2016թ. հունիսի 9-ին Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրանում նախատեսվում է այդ երկրի, Ռուսաստանի Դաշնության և Սիրիայի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում է ռուսական «Կոմերսանտը»։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նախատեսված հանդիպման բուն պատճառը վերջին օրերին Սիրիայում իրավիճակի կտրուկ լարումն է։ Սպասվում է, որ ՌԴ ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրան կժամանի Աշխաբադից, որտեղ իր թուրքմեն գործընկերոջ Յայլըմ Բերդիևի և Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի հետ քննարկում էր երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությանը և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ համատեղ պայքարին առնչվող մի շարք հարցեր։
Հաղորդվում է նաև, որ 3 երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների քննարկման նյութ է դառնալու թուրք-սիրիական սահմանի վերահսկողության ուժեղացման հարցը։ Ռուսաստանի իշխանությունների տեղեկություններով հենց թուրք-սիրիական սահմանից են աջակցություն ստանում Սիրիայում գործունեություն ծավալող ահաբեկչական խմբավորումները։