Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են կաշառակերությամբ զբաղվում»

Հունիս 09,2016 18:00

Կոռուպցիայի դեմ պայքարի Սերժ Սարգսյանի առաջարկած պատժամիջոցը, Տիգրան Սարգսյանի «լանցետն» ու Հովիկ Աբրահամյանի «մետրը»

«Կոռուպցիան այն չարիքն է, որի դեմ ավելի լավ է պայքարել, քան խոսել: Որովհետեւ ինչքան շատ ես խոսում, այնքան շատ սխալներ ես թույլ տալիս: Կոռուպցիայի նվազումը շոշափելի չէ, որովհետեւ շատ-շատերը մոռացել են դրա բաղկացուցիչ մասի` PR-ի մասին: Մոռացել են, որ կոռուպցիայի դեմ պայքար նշանակում է նաեւ պատժել: Այ, եթե մենք պարբերաբար լսենք` երկու ամիսը մեկ, երեք ամիսը մեկ կամ միգուցե ամեն շաբաթ, որ որեւէ պետական պաշտոնյա ձերբակալվի կամ պաշտոնատար անձ… այն ժամանակ, կարծում եմ, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- սա ոչ թե ընդդիմադիր քաղաքական գործչի խոսքից մեջբերում է, այլ ՀՀ նախագահ, այն ժամանակ դեռ վարչապետ Սերժ Սարգսյանի, որը 2007-ի ապրիլի 26-ին Կենտրոն համայնքի բնակիչների հետ հանդիպմանը խոսել էր կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Ավելին՝ Սերժ Սարգսյանն իր մասնավոր եւ խիստ ուշագրավ կարծիքն էր հայտնել այդ օրը. «Հայաստանում պրոբլեմը նա չէ, որ նախարարը կաշառակերությամբ է զբաղվում: Հայաստանում պրոբլեմը նա է, որ բոլորն են զբաղվում` փոքր չինովնիկները: Եվ ժողովուրդը ամեն օր շփվում է այդ մարդկանց հետ: Սա է կարեւորը» (https://www.azatutyun.mobi/a/1588024.html):

2008-ի հուլիսի 2-ին արդեն նոր վարչապետ Տիգրան Սարգսյանը նախաձեռնեց Հակակոռուպցիոն համաժողով ու այնքան գեղեցիկ բաներ ասաց կոռուպցիայի դեմ պայքարի մասին. «Կառավարությունը նպատակ է դրել ամենասեղմ ժամկետներում լուրջ փոփոխությունների հասնել կոռուպցիայի դեմ պայքարում: Հասկանալի է, որ մենք չենք կարող միանգամից հաղթահարել կոռուպցիան, սակայն կառավարությունը հասկանում է, որ արդյունավետ պայքարի համար հարկավոր է սկսել մեր իսկ շարքերից»:

2012-ի նոյեմբերի 1-ին՝ նախագահական ընտրություններին ընդառաջ, Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում ճիշտ Հովիկ Աբրահամյանի պես կոշտ ելույթ ունեցավ ու նոր խոստումներ տվեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Նա ասաց, որ զրուցել են Սերժ Սարգսյանի հետ երկրում կոռուպցիայի դեմ պայքարն ուժեղացնելու թեմայով ու որոշել դիմել վիրահատական մեթոդների. «Այն իրավիճակը, որը կոնկրետ կոռուպցիայի ոլորտում ստեղծվել է Հայաստանում, մեզ չի բավարարում: Հանրապետության նախագահը վճռական գործողություններ է պահանջում, այդ թվում` վիրահատական մեթոդների կիրառում, որպեսզի այստեղ կարողանանք այնպիսի փոփոխություններ կատարել, որոնք կլինեն շոշափելի եւ տեսանելի» (https://www.aravot.am/2012/11 /01/310343/): Ինչպես Հովիկ Աբրահամյանը հանձնարարաեց Դավիթ Հարությունյանին առաջարկություններ ընդունել քաղաքացիներից, ընդդիմադիրներից, քաղհասարակությունից, այնպես էլ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց իր կառավարության աշխատակազմի ղեկավարին՝ Դավիթ Սարգսյանին, որ ապահովի բոլորի մասնակցությունը կոռուպցիայի դեմ պայքարի հարցում:

2 օր անց՝ 2012-ի նոյեմբերի 3-ին, Տիգրան Սարգսյանը կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստում Էդուարդ Շարմազանովի, այն ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի, ՀՀ նախագահի նախկին օգնական, ներկայումս ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանի եւ ՕԵԿ, «Ժառանգություն», մի շարք կուսակցությունների անդամների ներկայությամբ մի չտեսնված քննարկում կազմակերպեց՝ հայտարարելով. «Մենք պետք է ինքներս բացահայտենք առկա կոռուպցիոն դրսեւորումները: Եթե իշխանությունն ինքը չի բացահայտում դրանք՝ հասարակությունը, որը գիտակցում է, որ այս երկրում կոռուպցիան լուրջ չարիք է, կորցնում է վստահությունը իշխանության նկատմամբ: Դրա համար այսօր որդեգրել ենք այդ քաղաքականությունը՝ ինքներս պետք է բացահայտենք կոռուպցիոն դրսեւորումները, որից հետո պետք է լինեն հստակ եւ հասարակության համար տեսանելի պատժամիջոցներ»:

Հիմա 2016-ի մայիսի 12-ին էլ Հովիկ Աբրահամյանն է խոսում (https://www.aravot.am/2016/05/12/690879/) նույն՝ ամենասեղմ ժամկետների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցում արագ շոշափելի արդյունքներ գրանցելու մասին՝ հայտարարելով, որ սոցիոլոգիական հարցումներ դեռ պետք է արվեն՝ կոռուպցիոն երեւույթները ըստ մարմինների չափելու համար, ու եթե տեսնեն, որ ցուցանիշները չեն փոխվում, կադրերի հարցում հետեւություններ կանեն:
Կարելի է կարծել, որ նախկին վարչապետ Սերժ Սարգսյանը շաբաթը մեկ մի կոռումպացված չինովնիկ ձերբակալեց ու ամեն ինչ իր տեղը գցեց, Տիգրան Սարգսյանը «լանցետը» ձեռքը վերցրեց ու «օպերացիա» արեց իր շարքերում, հիմա մեզ մնում էր միայն Հովիկ Աբրահամյանի մետրը՝ կոռուպցիայի երկարությունն ու խորությունը չափելու համար:
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930