միջոցառումների բարելավման նպատակով ծրագրի մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով:
Կառավարության հավանությանն է արժանացել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2016թ. ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագիրը:

Հիմնավորման համաձայն՝ 5.5 մլն եվրո արժողությամբ ծրագրի նպատակն է աջակցել ՀՀ-ին` բարելավելու կոշտ թափոնների կառավարումը Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում: Ծրագրի ներդրումային բաղադրիչների մեջ, մասնավորապես, ներառված են` թափոնների հավաքման բեռնատարները, թափոնների համար կոնտեյներները/արկղները, թափոնների հավաքման նոր կետերը, նոր աղբավայրի կառուցումը (ներառյալ շինություններն ու կառույցները), աղբավայրի աշխատանքների համար մասնագիտացված սարքավորումները, փոխանցման կայանների շինարարությունը: Վերոնշյալ վարկային միջոցներից 3.5 մլն եվրոն նախատեսված է Կոտայքի մարզի և 2 մլն եվրոն` Գեղարքունիքի մարզի համար: Վարկային միջոցները կտրամադրվեն, համապատասխանաբար, երկու մասնաբաժիններով:

Գործադիրը հավանություն է տվել նաև 2016թ. ապրիլի 15-ին ստորագրված Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Սահմանային անցակետեր և ենթակառուցվածք (Հայաստանի Հանրապետություն. Բագրատաշենի, Բավրայի և Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը: Փոփոխության համաձայն` ԵՆԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով կտրամադրի լրացուցիչ վարկային միջոցներ` 534 000 եվրո գումարի չափով:
Այլ որոշումներ

Կառավարությունն առաջարկել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին հունիսի 13-ին ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նստաշրջան:
«Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածով սահմանված՝ հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների՝ վճարված եկամտային հարկից վերադարձվող մասը բյուջետային եկամուտների և ծախսերի տեսանկյունից դասակարգելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարավությունն ընդունել է համապատասխան որոշում: Հիմնավորման համաձայն՝ օրենքով սահմանված կարգով վճարված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով վճարված) եկամտային հարկը վերադարձվում է ՀՀ տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ ՀՀ տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի, անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի կողմից ՀՀ ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից 2014թ. նոյեմբերի 1-ից հետո ստացված և փաստացի բնակարանի ձեռք բերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով: Խնդիրը այն է, որ անհրաժեշտ է եկամտային հարկի վերադարձվող գումարները դասակարգել, համապատասխանաբար, բյուջետային եկամուտների և ծախսերի տեսանկյունից:

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ ընդլայնելով բնակչության պետական ռեգիստրի (ԲՊՌ) տեղեկատվական համակարգից տրամադրվող տվյալների ցանկը: Առաջարկվում է հստակեցնել ԲՊՌ-ի տեղեկատվական համակարգից ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը տրամադրվող՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալների ցանկը: Միաժամանակ, առաջարկվում է սահմանել, որ նախարարությանն են տրամադրվում նաև յուրաքանչյուր անգամ բնակության վայրի հասցեով հաշվառվելու և հաշվառումից դուրս գալու օրը, ամիսը, տարեթիվը, ՀՀ քաղաքացու անձնագիրը ՀՀ քաղաքացիությունը դադարեցնելու պատճառով անվավեր ճանաչվելու դեպքում՝ քաղաքացիությունը դադարեցնելու օրը, ամիսը, տարեթիվը, իսկ ՀՀ քաղաքացու անձնագիրը մահվան պատճառով անվավեր ճանաչվելու դեպքում՝ մահվան օրը, ամիսը, տարեթիվը:

ՀՀ Գեղարքունիքի մարզում գործող միակ բարձրագույն ուսումնական հաստատության՝ Գավառի պետական համալսարանի իրավական կարգավիճակի փոփոխության՝ պետական ոչ առևտրային կազմակերպությունից հիմնադրամի, նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Վերակազմակերպելու արդյունքում հիմնադրամը հնարավորություն կունենա ավելի ազատ և արդյունավետ օգտագործել իր գույքը, ներգրավել արտաքին ներդրողների՝ ի նպաստ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրերի արդյունավետ իրականացման: Կավելանան հիմնադրամի կողմից պետական բյուջե փոխանցվող հարկերը:

Կառավարությունը հաստատել է Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքային բնակավայրի վարչական տարածքում ինքնակամ կառուցված ոչ բնակելի տարածքների կառուցապատողներին անհատական ծանուցման կարգը:

 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ

ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930