Գերմանական հայտնի Bild պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել, որտեղ անդրադարձել է 2016թ. հունիսի 2-ին Գերմանիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևի ընդունումից հետո Թուրքիայի ձեռնարկելիք հնարավոր քայլերին։
Գերմանական լրատվամիջոցը մեջբերել է Թուրքիայի նախագահական նստավայրի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի խոսքերը. «Համապատասխան մարմինները, առաջին հերթին արտաքին գործերի նախարարությունը, գործողությունների ծրագիր են մշակում»։ Քալընն ասել է, որ այդ գործողությունները կգաղտնազերծվեն՝ Թուրքիայի նախագահի և վարչապետի հետ համաձայնեցնելուց հետո։
Հոդվածում նշվում է, որ Թուրքիան առնվազն 3 դատական հայց է պատրաստում Գերմանիայի այն 11 խորհրդարանականների դեմ, որոնք թուրքական արմատներ ունեն։ Այդ հայցերից երկուսը նախաձեռնել է Թուրքիայի ոստիկանների միությունը, իսկ երրորդը՝ Թուրքիայի փաստաբանների միությունը։ Այդ խորհրդականներին մեղադրանք կառաջադրվի թյուրքականությունը և Թուրքիայի Հանրապետությունը վիրավորելու և վարկաբեկելու համար։