Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչներին ասել են՝ Դալմայի այգիները պատմամշակութային հողեր են, բայց գերակա շահ են ճանաչել ու վաճառել

Հունիս 09,2016 16:30

Դալմայի այգիների հողօգտագործողները պահանջում են փոխհատուցում
Մենք՝ Դալմայի այգիների հողօգտագործողներս, 1990 թվականից Երեւանի Դալմայի այգիներից օրինակելի պայմանագրերով վարձակալել էինք հողակտորներ, մշակել բարեխղճորեն, վճարել պետական վարձերը։

Շուտով «Գյուղացիական եւ գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ 1990-91 թվականների ընթացքում Հայաստանում իրականացված հողային բարեփոխումների եւ սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում Հայաստանի ողջ տարածքում գտնվող կոլտնտեսությունների հողերը որպես սեփականություն տրվեցին այդ կոլտնտեսությունների անդամներին՝ բացառությամբ Երեւանի Դալմայի այգիներում գործող կոլտնտեսությունների հողերի, պատճառաբանելով, որ Դալմայի այգիները պատմական հուշարձան են եւ չեն կարող տրվել քաղաքացիներին ի սեփականություն։ Վերջին հանգամանքն, այնուամենայնիվ, չխանգարեց իշխանություններին հետագայում այդ նույն պատմամշակութային հուշարձանը մասնատել ու որպես իրենց անձնական սեփականություն բաժնեբաժան անել։ Ըստ այդ օրենքի 6-րդ հոդվածի՝ որպես սեփականություն, հող էր տրամադրվում նույնիսկ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն են հայտնում մշտական բնակություն հաստատել գյուղում եւ վարել գյուղացիական տնտեսություն:

13 տարի առաջ «գերակա շահի» անվան տակ պաշտոնյաները ծածուկ վերցրին Դալմայի այգիների՝ մեր կողմից տասնամյակներ շարունակ մշակված այգիները՝ առանց մեզ փոխհատուցում տրամադրելու։ Մեզ անգամ թույլ չտվեցին ձեռք բերել մեր մշակած հողակտորներն ու վտարեցին մեզ՝ դրա դիմաց չառաջարկելով ո՛չ հողակտոր, ո՛չ էլ գումար՝ որպես փոխհատուցում։ Այնինչ եթե քաղաքացուն իր հողի վրայից հանում են, պետք է նրան այլ վայրում տեղ հատկացնեն։

Երկար տարիներ դատարաններում, պետական համապատասխան կառույցներում պայքարից հետո մեր փոխհատուցման խնդիրը պետությունը դրեց մեր մշակած հողերի գնորդների վրա։ Եղան եզակի գնորդներ, որոնք սիմվոլիկ տարբեր գումարով՝ 1քմ-ի համար 1-10 դոլարի սահմաններում, փոխհատուցեցին այգեգործների մի մասին։ Մյուս մասը՝ շուրջ 2 տասնյակ հողօգտագործողներ, այդպես էլ փոխհատուցում չստացան, ո՛չ գնորդները, ո՛չ պետական պաշտոնյաները մինչ օրս որեւէ քայլ չեն անում այդ ուղղությամբ։ Փոխհատուցման կազմակերպման հարցը դրված է Երեւանի քաղաքապետարանի վրա, որտեղից էլ մեզ ասում են՝ հենց գնորդը հայտնվի, նրան շինարարության թույլտվություն չեն տա, քանի դեռ նա չի տվել փոխհատուցում։ Նրանք էլ չեն գալիս տարիներ շարունակ։

Մենք իրավամբ չենք հասկանում, թե ինչ կապ ունենք մենք գնորդի հետ, չէ՞ որ մեր հողերը վաճառել է քաղաքապետարանը. ով վաճառել է, նա էլ պետք է փոխհատուցի, ընդ որում՝ պետական սահմանված գնով, այլ ոչ թե գնորդի հայեցողությամբ։ Առավել եւս, որ շատ գնորդներ այդպես էլ հայտարարել են, որ իրենք փող են տվել նախկին քաղաքապետին եւ չեն պատրաստվում փոխհատուցել հողատիրոջը։
Հավելեմ, որ նաեւ կա դեպք, որ վերցված հողակտորի վրա արդեն իսկ կառուցել են շենք, բայց չեն փոխհատուցել հողօգտագործողին։ Վերցված հողակտորների մի մասի վրա էլ վաղուց արդեն ճանապարհներ են կառուցված, դրանց համար էլ չեն փոխհատուցել։ Այսինքն՝ այդ հողերի վրա արվել է մասնավոր շինարարություն, սակայն փոխհատուցում չեն տվել։

Այսպիսով ոտնահարվել են մեր՝ հողօգտագործողներիս բոլոր իրավունքները, եւ մենք սահմանապահի նման արդեն 13 տարի գիշեր-ցերեկ ամռան տոթին, ձմռան ցրտին, գարնան ու աշնան հորդառատ անձրեւներին կանգնած ենք պետական պաշտոնյաների դռների առջեւ՝ երկուշաբթի՝ քաղաքապետարանի, հինգշաբթի՝ կառավարության, իսկ ուրբաթ օրերին՝ ՀՀ նախագահի նստավայրի մոտ՝ «Դալմայի այգիներ» պաստառով՝ ընդամենը մեր հասանելիքը պահանջելով։ Սակայն մեզ չեն նկատում։

Մենք անգամ հարցի լուծման այլընտրանքային տարբերակներ ենք առաջարկել՝ փոխհատուցել եթե ոչ՝ ֆինանսական, ապա գոնե հողի կամ բնակարանի տեսքով, սակայն ամենուր քար լռություն է։ Ի դեպ, ՀՀ օրենքում կա մեկ կետ. եթե գնորդը 3-4 տարվա ընթացքում չի գալիս եւ ներդրումներ չի անում հողակտորի վրա, այդ հողը նրա ձեռքից պարզապես վերցնում են։ Ուրեմն եթե մեզ փոխհատուցելու գումար չկա, ինչպես պնդում են պատկան մարմինները, պետք է վերցնել այդ հողը գնորդից, որն արդեն տասնամյակից ավելի այդ հողի վրա ոչինչ չի արել, միայն անապատացրել է, ու այն վերադարձնել մշակողներին, այսինքն՝ մեզ, մանավանդ, որ մենք այդ անապատ դարձրած հողերը կարող ենք նորից այգու վերածել։

Կամ եթե տվյալ հողի վրա շենք է կառուցվել, հողի տիրոջը այդ շենքից բնակարան հատկացնել։ Համոզված ենք՝ այս խնդիրը շատ հեշտ կարելի է կարգավորել, առավել եւս, որ մնացել են ընդամենը մոտ 2 տասնյակ հողօգտագործողներ, որոնք փոխհատուցում չեն ստացել։ ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական եւ սոցիալական հարցերով հանձնաժողովը դեռ 2006-ին հաստատել է, որ ՀՀ կառավարությունը Դալմայի այգիների հողատարածքներից մեզ զրկելով՝ խախտել է մեր իրավունքները։ Օրհուսի միջազգային կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն ամեն տարի գրավոր հանձնարարականներ եւ հիշեցումներ է ուղարկում Հայաստան, որպեսզի մեր իշխանությունները փոխհատուցում տան մեր խախտված իրավունքների դիմաց, սակայն այդ հանձնարարականներն էլ մնում են չկատարված։

Այսքան խախտումներից բացի՝ մեր կառավարությունը հիմա էլ խախտում է ՀՀ մեկ այլ օրենքի պահանջները։ Դրանք՝ «Վարչարարության հիմունքների եւ վարչական վարույթի մասին» օրենքի 5-րդ եւ 7-րդ հոդվածների պահանջներն են, ըստ որոնց՝ իշխանություններին «արգելվում է անհավասար մոտեցում ցուցաբերել միատեսակ փաստական հանգամանքների նկատմամբ» եւ ինչ-որ անհեթեթ ու ձեւական պահանջներ մեզ առաջադրել։ Հակառակ օրենքի այս պահանջների՝ մենք առ այսօր չենք ստացել մեր փոխհատուցումը, այնինչ՝ նույն հանգամանքներում գտնվող բազմաթիվ վարձակալներ վաղուց արդեն ստացել են իրենցը, իսկ մեզ պարտադրում են, որ մենք ինքներս մտնենք բանակցությունների մեջ նոր գնորդների հետ, ինչը մենք պարտավոր չենք անել։

 

Դալմայի այգիների
2 տասնյակ հողօգտագործողներ

 

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930