Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես մեր գյուղի թշնամին չեմ, մեր գյուղի համար մտածող եւ վազող մարդ եմ»

Հունիս 09,2016 17:00

Տավուշի մարզի Դովեղ գյուղում Երեխաների պաշտպանության օրը փակվել է գյուղապետարանի ենթակայության տակ գտնվող նախակրթարանը: Այն ծառայում էր որպես մանկապարտեզ, որտեղ փոքրիկ երեխաները առավոտյան 9:30-14:00-ը խաղում էին, թեթեւ սնվում` թեյ, հաց ու պանիր, սովորում ոտանավորներ, երգեր եւ նախապատրաստվում դպրոց գնալուն:

Փոխարենը սեպտեմբերից գյուղի դպրոցում գործելու է նոր նախակրթարան, որտեղ էլ չի աշխատի մինչ այժմ գործող նախակրթարանի տնօրենը:

Արդեն փակված նախակրթարանի տնօրեն Էմիլյա Դուրինյանի խոսքով` համ տնօրեն է եղել, համ երեխաներին խնամող, երեխաներին պահել է խառը խմբով, նույնիսկ տակդիրով երեխա է պահել: 2004 թվականից ավագանու անդամ լինելով՝ տիկին Դուրինյանը պայքարել է, որ գյուղում փոքրիկները ունենան մի անկյուն, քանի որ գյուղի մանկապարտեզը պատերազմի հետեւանքով փակվել էր 1994 թվականին՝ շենքը տրվել է վաշտի ծառայությանը, եւ մինչեւ 2007 թվականը գյուղը չի ունեցել որեւէ մանկական հաստատություն:

01

«2007 թվականից 9 տարի է՝ աշխատում եմ, հույս ունենալով, որ ի վերջո մանկապարտեզ կբացվի, բայց ի պատասխան լսել եմ` բյուջե չկա, դոտացիան չի հերիքում, այդ պատճառով էլ չենք կարող մանկապարտեզ պահել: Ես նվիրված եմ գյուղի երեխաներին, իմ միակ նպատակն էր, որ այստեղ մանկապարտեզ բացվեր, բայց այսքան տարի աշխատեցի՝ սպասելով, որ մեկը կասի` դե լավ, բերեք մի հատ փոքրիկ մանկապարտեզ կառուցենք` թեկուզ 3 աշխատողով: Այդ ինչքա՞ն քիչ է դոտացիան, կառավարության միջոցները ինչքա՞ն սուղ են, որ սահմանամերձ գյուղում չի կարողանում մի հատ մանկապարտեզ բացել»,- ասաց Էմիլյա Դուրինյանը, որին հանդիպեցինք արդեն փակված նախակրթարանում: Նշենք, որ հունիսի 2-3-ը լրագրողների այցը Գեղարքունիքի եւ Տավուշի մարզեր կազմակերպել էր «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն»-ը:

Տիկին Դուրինյանը գյուղապետարանից ստացել է 40 հազար աշխատավարձ, որից իր կամքով 15 հազարը տվել է դաշնակահարին, որպեսզի երեխաների համար մշակութային մասն էլ ապահովված լինի: Նա ասաց, որ երբ բացեցին նախակրթարանը, ունեցել են 25 երեխա, հիմա արդեն 15-ն են: «Վերջին կրակոցներից 12 ընտանիք գյուղից դուրս են եկել, բայց երեխաներ էլ կան, որոնց ծնողները չեն բերում, քանի որ պայմանները այդքան էլ լավ չէին»,- ասաց Էմիլյա Դուրինյանը:

0

Թեպետ գյուղում կա մանկապարտեզի շենք, եւ մի անգամ էլ «Գրանդ հոլդինգ»-ի սեփականատեր Միքայել Վարդանյանը 2 միլիոն 700 հազար դրամ է տրամադրել վերանորոգելու համար, սակայն Էմիլյա Դուրինյանի խոսքով` որոշումը հետ է վերցրել, քանի որ կենտրոնը մանկապարտեզի անունով չի եղել: Այդտեղ տիկին Դուրինյանը FCN-ին ծրագրով խաղահրապարակ է սարքել:

