Արդեն տեւական ժամանակ Հայաստանում գնաճը դուրս է եկել նպատակադրված միջակայքից։ Լինելով գների կայունության երաշխավորը՝ Կենտրոնական բանկը պարտավոր է այն խարսխել 2,5-5,5 տոկոսի շրջակայքում։ Սակայն դա առայժմ նրան չի հաջողվում։
Մինչդեռ գնաճի մակարդակի պահպանումն ինքնանպատակ չէ. ունի ինչպես սոցիալական, այնպես էլ տնտեսական կարեւոր նշանակություն։
Մինչ Կենտրոնական բանկը զգուշորեն թուլացնում է դրամավարկային քաղաքականության պայմանները՝ հույս ունենալով մի կողմից գնաճը վերադարձնել նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթ, մյուս կողմից՝ նպաստել տնտեսական գործընթացների ակտիվացմանը, գնանկումը գնալով խորանում է։
Դեռեւս անցած տարվանից, համաձայն պաշտոնական վիճակագրության, Հայաստանում ոչ միայն գնաճ չկա, այլեւ տեղի է ունենում գների անկում։
Կարդացեք նաև
Հասարակության եկամուտների կրճատման պայմաններում, զուտ սոցիալական առումով, գների նվազումն անշուշտ ողջունելի երեւույթ է, որը կասեցնում է աղքատության խորացումը եւ նպաստում հասարակության գնողունակության պահպանմանը։ Այլ կերպ ասած, հնարավորինս խթանում է սպառողների վճարունակ պահանջարկը։ Սակայն, մյուս կողմից, թողնում է բացասական տնտեսական հետեւանքներ։
Այս պայմաններում առավել քան կարեւորվում է հավասարակշռված դրամավարկային քաղաքականության իրականացումը, որպեսզի չտուժի թե՛ հասարակությունը, թե՛ տնտեսությունը։ Որքանո՞վ է դա հաջողվում Կենտրոնական բանկին՝ այլ հարց է։
Չնայած Կենտրոնական բանկի սպասումներին, որ գնաճը Հայաստանում աստիճանաբար կակտիվանա եւ կվերադառնա նախատեսված ցուցանիշների տիրույթ, այնուհանդերձ դա տեղի չի ունենում։ Մայիսին տասներկուամսյա գնաճը Հայաստանում կազմել է 97,9 տոկոս։ Այլ կերպ ասած, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արձանագրվել է 2,1 տոկոսանոց գնանկում։
Ապրիլին այն եղել է 1,9 տոկոս։ Դա նշանակում է, որ նախատեսված թիրախից գնաճի ցուցանիշների շեղումը գնալով մեծանում է։ Ընդ որում՝ այդ երեւույթը տեղի է ունեցել որոշ կարեւոր՝ ծխախոտ, ոգելից խմիչքներ, վառելիք ապրանքային շուկաներում մայիսից գործողության մեջ մտած ակցիզային հարկի բարձրացված դրույքաչափի պայմաններում, որի հետ կապված ԿԲ-ն որոշակի մտահոգություններ ուներ։
Գնանկում է գրանցվել նաեւ անցած տարվա դեկտեմբերի համեմատ։ Տարեսկզբի առաջին հինգ ամիսներին այն կազմել է 0,6 տոկոս։ Վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-մայիսին, 2015թ. նույն ժամանակահատվածի հարաբերությամբ 1,6 տոկոս գնանկում է եղել։
Սպառողական ապրանքների շուկայում գները մայիսին գրեթե 4 տոկոսով պակաս են եղել մեկ տարի առաջվա համեմատ։ Պարենային ապրանքների գնանկումը նույն ժամանակահատվածում հասնում է 4,5 տոկոսի։ Տասներկուամսյա հատվածում գների նվազում է գրանցվել նաեւ ոչ պարենային, այլ կերպ ասած՝ արդյունաբերական ապրանքների շուկայում։
Ն. ՍԱՐԳՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում