Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաք օրերն առջեւում են. հունիսի 13-ից ջերմաստիճանը կբարձրանա (Տեսանյութ)

Հունիս 09,2016 13:25

Ամռանը միջին ամսական ջերմաստիճանը եւ տեղումների քանակը կլինեն նորմայի սահմաններում` տեղ-տեղ բացասական շեղումներով: Այս մասին այսօր` հունիսի 9-ին, «Հայացք» մամուլի ակումբում հայտնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:

«Դժգոհում ենք, որ ամառը չի սկսվել, բայց հիշենք, որ մինչեւ հունիսի 6-ը միջին ջերմաստիճանը նորմայից բարձր էր Արարատյան դաշտում եւ շրջաններում: Միայն երեկ եւ այսօր ջերմաստիճանը նորմայից ցածր է 3-2 աստիճանով: Առաջիկա օրերին սպասվում է ջերմաստիճանի աստիճանաբար բարձրացում` մինչեւ 33 աստիճան»,- տեղեկացրեց Զարուհի Պետրոսյանը:

Ամենատաք ամիսներին` հուլիսին եւ օգոստոսին ջերմաստիճանը մոտ կլինի նորմային` դրական շեղումներով: Միջին ամսական ջերմաստիճանը կլինի 26-27 աստիճան, իսկ երբեւէ գրանցված առավելագույն ջերմաստիճանը 42,2 է (Արարատյան դաշտում): «Այնպես որ, չհուսահատվեք, տաք օրերն առջեւում են: Շուտով հնարավոր է դժգոհենք, որ ջերմաստիճանը շատ բարձր է»,- ասաց տիկին Պետրոսյանը:

Նա ներկայացրեց առաջիկա հինգ օրերի եղանակային կանխատեսումները. «Այսօր, ամսի 10-11-ին շրջանների մեծ մասում տեղումները կպահպանվեն, հյուսիսային կեսում առանձին հատվածներում հնարավոր են առատ տեղումներ, իսկ ամսի 12-ին տեղումները կպահպանվեն Վայոց Ձորում եւ Սյունիքում: Արարատյան դաշտի հյուսիսում ամպամածության ավելացում է սպասվում, սակայն տեղումների հավանականությունը փոքր է: Արդեն 13-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ եւ ջերմաստիճանի բարձրացում: Ամսի 14-ին Արարատյան դաշտում եւ Սյունիքի հովիտներում առավելագույն ջերմաստիճանը կհասնի 33 աստիճանի: Այնպես որ, երկու օր էլ դիմանանք անձրեւներին, հետո հնարավոր է` կարոտենք դրանց: Բայց դա չի նշանակում, որ հետագայում տեղումները բացառված են»:

Զարուհի Պետրոսյանի խոսքով` հունիսին տեղումների քանակի ազդեցությունը բարերար է` մշակաբույսերի աճի եւ զարգացման տեսանկյունից. «Առանձին վայրերում տեղումները կարող են խոչընդոտել գյուղատնտեսական աշխատանքներին` սրսկում, մշակում, պարարտացում»:

Ինչ վերաբերում է հնարավոր կարկտահարություններին, բանախոսը նշեց, որ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայությունն ամեն օր տեղեկացնում է հնարավոր կարկտահարության մասին. «Վերջին կարկուտն այս իմաստով կանխատեսվել էր: «Առաջիկայում սպասվում է կարկտի մեծ ալիք» ձեւակերպմամբ կանխատեսում չկա, սակայն այսօր եւ առաջիկա երկու օրերին տեղումները կպահպանվեն, երեկոյան ժամերին` ներզանգվածային երեւույթների բնույթի, ուստի առանձին հատվածներում կարկուտ կանխատեսվում է»:

Սեւանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բարձր է 12 սմ-ով. «Ջրամբարների վիճակը նույնպես բարվոք է: Մայիսին տեղումների քանակը բարձր էր, այժմ էլ դեռ բարձր է: Առաջիկայում առատ տեղումներով պայմանավորված ջրածածկումներ եւ սելավներ են հնարավոր: Անձրեւներով պայմանավորված` գետերում ջրի մակարդակի բարձրացում կլինի: Այս պահի դրությամբ նման կանխատեսում չկա, եթե լինի, կտեղեկացնենք»,-հայտնեց Զարուհի Պետրոսյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930