«Առավոտ»-ի հետ հեռախոսազրույցում Դովեղի գյուղապետ Սամվել Գորգինյանը այն հարցին, թե ինչո՞ւ եք փակում մինչ այժմ գործող նախակրթարանը եւ նորը բացում, ասաց. «Այդ նախակրթարանը մինչեւ իմ գյուղապետ լինելն է եղել, մենք փորձել ենք դա պահպանել մինչեւ այսօր, եւ հիմա էլ կառավարության` նախակրթարանների մասին օրենքով մեր գյուղը ընդգրկվել է այդ ցանկի մեջ, աշխատանքների կատարման բոլոր պայմանագրերը կան, գյուղի դպրոցում համապատասխան տարածքը հատկացված է, կվերանորոգենք եւ համապատասխան գույքով կապահովենք ու սեպտեմբերի 1-ից լավագույն ձեւով երեխաներին կդիմավորենք»:
Գյուղապետը նշեց, որ պայմանավորվածություն ունեն, որ ոչ միայն նախակրթարանի տարիքի երեխաները, այլ նաեւ մանկապարտեզի տարիքի երեխաների խնդիրն են նաեւ լուծելու եւ, ըստ նրա, այնպես չի լինելու, որ Դովեղից մի երեխա ուզենա լինել այդ հաստատությունում եւ չլինի:

Մանկահասակ երեխաների ծնողները մտահոգություն են հայտնել, որ այս նոր նախակրթարանը հեռու է լինելու, եւ երեխաներին տանել-բերելը այդքան էլ հարմար չէ:

Այն հարցին` դպրոցը գյուղից դուրս է, եւ այդ տարիքի երեխաները ինչպե՞ս են հաճախելու, պարոն Գորգինյանը ասաց, որ տրանսպորտի հարցն էլ է լուծել` անվճար կտանեն, կբերեն նրանց. «Ոչ միայն այդ երեխաներին կբերեն, այլ նաեւ առաջին եւ երկրորդ դասարանցիները կօգտվեն այդ տրանսպորտից»:

Նշենք, որ մեր այցելության պահին գյուղապետարանից հայտնեցին, որ գյուղապետը տեղում չէ: Պարոն Գորգինյանը ափսոսանք հայտնեց, որ տեղում չի եղել. «Տանեի պայմանները ցույց տայի` տեսնեիք երկուսն էլ, որ ես մեր գյուղի թշնամին չեմ, ես մեր գյուղի համար մտածող եւ վազող մարդ եմ»:

Նրա խոսքով` էն ձեւի մարդիկ են դժգոհել նախակրթարանի լինել կամ չլինելուց, որ ո՛չ հիմա, ո՛չ էլ ապագա 10 տարում հաստատ երեխա չունեն ուղարկելու նախակրթարան:

Սամվել Գորգինյանը ասաց, որ Էմիլյա Դուրինյանին աշխատանքից ազատել է միայն այն պատճառով, որ նա թոշակառու է արդեն: Նա նաեւ բացառեց նրա հետ ունեցած անձնական խնդիրները. «Արդեն 8-րդ տարին է, որ գյուղապետ եմ, եւ հաստատ այդքան տարիներ չէի ձգի եւ մարդկանց հետ չէի աշխատի»:
Գյուղում խոսակցություններ էին պտտվում, որ այդ նոր նախակրթարանի տնօրենը լինելու է գյուղապետի կինը, որին ի պատասխան՝ պարոն Գորգինյանը ասաց. «Իմ կինը ունի բարձրագույն կրթություն եւ արդեն 24 տարի դպրոցում դասվար է աշխատում, եւ նա չի լինելու` դա բացառված է»:

Նրա խոսքերով՝ դեռ որոշված չէ, թե ով է լինելու նոր նախակրթարանի աշխատողը, նա, ըստ գյուղապետի, պետք է ընտրվի դպրոցի խորհրդի կողմից. «Նախակրթարանի աշխատողը պետք է ունենա որոշակի կրթական ցենզ եւ համապատասխանի այդ մասնագիտությանը»:

Սամվել Գորգինյանը նաեւ ասաց, որ ըստ նախակրթարանի պետական կառավարման համակարգի` 1 տարի վարձատրությունը իրականացնելու է գյուղապետարանը` 40 հազար դրամ, որից հետո գյուղապետարանը դպրոցի հետ պայմանագիր է կնքելու երկրորդ աշխատողի համար, որ փոքրահասակ երեխաների հետ զբաղվի, որի աշխատավարձը տրամադրելու է գյուղապետարանը:
ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930