Լրահոս
Օրվա լրահոսը

Մտածողության սահմանափակումները

Հունիս 09,2016 10:00

Երկու օր առաջ տեղի ունեցավ հայկական սմարթֆոնների շնորհանդեսը: Միջոցառումը համեստ էր կազմակերպված` ոչ ոք չէր ասում, որ դա ինչ-որ հեղափոխություն է IT ոլորտում: Բայց նպատակը` որ Հայաստանում հավաքված հեռախոսներն ու պլանշետները մրցունակ լինեն մեր եւ (ինչու չէ) այլ երկրների շուկաներում, պետք է միայն ողջունել եւ ավելին` ցանկալի է դրան նպաստել: Որովհետեւ դա շաքարի կամ բենզինի ներկրում չէ, ոչ էլ նույնիսկ` հանքարդյունաբերություն:

Դա գիտելիքի վրա հիմնված բիզնես է, որը, վստահ եմ, պատշաճ ուշադրության դեպքում կարող է հզորացնել մեր երկիրը:

Բայց տեսնենք, թե ինչպես է այդ իրադարձությանն արձագանքել մեր հասարակության մի մասը: Եթե դատենք «ֆեյսբուքյան փնթփնթանների» գնահատականներով, ապա կարելի է ասել, որ այդ մասը ծաղրում է, հեգնում է եւ փնովում մեր հայրենակիցների նախաձեռնությունը: Տրամաբանությունը մոտավորապես նույնն է, որով առաջնորդվում է Գիտությունների ակադեմիայի նախագահը` «էս քոսոտ երկրում հնարավոր չէ սմարթֆոն հավաքել»: Հետաքրքիր է. չնայած «հավերժ աբիժնիկները» խարազանում են նաեւ Ռադիկ Մարտիրոսյանին, սակայն նրանք բոլորը նույն կարծրատիպերի եւ նույն նախապաշարումների գերին են: Իրականում ես վստահ եմ, որ որեւէ մարդու կամ որեւէ երկրի միակ «սահմանափակումը» մեր գլխի, մեր մտածողության մեջ է, այլապես ամեն ինչ հնարավոր է:

Փաստարկը, համաձայն որի՝ «էս իշխանությունների օրոք» Հայաստանում ոչ մի լավ բան հնարավոր չէ, իհարկե, սպանիչ է: Պատկերացնում եմ՝ որքան բարդ է ապրել նման «քաղաքականացված» թույնը սրտում: Իհարկե, «էս իշխանությունները» մի բարի պտուղ չեն, ոչ էլ նախորդներն էին, ոչ էլ հաջորդներն են լինելու, բայց եթե Հայաստանում բոլոր երեւույթներին նայենք այդ տեսանկյունից, ապա վախենամ` մշտապես ապրելու ենք վերոհիշյալ սահմանափակող նախապաշարումների պայմաններում:

…Հայտարարությունների ժամին պատգամավոր Թեւան Պողոսյանը, հերքելով արտերկրում մեր որոշ հայրենակիցների կողմից շրջանառվող «ապոկալիպտիկ» լուրերը, հայտնել է բոլոր ցանկացողներին եւ տատանվողներին, որ Հայաստանը զբոսաշրջության համար միանգամայն հարմար երկիր է: Իմաստը, որքան հասկանում եմ, հետեւյալն է. 4-օրյա պատերազմի հետեւանքով որեւէ բան այդ առումով չի փոխվել, Հայաստանում եւ Արցախում աշխատում են բոլոր այն ենթակառուցվածքները, որոնք զբոսաշրջիկների համար աշխատում էին անցած տարիներին, եւ Տաթեւում կամ Գանձասարում մարտական գործողություններ չեն եղել եւ չեն լինի, իսկ Երեւանի բացօթյա սրճարանները երեկոյան նույնքան լիքն են, որքան անցած տարի:

Հայաստանից դուրս ապրող հայրենակիցների մի մասը դա չգիտի եւ հավատում է ապատեղեկատվությանը: Բայց մեծ մասը շատ լավ էլ գիտի, թե որն է իրական վիճակը, բայց ոչ մի դրական երեւույթի մասին չի ուզում լսել: Դարձյալ սահմանափակ մտածողություն:

 

