Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի, թե մեր տնտեսության մեջ օտարերկրյա ներդրումները նվազում են։ Չի լսել։ Չկա նման մտահոգություն։ Իսկ նվազել է՝ մեղմ, շա՜տ մեղմ ասած։ Այս տարվա առաջին եռամսյակում օտարերկրյա ներդրումները նվազել են 35 անգամ, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները՝ մոտ երկու անգամ։ Տնտեսական ակտիվության ցուցանիշի 6 տոկոս աճ ապահոված երկրում օտարերկրյա ներդրումների 35 անգամյա նվազումը մտահոգիչ չէ՞։
Այդ ինչպե՞ս է ստացվում, որ այդպես արագ ու դինամիկ զարգացող տնտեսությունը գրավիչ չէ օտարերկրյա ներդրողների համար։ Իսկ գուցե տնտեսությունը այդքան էլ արագ ու դինամիկ չի զարգանում, ինչպես արձանագրում են մեր պաշտոնական վիճակագիրները։ Գուցե ընդհանրապես չի զարգանում։ Իսկ գուցե գնալով ավելի՞ է ճահճանում։ Բա դա մտահոգվելու, կամ գոնե հրապարակայնորեն վերլուծելու հարց չէ՞, թե՞ այդպիսի հարց չկա։
Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ խոսի տնտեսության վարկավորման նվազման մասին։ Չի լսել։ Ընդհակառակը, ասում են, որ բանկերը մոտ երեք տոկոսով ավելի շատ վարկ են տրամադրել տնտեսվարողներին։ Իսկ իրականում խոսքը պարզ վերավարկավորման մասին է։ Այսինքն, տնտեսվարողը մի բանկից վերցրած վարկ ունի, մեկ այլ բանկ առաջարկում է նույնքան վարկ մի քիչ ավելի ցածր տոկոսով, ու տնտեսվարողը վերցնում է այդ վարկը՝ մարելով մյուս բանկին ունեցած վարկը։ Եվ ընդամենը։ Տարօրինակ է, որ նույնիսկ այս պայմաններում արձանագրվել է ընդամենը 3 տոկոս աճ։ Այս սխեմայով կարելի էր ապահովել վարկավորման 300 տոկոս աճ։
Ու ոչ մի պաշտոնյա նույնիսկ մտահոգության ակնարկ չի արել, որ Հայաստանում «չաշխատող վարկերի» մասնաբաժինը ընդհանուր վարկերի մեջ ընդամենը 9 ամսվա ընթացքում աճել է 1.6 անգամ՝ 8.5 տոկոսից հասնելով 13.6 տոկոսի։ Բա 6 տոկոսով աճող տնտեսության մեջ ինչպե՞ս կարող է 9 ամսվա ընթացքում մեռած վարկերի մասնաբաժինը ավելանալ 1.6 անգամ։
Կարդացեք նաև
Որեւէ մեկը լսե՞լ է, որ որեւէ պաշտոնյա հրապարակավ մտահոգություն հայտնի Հայաստանում գործազրկության մակարդակի վերաբերյալ։ Իսկ այն արդեն հասնում է 20 տոկոսի։ Սա ոչ թե վատ, այլ աղետալի ցուցանիշ է։ Դժվար է գտնել աշխարհում մի որեւէ երկիր, որտեղ արձանագրվի տնտեսական ակտիվության 6 տոկոս աճ, արդյունաբերության 10 տոկոս աճ, գյուղատնտեսության 4 տոկոս աճ, ծառայությունների 9 տոկոս աճ, բայց դրան զուգահեռ աճի նաեւ գործազրկությունը։ Ախր այդպես չի լինում։ Բա դա մտահոգվելու թեմա չէ՞։
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում