Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Մուհամմադ Ալիի թաղման արարողությանը մասնակցելու նպատակով ԱՄՆ մեկնող Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում պատասխանել է լրագրողների հարցերին։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հաբերլեր» լրատվական գործակալությունը։
Լրագրողները Էրդողանին հարցրել են, թե ինչ քայլեր է ձեռնարկելու Թուրքիան ի պատասխան Գերմանիայի, որի խորհրդարանը 2016թ. հունիսի 2-ին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև ընդունեց։ Այդ հարցի վերաբերյալ Էրդողանն ասել է. «Այդպիսի քայլերը լուսաբանելով չեն արվում։ Թեման քննարկել ենք երեկ՝ անվտանգության խորհրդի նիստում։ Ամեն ինչից առաջ Գերմանիան պետք է հետ կանգնի այդ սխալ քայլից։ Եթե Գերմանիան հետ չկանգնի, մեր կատարելիք քայլերը շատ տարբեր կարող են լինել։ Սրան հաջորդած ժամանակահատվածը նման չի լինի սրան նախորդած ժամանակահատվածին»։