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (12)

Պատասխանել

  1. samvel says:

    Դուք ճիշտ եք նկատել:Կան, թող ներվի ասածաս, որոշակի տգիտության հասնող մտածելակերպի մարդիկ, որ հայտարարում են՝ թե էդ ինչ են անում որ, չինաստանից բերում են մասերը, այստեղ հավաքում և անունը դնում հայկական: Բայց նրանցից շատերը չգիտեն, որ այստեղ նախագծվ ում, մշակվում են դրանք, ապա տեխնոլոգիապես դժվար արտադրվող այդ սարքամասերը առայժմ պատրատվում են արտասահմանում, բայց այստեղ դրանք հավաքվում են, թեստավորվում, ստուգվում, դիզայնի էլեմենտներով հագեցվում և այլն և այլն:Եվ ամենակարևորը՝ ստեղծվել է հարյուր քսանից ավել աշխատատեղ: Տո, որ այդքան հեշտ է, դուք անեիք այդ բոլորը մեծախոս անբաններ:

  2. Տիգրան says:

    Իհարկե պետք է ողջունել եւ ուրախանալ այն փաստով, որ Հայաստանում կարողանում են հեռախոս արտադրել: Բայց շատ տարօրինակ է, որ մինչեւ այժմ հայատառ չեն Բիլայնի, Վիվասելի, Յուքոմ դարձած Օրանժի հաղորդագրությունները: Անգամ Առավոտը, որ մեկնաբանություն գրողներին արգելում է գործածել ոչ հայատառ հայերեն, գրում է says: Անձամբ ինձ անտարբեր է պահում ազգայինի հետ իբր առնչություն ունեցող ցանկացած իրադարձություն այն պատճառով, որ դրանցում, եւ Հայաստանում ընդհանրապես, բացակայում է հենց ազգայինը:

  3. Նորիկ says:

    Այնքան չենք տեսել էսպիսի բան, որ հիմա զարմանում ենք, որ մեր մոտ՝Հայաստանում, կարելի ա սմարթֆոն արտադրելԵս չէի համարի սա սմարթֆոնների արտադրություն։Սա , պատրաստի դետալներից սմարթֆոնների հավաքում ա։Չնայած էտ ամենին, ցանկացած արտադրություն ողջունելի ա։Թող արտադրեն, թեկուզ ունիտազի կռիշկա, միայն թե, արտադրեն։

  4. Կարեն Ճշմարիտյան says:

    Ներողություն եմ խնդրում: Ի սկզբանե տեղյակ լինելով այդ ընկերության ծրագրերին` չեմ կարող լռել: Չէի արձագանքի, եթե իրոք` այդքան վիրավորական, տհաճ, անմիտ ու անհասկանալի չլինեին հայկական նոր արտադրանքի վերաբերյալ սակավաթիվ, բայց որոշ «ցնցող», կանխակալ բացասական, հոռետեսական կարծիքներն ու մեկնաբանությունները: Մի՞թե այդքան դժվար և բարդ է ընկալել, որ ցանկացած` կրկնում եմ ցանկացած գիտական ու տեխնոլոգիական արդյունքի ստեղծում, ցանկացած արտադրանքի արտադրություն, որևէ ծառայության մատուցում, առևտրի կազմակերպում, կամ ցանկացած այլ գործունեության կազմակերպում, առաջին հերթին` մարդկային ջանքերի և ահռելի աշխատանքի արդյունք է: Առնվազն բարոյական չէ աշխատանքի նկատմամբ այդպիսի վերաբերմունքի ցանկացած դրսևորումը: Հասկանալի և ցավալի է նաև այն, որ մի զանգվածի համար էլ ընդհանրապես տհաճ է Հայաստանին վերաբերվող որևէ դրական, կամ Հայաստանի կողմից որևէ ինքնուրույն դրական քայլի մասին տեղեկանալը: Այդ զանգվածին պետք է ասել. …վատ ե՞ք զգում, ծանր ե՞ք տանում` ուժ գտեք Ձեր մեջ, ջանքեր գործադրե’ք, գոնե` լուռ մնացեք, եթե իհարկե դուք Ձեզ Հայ եք համարում:

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2016/06/09/701944/

    © 1998 – 2016 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • էէհ says:

      Դու էն չինովնիկ Կ.Ճ-ն ե՞ս, թե՞ ընգծում ես անվանակից լինելդ: Ամեն դեպքում ընենց ես գրել, որ քիչ ա մնում մոդերատորները հանեն մեկնաբանությունս:

  5. eeh says:

    Ամեն ինչ լավ ա, բայց ազգային հեռախոսը ո՞րն ա։ Մարքեթինգի տեսակետից, էդ ինձ ասում ա, որ հայ լինելս գլխավոր պարամետրն ա՝ դա գնելու համար։ Իսկ ինձ լավ հեռախոս ա պետք։
    Ձրի խորհուրդ։ Տեխնիկական պարամետրերը հրապարակելիս, կողքն էլ այֆոնի ու սամսունգի տվյալները պետք է դրվի, որ հասկանանք ինչ լավ հեռախոս ա։ Կարճ ասած՝ անունը էդ հեռախոսի ամենաթույլ մասն ա, չմայած լավ ա հնչում։ Կավկազֆոն դնեինև որ վրացիք ու չեչեններն էլ առնեին։
    Մտահորիզոնը էստեղ հաստատ մի քիչ նեղին ա տալիս։
    Ես արտադրության մեջ ամեն ապազգայինի կողմն եմ։ Ազգային նշանակում ա հայերից ես փողն առնում մեծամասամբ։ Ոչ ազգային՝ ամբողջ աշխարհից։ Հետաքրքիր ա ինձ հետ համաձայն մարդ կա՞։

  6. Հ.Շ. says:

    Օտար երկիրներում ապրող – այժմու Հայաստանից չսեռած – հայերի հետաքրքրութիւնը, Հայաստանի նկատմամբ, օր ըստ օրէ նվազում է, այո, եւ հետեւաբար անոնք նվազ են այցելում – կամ շատերը, բնաւ ել չեն այցելելու- Հայատանն ու Արցախը: Բայց ոչ միայն, ոչ ել առաջնահերթօրէն, պատերազմի վերաբերող անվտանգութեան մտահոգութեամբ:

    Էական պատճառը՝ այդ ծայրագոյն եւ չափազանցեալ գանգատներն են, տեւական եւ բացարձակ հոռետեսութիւնը, մնայուն դառնութիւնը, մաղձն ու լալկանութիւնը, Մայր Հայրենիքի բնակչութեան, թերեւս ոչ մեծաթիւ, սակայն ապավոհաբար ամենաձայնաւոր եւ ամենաաղմկոտ հատուածին կողմէ:

    Տակաւին երկու շաբաթ առաջ, մի հայրենասէր – եւ ունեւոր – բարեկամ, որ տարիներէ ի վեր կանոնաւորապէս կ’այցելէր Հայաստանը եւ այդտեղ բարեսիրական հսկայական աշխատանքներ կը կատարէր, յանկարծակի կերպով մեկնեցաւ այնտեղից, ասելով թէ՝ «իւֆ… այլեւս այստեղէն ալ լաւ հոտ չ’ելլեր կոր…»:

    Խօսքը վերաբերում էր ոչ թէ արտաքին պատերազմին, այլ ներքին վիճակին:

    Հայաստանի բնակչութեան վերոյիշեալ հատուածը յաջողեցաւ այս անձն ալ զզվեցնել, անջատել Հայաստանից: Եւ դեռ նոյնանման հարիւրաւոր ուղղակի օրինակներ ունիմ:

    Եւ տակաւին այս խնդիրը անկարող է հասկանալ Հայաստանի բնակչութեան այդ խորտակիչ, ինքնախորտակիչ, ինքնասպան հատուածը – զորս, ի դէպ, իր անսպառ թոյնը սրսկում է ոչ միայն Հայսատանում, այլ նաեւ դուրսը, արտագաղթի ճամբով – :

    Ընդհակառակն, այս անձիքը, Սփիւռքի հայութեան հեռանալը Մայր Հայրենիքից վերագրում են, բացառապէս, իշխանութեան… Ըստ իրենց, քանի որ Պետութիւնը այս – իրենց կարծած – վիճակին է մատնում երկիրը, ուրեմն դուրսի հայերը այլեւս չեն սիրում Հայաստանը…

    Ասոր կ’ըսեն՝ self-fulfilling prophecy կամ assertion… Դու ինքդ կը ստեղծես այն վատ վիճակը որից գանգատում ես, յետոյ զայն ներկայացնելու համար որպէս քո գանգատի իրաւացի հիմունքը…

    Այս տեսակի հայաստանցիներն են հիմնական պատճառը, որ դուրսի հայերը հետզհետէ նուազ հետաքրքրված են Հայաստանով եւ Արցախով: Թէ որ այդտեղ այդքա՜ն վատ է, այդքան տխուր եւ յուսահատական է, լրիվ ու միշտ խաւար է, էհ, ինչո՞ւ ինքնզինք տանջել այդ նիւթով, երբ որ հեշտ այլընտրանքը կայ օտար, շատ աւելի հանգիստ «ինքնութեան»…

    Հայաստանը կրնայ քանդել միայն Հայաստանի ժողովուրդը: Իշխանութիւնը ամբողջովին երկրորդական տուեալ մըն է, այս նիւթին մէջ:

    Որովհետեւ այս տեւապէս, հիւանդագինօրէն դժգոհ հայերը այդպէս ալ պիտի մնան, ով որ ել լինի իշխանութեան գլուխը, ինչ որ ել լինի կացութիւնը: Ազգային դիմագիծ, արմատացած բնաւորութիւն է այդ լալկանութիւնը, տեւապէս եւ բացառապէս ողբալ, դժգոհիլ ու գանգատիլը: Ամէն բան տեւապէս անիծելը:

    Տարիներէ ի վեր այս խնդիրը մատնանշում եմ Հայաստանում եւ Արցախում ոեւէ մէկին որի հանդիպում եմ, սակայն նաեւ հանրային կարծիքի վրայ ազդեցութիւն ունեցող անձերու: Վտանգը անտեսուեցաւ: Այժմ գործված ավերի մի մասը անյեղաշրջելի է արդէն:

    Եթէ իրոք «դուք էք տէրը ձեր երկրին», մի քիչ աւելի պատասխանատու կերպով վարուեցէք անոր հանդէպ: (Ի դէպ, բաւական անիմաստ լոզունք է… Քաոսի փառաբանում… )

    Մ. Հայդուկ Շամլեան, Գանատա
    https://www.horizonweekly.ca/news/details/86461
    https://www.shoushisummercamp.org/

    ..

  7. էէհ says:

    Դե ոնց կարար Մ. Հայդուկ Շամլեանը Գանատայից չլիներ: Ինչպես միշտ՝ ավելի երկար ու բոցաշունչ՝ քան բուն նյութը:

    • Հ.Շ. says:

      Ներողութիւն, սակայն գրածս ուղղակի կը վերաբերի Խմբագրականի վերջին երկու պարբերութիւններին: Նաեւ բացայատ կապ ունի անոնց նախորդող պարբերութեան հետ:

      Մնացեալ բոլոր մեկնաբանողներն են որոնք որոշել են անտեսել յօդվածի այդ հիմնական բաժինները: (Ինչո՞ւ արդեօք…)

      Հապա «բուն նիւթը» Հայաստանում սմարթֆոնների ատրադրութի՞ւնն է…

  8. Լավատես says:

    Ես օրինակ համոզված եմ ու հավատում եմ մերոնց ստեղծագործ մտքին, պարզապես այդ միտքը հայտնվում է, երբ իրական ու լուրջ թշնամի ունես կողքիդ ու քո միակ հույսն ու ապավենը ու հաղթանակի գրավականը մենակ դու ես սեփական ազգիդ հետ միասին: Երբ այնքան ուժեղանանք, որ ոչ միայն մենք մեզ կարողանանք պաշտպանել, այլեւ մեզ հարազատ ազգերին, այն ժամանակ էլ գիտության ու ստեղծագործ մտքի այլ բնագավառներում մենք էլ կդառնանք նորաձեւություն ստեղծողներից մեկը: Դրա համար լավ կլիներ զուտ հայկական միջոցներով հայկական ստեղծագործական ծրագրերի իրագործում, ասենք՝ սրա https://www.kickstarter.com/about?ref=nav հայկական տարբերակը ստեղծենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930