Հայաստանում ֆրանսիական համալսարանն ամփոփում է հիմնադրման 15 տարին
Հայաստանում ֆրանսիական համալսարանը նշում է հիմնադրման 15 տարին: Այս առիթով «Առավոտը» զրուցեց համալսարանի ռեկտոր Ժան-Մարկ Լավեստի հետ: Հոբելյանի առիթով հրատարակվել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների 2-րդ տեղեկատուն: Համալսարանը տվել է 1450-ից ավելի շրջանավարտ՝ 2005 թ.-ից սկսած:
«Այդ 1450 շրջանավարտներից գտել ենք ավելի քան 1350-ին, այսինքն, մեր շրջանավարտների 93 տոկոսը պատասխանել է մեր հարցումներին: Շրջանավարտների 40-50 տոկոսին գտել ենք էլեկտրոնային հասցեներով, սոցիալական ցանցերի, մյուսներին, մասնավորապես, Ֆեյսբուքի միջոցով: Շատ մեծ աշխատանք է կատարվել, 2-3 աշխատակից մի քանի ամիս ինտենսիվ հավաքել են նրանց տվյալները: Փաստորեն, Հայաստանում ֆրանսիական համալսարանի շրջանավարտների 90 տոկոսից ավելին պատասխանել է մեր հարցերին, ինչը վկայում է այն մասին, որ համալսարանը սերտ կապեր ունի իր շրջանավարտների հետ»,- ասաց պարոն Լավեստը:
Նա մի քանի այլ վիճակագրական տվյալներ բերեց, օրինակ, որ 1350 ուսանողների 80 տոկոսն աշխատանք ունի մասնագիտության գծով: Ռեկտորի խոսքով, 8 տոկոսն այն ուսանողներն են, որոնք շարունակում են ուսումը մագիստրատուրայում: Եթե առանձնացվեն միայն մագիստրատուրան ավարտած շրջանավարտները, ապա կստացվի, որ միայն 5,5 տոկոսն է աշխատանք փնտրում, եւ սա այն դեպքում, երբ Հայաստանում գործազրկության ցուցանիշը 19 տոկոսից ավելի է, իսկ երիտասարդների շրջանում այն կազմում է շուրջ 35 տոկոս:
Կարդացեք նաև
Մեր զրուցակիցը վկայակոչելով համապատասխան վիճակագրական տվյալները՝ փաստում է, որ Հայաստանում ֆրանսիական համալսարանը իսկապես հստակ մասնագիտացված համալսարան է եւ շատ ձեռնարկություններ, պետական հաստատություններ սիրով աշխատանքի են ընդունում հենց իրենց շրջանավարտներին՝ դատաիրավական համակարգում, առեւտրի եւ սպասարկման, կառավարման, բանկային ոլորտներում, պետական մարմիններում, կառավարման, մարկետինգի ոլորտներում:
Ժան-Մարկ Լավեստը իրենց համալսարանի շրջանավարտների աշխատավարձերից էլ խոսեց. «Բակալավրիատն ավարտածների միջին աշխատավարձը 230 000 դրամ է, իսկ այն ուսանողները, որոնք մագիստրատուրա են ավարտել, միջինը 300 000 են ստանում: Ունենք ուսանողներ էլ, որոնց աշխատավարձն ավելին է, քան 500 000 դրամը: Եվ սրանք այն շրջանավարտներն են, որոնք աշխատում են Հայաստանում: Ի դեպ, մեր շրջանավարտների 85 տոկոսն աշխատում է Հայաստանում, 12 տոկոսը արտասահմանում, 2 տոկոսն էլ ուսումը դրսում է շարունակում: Առաջին ուղղությունը, որտեղ նրանք հաստատվում են, Ֆրանսիան է, երկրորդը ԱՄՆ-ը»: Ռեկտորը այլ մանրամասներ խոստացավ ներկայացնել Տեղեկագրի շնորհանդեսի օրը:
Ասաց, որ ձգտելու են, որ ամեն տարի անցկացվող բուհերի վարկանիշավորման համակարգում ավելի բարձր հորիզոնականներ զբաղեցնել ուսանողների աշխատանքի տեղավորման գործակցով: Նաեւ հավելեց, որ Ֆրանսիական համալսարանում դիմում-հայտերի ընդունման գործընթացը սկսվել է, այս ցուցանիշները կնպաստեն դիմորդներին ճիշտ կողմնորոշվել:
Համալսարանի արդեն 5-րդ ռեկտորից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ տեսլական ունի առաջիկա 5 տարիների համար: Պարոն Լավեստը պատասխանեց, որ առաջինը ասպիրանտուրայի ներդրումն է, որը կգործի 2016-ի սեպտեմբերից: Այդ դեպքում 3 տարի հետո իրենք կունենան Ֆրանսիական համալսարանում «մկրտված» դոկտորներ: Նա ասաց, որ ցանկություն ունեն արդիականացնել համալսարանի կառավարումը, կատարել շուկայի ուսումնասիրություն՝ պահանջներն ու կարիքները գնահատելու համար, ներդնել նոր մասնագիտություններ, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, մաթեմատիկայի, վիճակագրության եւ ձեռնարկատիրության գծով:
«Պետք չէ համալսարանում ունենալ այնպիսի մասնագիտություններ, որոնք ընդամենը դիպլոմ են ապահովում, պետք է մասնագիտությունները նաեւ հետագայում աշխատանքի հնարավորություն ապահովեն»,- համոզված է Ժան-Մարկ Լավեստը:
Նրա ձեւակերպմամբ, առաջիկա 5 տարիներին Հայաստանում ֆրանսիական համալսարանն աշխատելու է հարեւան Իրանի հետ ու համագործակցության հիմքն էլ արդեն դրվել է: Ֆրանսիականը մտադիր է նաեւ սերտորեն համագործակցել Հայաստանի ներսում, այս պահին համագործակցություն կա Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի հետ:
2017-ի սեպտեմբերից հնարավոր է որոշ մասնագիտությունների գծով ուսուցումը անգլերեն լինի, բայց անպայման կդասավանդվի ֆրանսերեն, որպեսզի ֆրանսիական լեզվի եւ մշակույթի հետ կապը ապահովվի: Ռեկտորը պատմեց, որ վերջերս Բուխարեստում էր` Ֆրանկոֆոնիայի համալսարանական գործակալությունում: «800 համալսարան է ներգրավված ֆրանկոֆոն համալսարանների այդ ցանցում, եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանն առանձնանում է բոլորից իր տեսակով: Մեր համալսարանը միակն է, որ տալիս է ֆրանսիական դիպլոմ ուսանողներին, որոնց գրեթե 80 տոկոսը ընդունելության պահին ֆրանսերենին ընդհանրապես չի տիրապետում, իսկ ցանցի մյուս համալսարաններում ընդունելությունը զուտ ֆրանսերենով է: Հայաստանի մոդելով ցույց ենք տալիս, որ մեր ուսանողները գալիս են որակի հետեւից, քրտնաջան աշխատում են եւ ստանում բարձր գիտելիք: Այստեղ շեշտադրվում են նաեւ հայ ուսանողների մտավոր կարողությունները եւ գրագիտությունը»,- փաստում է ռեկտորը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
08.06.2016