Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Ով ում գումարն է հափշտակել

Հունիս 09,2016 15:30

Արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում գտնվող Աշոտ Հակոբյանի մասին «Առավոտը» առաջին անգամ բարձրաձայնեց ապրիլյան պատերազմի օրերին, երբ նա թերթի միջոցով խնդրում էր, որ պատրաստ է մեկնել առաջնագիծ, պաշտպանելու հայրենիքը: Ա.Հակոբյանը 1976 թվականին զորակոչվել եւ պարտադիր զինվորական ծառայության էր անցել Անդրկովկասյան զինվորական օկրուգի Գորիի տանկային ռազմաուսումնավարժական գնդում՝ ստանալով նախ նշանառուի, ապա նաեւ տանկի հրամանատարի կոչում: Աշոտը ունի բազմաթիվ խրախուսանքներ: Նա գրել էր. «Միաժամանակ հայտնում եմ Ձեզ, որ մարտադաշտում գտնվելուս ժամանակահատվածը չի դիտվելու որպես պատժաչափի կրճատում, նորից կշարունակեմ վերադառնալուն պես իմ անօրինական կալանքը կրել, իսկ եթե չվերադառնամ եւ զոհվեմ թշնամու դավադիր գնդակից, չեմ վշտանա, ուրախ կընդունեմ մահս, քանզի իմ վրա ընդունած կույր գնդակով փրկած կլինեմ դեռ կյանք չմտած 20-ամյա մի հպարտ հայորդու»:

2002-2003թթ. Ա.Հակոբյանի երեխաների հարսանյաց հանդեսի ժամանակ «Շենգավիթ» ՍՊ ընկերության 50,4 բաժնեմասի տեր, տնօրեն, ազգությամբ հրեա Իգոր Մանդելը ծանոթանում է Աշոտի կնոջ մորաքրոջ տղայի՝ Վոլոդյա Վարդանյանի, կնոջ քեռու տղայի՝ փաստաբան Արմեն Ումրշատյանի հետ: Աշոտն այդ ժամանակ «Խաչվառ» ՍՊ ընկերության տնօրենն էր:

Վ. Վարդանյանը «Եվրոֆինանս», «Իրավագարանտ», «Մասսե աուդիտ», «Ռուսոֆիլ» ՍՊ ընկերությունների հիմնադիր տնօրենն էր: Հետագայում, նա դառնում է «Խաչվառի» հաշվապահության գծով փոխտնօրենը: Վոլոդյա Վարդանյանը, օգտվելով Իգոր Մանդելի հայերենի չիմացությունից, հետագայում կարողանում է որոշակի գործարքներ կատարելու համար խաբեությամբ տիրել ընկերության գումարներին:

Ըստ Ա.Հակոբյանի ՀՀ ԱԺ պատգամավորական խմբակցություններին ուղղված 70 էջանոց ձեռագիր դիմումի, նախաքննական մարմինը, վրեժխնդրությունից դրդված, մեղադրանք է առաջադրել իր նկատմամբ, իբր ինքը հանցավոր համաձայնության է եկել հափշտակելու «Շենգավիթ» ՍՊ ընկերությանը տրամադրված նպատակային վարկերի գումարները: Ըստ ԱԱԾ քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ, փոխգնդապետ Վ. Պապոյանի 2010թ. հոկտեմբերի 21-ի որոշման՝ Իգոր Մանդելն ու Աշոտ Հակոբյանը մեղադրվել են «մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, հանցավոր դիտավորության ճանապարհով ստացված եկամուտները «Շենգավիթ» ՍՊԸ-ից հափշտակելու, 176.000.000 ՀՀ դրամ գումարն օրինականացնելու համար»:

Ի դեպ, հետագայում այդ՝ խաբեությամբ հափշտակելու վերաբերյալ գործի վարույթը կարճվել է, անջատվել է Վոլոդյա Վարդանյանի կողմից հանցավոր ճանապարհով ստացված եկամուտները Աշոտ Հակոբյանի հետ հանցավոր համաձայնությամբ օրինականացնելու, նշյալ գումարը հափշտակելու, ՍՊ ընկերության ժողովի արձանագրությունը կեղծելու, Աշոտ Հակոբյանին սպանության սպառնալիքներ հասցնելու դեպքերի վերաբերյալ մասը:

Ըստ Ա.Հակոբյանի, իր խնդիրն է եղել իր ղեկավարած կազմակերպություններից, իր հաշվեհամարից փաստաթղթային կեղծիքներով հափշտակված գումարների վերադարձումը, որոշակի մարդկանց հանցավոր գործունեության հետեւանքով իր իսկ ղեկավարած կազմակերպություններից հափշտակված գումարների պատճառով հարկային պարտավորությունների կատարումը:

2006-2007թթ.-ին «Էյչ Էյ Բի Սի բանկը» իր գործակալների միջոցով տեղեկացնում է «Շենգավիթ» ՍՊ ընկերության տնօրեն Իգոր Մանդելին, թե բանկի նոր մասնաճյուղի համար վարձակալության կարգով անհրաժեշտ է տարածք:
Ընկերության ընդհանուր ժողովը որոշում է իրեն սեփականության իրավունքով պատկանող Բագրատունյաց 14 շենքի 110 հասցեի շինությունը վարձակալությամբ տրամադրել բանկին: Վոլոդյա Վարդանյանը, համաձայն լիազորագրի, պետք է իրականացներ այդ պայմանագրի կնքումը: 2 միլիոն 450 հազար դրամի ամսեվճարով բանկը վարձակալում է նշյալ տարածքը:

Ի դեպ, 10 տարի ժամկետով:

«Համաձայն բանկային ծառայության պայմանագրի, նախատեսվում էր վարկ տրամադրել սեյսմիկ բարձիկների տեղադրման համար, կապիտալ ներդրումային աշխատանքների նպատակով: Սեյսմիկ բարձիկների արտադրության ղեկավարը ես էի»,- հայտնում է Ա.Հակոբյանը:

Սակայն վերջինի հետ՝ ոչ բանավոր, ոչ գրավոր, բանկը պայմանավորվածություն չի ունեցել:

Բանկի պահանջով այդ իսկ պատճառով հաշվեհամար է բացվում ոչ թե «Խաչվառում», այլ «Շենգավիթում»: Վոլոդյա Վարդանյանը 2007թ. հուլիսի 31-ին 1 հարյուր 76 միլիոն դրամ վճարման հանձնարարականով ներկայանում է ոչ թե նշյալ բանկին, այլ «Պրոմեթեյ», գումարը փոխանցելով իր «Եվրոֆինանսին»:
Այս դրվագով, թե Մանդելը, թե Ա.Հակոբյանը տեղյակ չեն եղել, թե ինչպես են իրենց ստորագրությամբ, եւ դատարկ բլանկները հայտնվել Վոլոդյա Վարդանյանի եւ նրա որդիների մոտ: Ի դեպ, որդիներից մեկը աշխատել է հաշվապահ Աշոտ Հակոբյանի տնօրինած ընկերությունում:

kalanavor

Առհասարակ, ողջ քրեական գործը թվաբանություն էր, միլիոնների հասնող գումարների հաշվեհամարներով, կեղծ ձեւաթղթերով, ստորագրություններով:
Ա.Հակոբյանի տեղեկացմամբ, մեկ այլ դրվագով, 2007թ. դեկտեմբերին ինքը զգուշացվել է փաստաբան Արմեն Ումրշատյանի կողմից, որպեսզի անհապաղ ստուգվեն բոլոր այն հաշվեհամարներն ու փաստաթղթերը, որոնց հետ անմիջապես առնչվել են Վոլոդյա Վարդանյանն ու մյուս բաժնետեր ընկերները:
«Փաստաբանն ասաց, որպեսզի լինեմ զգուշավոր եւ հետեւողական, որովհետեւ Վոլոդյա Վարդանյանը անհասկանալի պատճառներով պարտքեր է կուտակել եւ հնարավոր էին սադրանքներ: Մի քանի օր հետո Կամոյում՝ իմ ծննդավայրում, հուղարկավորության ժամանակ, Վ. Վարդանյանի հետ առնչություն ունեցող անձինք, մտածելով, թե տեղյակ եմ կատարված դեպքերից, մոտենում եւ հարցնում էին, թե արդյոք, Վոլոդյան կարողացա՞վ պարտքերը մարել: Քաղաք վերադառնալով՝ Վոլոդյայից պահանջեցի «Եվրոֆինանս» եւ «Խաչվառ» ՍՊ ընկերությունների հաշիվների բանկային շարժերի քաղվածքները, քանի որ Մանդելի դստերը եւ ինձ «Եվրոֆինանսից» գումարներ էր փոխանցվել»,- գրում է Ա.Հակոբյանը:
Ներկայացվում են ոչ թե բնօրինակները, այլ քաղվածքները, իսկ «Խաչվառի» հաշվետվությունները կեղծված էին: Ա.Հակոբյանն ասում է, որ երբ գնացել է «Պրոմեթեյ» բանկ, ստացել նշյալ հաշվետվությունները, տանը համեմատելուց հետո պարզվել էր, որ «քաղվածքը էականորեն տարբերվում էր գումարային չափերով»:
Մեկ այլ դրվագով, այդ նույն ժամանակ գողացվում է բաժնետերերից մեկը, ինչ-որ գումարների համար:

Ըստ գործի նյութերի, Վ. Վարդանյանը հեռանում է Հայաստանից, հայտարարվում է հետախուզում, իսկ այդ ժամանակ լուրեր են տարածվում, թե Ա.Հակոբյանը առեւանգել, սպանել է նրան՝ պարտքերի պատճառով: Հետեւում է Ա.Հակոբյանի որդու առեւանգումն ու սպառնալիքը, թե հորն են սպանելու: Իհարկե, այս խառը պատմության մի դրվագով էլ պարզվում է, թե հետախուզման մեջ 20008 թ. հունիսից գտնվող Վարդանյանը 2015թ. հայրենի Կարմիր գյուղում հողին է ամփոփվել:
Ա. Հակոբյանը հարցնում է, թե ինչպե՞ս կարող էր ինքը իր տնօրինած հիմնարկներից գումարներ հափշտակել, ինչպե՞ս կարող էր «Շենգավիթ» ՍՊ ընկերությանը տրամադրված նպատակային վարկային գումարները յուրացնել. «Ինչ է, ես իմ կազմակերպության հաշվեհամարներից չէի՞ կարողանում գումար հանել եւ օգտագործել, որ պետք էր իմ ենթակայի հետ հափշտակեի ինձ իսկ պատկանող գումարը: Գործում առկա փաստերն ու փաստաթղթերը հակառակն են ապացուցում»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930