Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը եւ նրա` «հզոր ազգի» վերածննդի գաղափարը մեծ ժողովրդականություն է վայելում Գերմանիայում

Հունիս 09,2016 17:30

Մյունխենի համալսարանի քաղաքագետ Ալեքսանդր Ստեփանյանը
«Առավոտի» հետ զրույցում մեկնաբանում է իրավիճակը Բունդեսթագում
Հայոց ցեղասպանություն ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունումից հետո:

– Պարոն Ստեփանյան, Գերմանիայի Բունդեսթագն օրերս պատմական որոշում կայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ իր պատասխանատվությունը` որպես Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրության դաշնակից տերություն: Անկասկած, սա, նախեւառաջ, Գերմանիային վերաբերող հարց է այն ժամանակվա իր սեփական պատմության հետ առերեսվելու առումով՝ չնայած այսօր Թուրքիայի կողմից առկա կոշտ դիմադրությանը: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ դա հիմա տեղի ունեցավ:

– Մի կողմից՝ այն, ինչ տեղի ունեցավ հիմա, գերմանացի խորհրդարանականների, մասնավորապես՝ «Կանաչների կուսակցության» կողմից դանդաղ, բայց հետեւողական աշխատանքի արդյունք էր հայկական հարցի ուսումնասիրության առնչությամբ: Որպես խթան ծառայեցին անցյալ տարվա միջոցառումները` կապված Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ, մասնավորապես նախագահ Գաուկի ելույթը, որում նա առաջին անգամ օգտագործեց «Völkermord» բառը` «ժողովրդի սպանություն»:

Մյուս կողմից՝ ես չեմ բացառում, որ ժամանակը եւ քվեարկության արդյունքն այնքան էլ պատահական չէին եւ կապված էին Բեռլինի ու Անկարայի միջեւ այսօրվա հարաբերությունների լարվածության տոնայնության հետ: Գերմանիայի լրագրողական համայնքը, քաղաքական վերնախավի նշանակալի հատվածը դժգոհ էին Էրդողանի տարօրինակ պահվածքից եւ նրա դեմարշների շարքից: Ինքը` Մերկելը, Բունդեսթագում քվեարկությանը չմասնակցեց, ինչպես նաեւ կանցլերի տեղակալն ու արտաքին գործերի նախարարը: Չէ՞ որ հենց նրանք են խոսում նախագահ Էրդողանի հետ: Ակնհայտ է, որ երկրի ղեկավարները վախենում են նրա արձագանքից եւ չէին ցանկանում ավելորդ անգամ իրենց «այո»-ով նրան բորբոքել: Բանաձեւին «ոչ» ասել նրանք նույնպես իրենց չէին կարող թույլ տալ:

– Թուրքական համայնքը Գերմանիայում ամենամեծն է: Մամուլը հաղորդեց գերմանացի օրենսդիրների դիրքորոշման դեմ բազմամարդ բողոքի ակցիաների մասին: Այնուամենայնիվ, Դուք, որպես Գերմանիայի բնակիչ, ինչպե՞ս եք գնահատում թուրքական համայնքի դիրքորոշումը, որքանո՞վ են գերմանաբնակներին դուրեկան բողոքի ձայն բարձրացնողները, կա՞ն այլընտրանքային դիրքորոշումներ: Եվ որքանո՞վ է բողոքի ակցիան «տեղական», թե՞ այդտեղ որոշակի դեր է խաղում «Անկարայի ձեռքը»:

– Իհարկե, այլընտրանքային դիրքորոշումներ կան, բավական է հիշատակել, որ բանաձեւի նախաձեռնողներից մեկը՝ «Կանաչների» ներկայացուցիչը, թուրքական ծագում ունի, իսկապես նա ծնվել ու մեծացել է Գերմանիայում: Բայց իմ տպավորությամբ՝ գերմանաբնակ թուրքերից շատերի եւ նույնիսկ մեծամասնության համար Էրդողանը եւ նրա` «հզոր ազգի» վերածննդի գաղափարը մեծ ժողովրդականություն է վայելում: Շատերը դիտում են թուրքական հեռուստաալիքներ` ավտոմատ կերպով ընկնելով պաշտոնական Անկարայի ազդեցության տակ: Նույն արդյունքն է, ինչ այստեղ բնակվող ռուսների դեպքում, որոնք ամեն օր սնվում են պուտինյան հեռուստատեսության հեքիաթներով:

– Անկարան բուռն կերպով արձագանքեց Բունդեսթագի կողմից փաստացի միաձայն ընդունված բանաձեւին, հետ կանչեց դեսպանին, սպառնաց «լուրջ հետեւանքներով»: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կանդրադառնա բանաձեւի ընդունումը Թուրքիայի հետ Գերմանիայի հարաբերությունների վրա այն բանից հետո, երբ զգացմունքների առաջին ալիքը թուլանա:

