Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին ոչ միայն օրակարգ չի թելադրում, այլ ընդհանրապես ասպարեզում չկա. «168 ժամ»

Հունիս 09,2016 12:18

Վարչապետը 4 շաբաթ առաջ հայտարարեց մենաշնորհների, կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի դեմ պայքար։ Իհարկե, ոչ բոլորն են հավատում այդ պայքարի հաջողությանը, թերահավատությամբ են մոտենում հայտարարությանն ու դրան հաջորդած քայլերին։

Սակայն եկեք այստեղ էլ ֆիքսենք հետևյալ փաստը՝ կառավարությունը դա արեց սեփական նախաձեռնությամբ, առանց ընդդիմության ճնշումների։ Ճիշտ է, այստեղ դեր խաղաց ապրիլյան պատերազմը, որը մեր բոլոր խնդիրները հանեց ջրի երես և ակնհայտ դարձրեց դրանց լուծման հրատապությունը։ Բայց կրկին շեշտենք՝ խորհրդարանական ընդդիմությունն այստեղ դեր չուներ։

Դեր չուներ նաև այն ժամանակ, երբ կառավարությունը հետաձգեց կուտակային կենսաթոշակային համակարգի պարտադիր բաղադրիչի ներդրումը։

Մի խոսքով, այնպիսի տպավորություն է, որ իշխանությունը պայքար է սկսել ինքն իր հետ՝ իր ներսում։ Շատերն ասում են՝ առջևում ընտրություններ են, պատճառը դա է։ Սակայն անհասկանալի է՝ ընդդիմությունն այդ ընտրություններին չի՞ պատրաստվում։

Խորհրդարանական ընդդիմությունն այս պահին (հատկապես՝ տնտեսական հարցերով) ոչ միայն օրակարգ չի թելադրում, այլ ընդհանրապես ասպարեզում չկա։ Խնդրահարույց օրենքների, որոշումների ու ձեռնարկված քայլերի արդյունավետության հարցով ակտիվ են հիմնականում քաղաքացիական հասարակության կազմակերպություններն ու արտախորհրդարանական որոշ ուժեր, որոնք այսօր մեծ կշիռ չունեն։

Ընդդիմության ներկայացուցիչները երբեմն-երբեմն, ստաժը չկորցնելու համար, ԱԺ կամ հանձնաժողովների նիստերի ժամանակ կառավարությանը փորձում են սուր հարցեր ուղղել, սակայն հարցերը, որպես կանոն, ոչ թե իրենք են վեր հանում, այլ պարզապես կրկնում են մամուլի հարցադրումները։ Իսկ սեփական նախաձեռնությամբ երբեմն տալիս են այնպիսի ոչ պրոֆեսիոնալ հարցեր, որ չեն տալիս անգամ սկսնակ լրագրողները։

Մի խոսքով, ՀՀ խորհրդարանական ընդդիմությունը կամ ընդհանրապես գլուխ չի հանում տնտեսական անցուդարձից (բացառությամբ որոշ անհատ պատգամավորների), կամ էլ պարզապես «զահլա չունի» խորանալ օրենսդրական հաստափոր թղթապանակների մեջ։

Ճիշտ է, մենք երբեք չենք ունեցել դասական «ստվերային» ընդդիմություն, որտեղ համապատասխան ոլորտի պատասխանատուներն իրոք կխեղճացնեին կառավարության անդամներին։ Բայց այս աստիճանի «գլխառադ անելու» պրակտիկա էլ վաղուց չի եղել։

Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930