Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրբելյանը երգիչների երազած գործընկերն է»

Հունիս 09,2016 14:30

«Օպերա նյուզ»-ին մեջբերեց Ազգային
օպերային թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանը

«Առավոտն» իրեն հետաքրքրող հարցերի պատասխանները լսելու ակնկալիքով դիմեց Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Անդրանիկ Արզումանյանին, նորանշանակ գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանին եւ Նյու Յորքի «Մետրոպոլիտեն օպերայի» երաժշտական տնօրեն Ջոն Ֆիշերին:

– Պարոն Արզումանյան, հանդիսատեսին, այդ թվում՝ նաեւ մեզ, հետաքրքրում է, թե ինչու թատրոնի կառավարման խորհրդի առաջարկով եւ Ձեր հրամանով գեղարվեստական ղեկավար նշանակվեց Կոնստանտին Օրբելյանը, որը մեր լսարանին հայտնի է որպես կամերային նվագախմբի դիրիժոր:

IMG_7596+

 

Ա. Ա.- Մաեստրո Օրբելյանը 1991-2009թթ. հանդիսացել է Ռուսաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, քանիցս իր նվագախմբի հետ հանդես եկել Երեւանում եւ իբրեւ հրավիրյալ դիրիժոր ղեկավարել հայաստանյան նվագախմբերը: Երաժիշտը 2010թ. ղեկավարել է Սլոբոդկինի թատերահամերգային կենտրոնի կամերային նվագախումբը, իսկ 2013-ից համարվում է Վոլգոգրադի «Ցարիցինյան օպերա» պետական թատրոնի գլխավոր պրոդյուսերը, հրավիրյալ գեղարվեստական ղեկավարն ու դիրիժորը: Ավելի քան 25 տարվա դիրիժորական կարիերայի ընթացքում մաեստրոն հաճախ է համագործակցել աշխարհահռչակ այնպիսի երգիչների հետ, ինչպիսիք են Էվա Պոդլեսը, Գալինա Գորչակովան, Ռոբերտո Ալանիան, Ռենե Ֆլեմինգը: Ճանաչված բաս Դմիտրի Խվորոստովսկու հետ իրականացրել է «Որտեղ եք, իմ եղբայրներ» եւ «Մոսկովյան գիշերներ» ձայնագրությունները: Երաժիշտը հանդես է եկել նաեւ որպես պրոդյուսեր:

Նրա առաջին աշխատանքը՝ «Ռենե Ֆլեմինգ եւ Դմիտրի Խվորոստովսկի. մի ոդիսական Սանկտ Պետերբուրգում», ցուցադրվել է աշխարհի բազմաթիվ երկրներում… Թվարկումը երկար ժամանակ կպահանջի, բավական է նշել, թե ժամանակին ինչպես է բնորոշել մեր հայրենակցին ռուսաստանյան հայտնի «Օպերա նյուզ» պարբերականը՝ «Օրբելյանը երգիչների երազած գործընկերն է ու նրանց երկացանկը իրականացնում է առաջնորդ դաշնակահարի զգայնությամբ»: Նշենք նաեւ՝ մինչ դիրիժորական կարիերայի սկիզբը, Կոնստանտին Օրբելյանը 1980-90թթ., որպես դաշնակահար, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, եվրոպական մի շարք երկրներում ունեցել է շուրջ 750 ելույթ՝ հեղինակավոր նվագախմբերի ընկերակցությամբ:

– Պարոն Օրբելյան, կշարունակե՞ք, արդյոք, վաղամեռիկ Գեղամ Գրիգորյանի «խաղացանկային քաղաքականությունը», մանավանդ՝ մեզ հայտնի է, որ Դուք 2015թ. աշնանը հանդիպել ու զրուցել եք այդ հարցի շուրջ: Եվ երկրորդ՝ մենք աշխարհին հավանաբար չենք կարող զարմացնել օպերային գրականության հանրահայտ նմուշների բեմադրություններով: Չե՞ք կարծում, որ ազգային թատրոնի խաղացանկում պետք է լինեն ազգը ներկայացնող կոմպոզիտորների, այդ թվում՝ ժամանակակից հեղինակների բալետային եւ օպերային բեմադրություններ:

Կ. Օ.- Այո, մի առիթով հանդիպել եմ Գեղամ Միհրանիչի հետ, զրուցել Երեւանի օպերային թատրոնի շուրջ, հիմնականում՝ խաղացանկի, տեղյակ եմ, որ նա պատրաստում էր բեմ բարձրացնել Պուչինիի «Տոսկան» եւ այլն: Իհարկե, Գեղամ Միհրանիչի սկսած գործը կունենա իր շարունակությունը: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, անպայման օպերային թատրոնի խաղացանկը պետք է համալրել նաեւ ժամանակակից կոմպոզիտորների գործերով:

– Պարոն Ջոն Ֆիշեր, 2014թ. «Մետրոպոլիտեն օպերան» կանգնած էր սնանկացման եզրին: Այդ ժամանակ բյուջեն կազմում էր 327 մլն դոլար, որից 214-ը արտիստների աշխատավարձն էր: Ինչպես ժամանակին նշել է «Մետրոպոլիտեն օպերայի» մենեջեր Փիթեր Գելբը, այդ ընթացքում նոսրացել է հանդիսատեսի հոսքը թատրոն, բնականաբար, տոմսերի վաճառքից ստացված գումարը չնչին թիվ է կազմել, ինչպե՞ս դուրս եկավ թատրոնը ստեղծված վիճակից:

IMG_7584+

Ջ. Ֆ. – Հարցի պատասխանը ծավալով դասախոսական մի աշխատություն կլինի: Փորձեմ պատասխանել երկու բառով: Այդ վիճակից մենք դուրս եկանք՝ գրագետ եւ արդյունավետ կազմակերպչական աշխատանքների շնորհիվ:
– Մեր տեղեկություններով՝ Դուք արդեն հասցրել եք լսել նաեւ մեր թատրոնի երիտասարդական օպերային ծրագրում ընդգրկված որոշ մեներգիչների, Ձեր կարծիքն այս առիթով:

Ջ. Ֆ.- Դարձյալ երկու բառով կպատասխանեմ՝ հիացած եմ, ունեք հրաշալի ձայներ:
Զրուցեց
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ

«Առավոտ»

08.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930