Կառավարության հունիսի 9-ի նիստին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը վարկ ստանալու որոշման նախագծեր է ներկայացնելու:
Վաղվա նիստին հավանություն կտրվի ՀՀ-ի եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ այս տարվա փետրվարին ստորագրված «Տեղական տնտեսության եւ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի» վարկային համաձայնագրին, ըստ որի բանկի կողմից տրամադրվելու է 55 միլիոն դոլար վարկ: Այս վարկի պայմաններն են՝ տոկոսադրույք՝ լողացող՝ 6-ամսյա Libor + լողացող սպրեդ, պարտավորության վճար՝ 0.25%, հաշվարկվում է վարկի չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար՝ վարկի գումարի 0.25%-ի չափով, մայր գումարի մարման ժամկետ՝ 25 տարի, արտոնյալ ժամկետ՝ 14.5 տարի, վարկի սպասարկման գծով վճարումները կատարվում են կիսամյակային կտրվածքով` յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին եւ նոյեմբերի 15-ին, մարման ժամկետ 25 տարի, որից արտոնյալը` 14.5 տարի:
Վարկն, ինչպես ներկայացված է ծրագրում, ուղղվելու է Հայաստանում ենթակառուցվածքային ծառայությունների եւ ինստիտուցիոնալ կարողությունների բարելավմանը: Ծրագրի բաղադրիչներից է՝ «ժառանգության հանգույցի վերականգնում եւ զբոսաշրջային երթուղու մշակում, ըստ որի նախատեսվում է Գորիսի եւ Մեղրու հին քաղաքներում եւ ժառանգություն հանդիսացող Արենու, Տաթեւի եւ Տանձաթափի գյուղերում քաղաքային վերականգնողական միջոցառումների համար Ծրագրին մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով` ներառյալ, սակայն չսահմանափակվելով հանրային ենթակառուցվածքի, շենքերի ճակատային հատվածների եւ տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, մոտեցնող ճանապարհների, ջրի/կոյուղու եւ փողոցային լուսավորության վերականգնումը, Գառնու տաճարի եւ կիրճի, Գեղարդավանքի, Խոր Վիրապի վանքի, Արենու շուկայի եւ քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիսի, Զորաց քարերի (Քարահունջ), Խնձորեսկի, Հաղպատի եւ Սանահինի մշակութային ժառանգության պահպանության եւ տեղական կառավարման միջոցառումների բարելավման նպատակով ծրագրի մասնակից շահառուների ներդրումային ենթածրագրի ֆինանսավորում` դրամաշնորհային հիմունքներով:
Մեկ այլ նախագծով էլ նախատեսվում է հավանություն տալ Հայաստանի եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ այս տարվա ապրիլի 5-ին ստորագրված «Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» 5,5 միլիոն եվրո արժողության վարկային համաձայնագրին: Վարկի պայմաններն են՝ մարման ժամկետ` մինչեւ 14 տարի, որից արտոնյալ ժամկետ` 2 տարի (3.5 մլն եվրո արժողությամբ մասնաբաժնի համար) եւ մինչև 15 տարի, որից արտոնյալ ժամկետ` 3 տարի (2 մլն եվրո արժողությամբ մասնաբաժնի համար), տոկոսադրույք` լողացող` 6-ամսյա EURIBOR գումարած 1% սպրեդ, վարկի տոկոսադրույքը կարող է ֆիքսվել վարկի օգտագործված եւ չմարված գումարի համար, որի նվազագույն գումարը պետք է կազմի 1 մլն EUR, պարտավճար` 0.5%` հաշվարկվում է չօգտագործված գումարի նկատմամբ, միանվագ կոմիսիոն վճար` վարկի գումարի 1%-ի չափով, վարկի չեղարկման վճար` չեղարկվող գումարի 0.125%, վարկի վաղաժամկետ մարման վճար` մարվող գումարի 0.125%, ժամկետանց վճարների գծով տույժ` վարկի տոկոսադրույք գումարած 2.0%:
Կարդացեք նաև
Կառավարության վաղվա նիստին կառաջարկվի հավանություն տալ ՀՀ-ի եւ Եվրոպական ներդրումային բանկի միջեւ «Սահմանային անցակետեր եւ ենթակառուցվածք (Հայաստան. Բագրատաշենի, Բավրայի եւ Գոգավանի սահմանային անցակետերի արդիականացում)» ֆինանսական պայմանագրի թիվ 3 փոփոխությանը: Սրանով բանկը Հայաստանին կտրամադրի լրացուցիչ վարկային միջոցներ` 534 000 եվրոյի չափով: Այս պայմանագրով՝ 2012-ին, նշված ծրագրի համար նախատեսված է եղել 30.316 միլիոն եվրո վարկ տրամադրել, եւ ինչպես նախագծում է գրված՝ 2012-ի մարտին Եվրոպական ներդրումային բանկի տնօրենների խորհուրդը ծրագրի համար հաստատել է 30.850 մլն եվրո ֆինանսավորում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