– Երեւի թե քչերն էին Անկարայից այլ արձագանք սպասում: Գերմանացիները պատրաստ էին նման զգացմունքայնության աստիճանի, բայց հավասարակշռություն են պահպանում: Երկու երկրների միջեւ փոխկապվածությունն այնքան մեծ է, որ հազիվ թե Էրդողանը երկար ժամանակ դժգոհություն արտահայտի: Պետք է խոստովանել նաեւ, որ գերմանական խորհրդարանի որոշումն առանց պատասխանի նա թողնել նույնպես չի կարող: Քաղաքականապես թույլի դերը նրան ձեռնտու չէ: Կարծում եմ՝ Թուրքիայում Ցեղասպանության հարցում մեծամասնության տրամադրություններն էլ ավելի ծայրաստիճան են, քան Էրդողանի դիրքորոշումը, եւ նա չի կարող արհամարհել նման բաները: Նա պարտավոր է դրանք հաշվի առնել եւ օգտագործել այն ի շահ իրեն:

– Շատերը Գերմանիայում, ինչպես եւ ԵՄ այլ երկրներում քննադատում են ԳԴՀ կանցլեր Անգել Մերկելին` փախստականների ճգնաժամի հարցում ունեցած դիրքորոշման համար, այդ հարցում Անկարային զիջելու համար: Ընդ որում, նշվում է, որ նման քաղաքականությունը Էրդողանին հնարավորություն ընձեռեց շանտաժի ենթարկել ոչ միայն Գերմանիան, այլեւ ողջ Եվրոպան: Ինչպե՞ս եք տեսնում իրադարձությունների հետագա զարգացումն այս ուղղությամբ` Բունդեսթագի բանաձեւի ընդունումից հետո: Գերմանիան ունի՞ իրական լծակներ, որպեսզի կանխի հնարավոր ապակառուցողական գործընթացները:

– Այո, քննադատում են եւ իրավացի են: Մերկելը եւ նրա Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունը հիմա կորցնում են ընտրողների աջակցությունը: Այն, որ Գերմանիայի կանցլերը փախստականների հարցով իր քաղաքականությամբ ինքն իրեն Էրդողանի պատանդը դարձրեց` կասկած չի հարուցում: Անկեղծ ասած, գործնականում Մերկելի բոլոր քայլերը 2015 թվականի աշնանից չեն տեղավորվում նրան հատուկ պրագմատիզմի շրջանակներում: Այժմ մենք գործ ունենք մի ուրիշ Մերկելի հետ: Մերկելը, որը դավաճանել է պահպանողական ընտրազանգվածի մեծ մասին: Մերկելը, որի դիրքորոշումը ճգնաժամի հանգեցրեց մեծ կոալիցիայում եւ երկվորյակ ուժի` Բավարիայում իշխող Քրիստոնեա-սոցիալական միության հակազդեցությանը:

Մերկելը, որը միգրացիոն ճգնաժամի սկզբում փաստացի նախ բացեց սահմանները՝ խորհրդանշական հզոր ազդանշաններ ուղարկելով պոտենցիալ փախստականներին, որոնց շարքում ոչ միայն եւ ոչ այնքան սիրիացի փախստականներ էին: Մերկելը, որը հետո գործեց միայնակ` ԵՄ-ի մակարդակով, որը արեւելաեվրոպական հարեւանների մոտ աճող չհասկացվածության հանգեցրեց: Շատերին Գերմանիայում, Ավստրիայում եւ նույնիսկ Ֆրանսիայում, էլ չասենք` Արեւելյան Եվրոպայում դա դուր չեկավ, եւ նրանք հստակ Մերկելին հասկացրեցին, որ մեծ թվով փախստականներ ընդունելու համար աջակցություն ցուցաբերելու հարցում նա հույսեր չփայփայի: Արդյունքում, փրկելով իր դրությունը` Բեռլինը շրջվեց դեպի Էրդողանը: Վերջին ամիսներին Էրդողանը միայն զբաղված է իր գերմանացի գործընկերոջը շանտաժի ենթարկելով: Մերկելը նույնիսկ թույլ տվեց, որպեսզի քրեական գործ հարուցվի գերմանացի երգիծաբանի նկատմամբ, որն իբր գերմանական հեռուստատեսության եթերում վիրավորել է թուրք նախագահի արժանապատվությունը:

Այս ամենը բացասաբար է անդրադառնում Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության հնարավորությունների վրա` 2017-ի խորհրդարանական ընտրություններում հաջողություններ ունենալու հարցում: Մեզ սպասում է քաղաքական սպեկտորում եզրերի ամրապնդում` ձախերից մինչեւ ծայրահեղ աջեր: Նրանք առավել ընդունակ կլինե՞ն բանակցել Էրդողանի հետ: Կասկածում եմ:

Մյուս կողմից՝ չեմ կարծում, թե Անկարայի զայրույթը այդ բանաձեւի ընդունումից հետո կհանգեցնի Բեռլինի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հենց փախստականների ճգնաժամի հարցով: Ամենայն հավանականությամբ, Անկարան կամրապնդի Գերմանիայի թուրքերի հետ աշխատանքը, կմեծացնի իր ազդեցությունը Գերմանիայում տեղի ընտրազանգվածի վրա` փորձելով այդ ձեւով իշխող կոալիցիային նյարդայնացնել:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930