Հունիսի 9-ին Ժամանակակից արվեստի թանգարանում կբացվի գերմանաբնակ հայ նկարիչ, խեցեգործ Նոնա Գաբրիելյանի «Երկնքի ու երկրի միջև» խորագրով անհատական ցուցահանդեսը: Կներկայացվեն նկարչուհու՝ վերջին քսան տարիների գեղանկարչական ու գրաֆիկական աշխատանքներից:
«Կյանքիս մի մասն անցկացրել եմ Վրաստանում, հետո եկա Հայաստան, հայերեն սովորեցի, սկսեցի ինձ հայուհի զգալ: 23 տարի առաջ ժամանակավոր մեկնեցի Գերմանիա: Թեև այդ ժամանակավորը ձգվում է մինչ օրս, միևնույն է, ես ինձ հայ եմ զգում»,- «Հենարան» մամուլի ակումբում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Նոնա Գաբրիելյանը:
Նկարչուհին ստեղծագործելուց բացի նաև դասավանդում է Գերմանիայում: Տարբեր տարիքի ու մասնագիտության ուսանողներ ունի, որոնք 2014 թվականին Հայաստան են եկել իրենց ուսուցչուհու հետ: Այդ այցի արդյունքում էլ ծնվել է «Հայաստանն իմ աչքերով» լուսանկարչական նախագիծը:
«Ուսանողներս սրտանց ուզում էին իմ երկիրը տեսնել: Մոտ տասը տարի տևեց մինչև հասունացավ Հայաստան գալու պահը: Եկան: Մտածում էի, որ լավագույնը պիտի ցույց տամ նրանց. պիտի տեսնեն, որ Հայաստանն ավելի մեծ, ավելի խորը երկիր է, քան իրենք կարող են պատկերացնել:
Կարդացեք նաև
Վեց օր ճամփորդեցին Հայաստանում, բազմաթիվ տեղերում եղան, լուսանկարեցին: Այնուհետև 2014 թ. դեկտեմբերին Վիսբադենում «Հայաստանն իմ աչքերով» խորագրով ցուցահանդես կազմակերպեցին, որտեղ հաջողությամբ ներկայացրին այդ լուսանկարները: Դրանից հետո նաև ֆիլմ նկարահանեցին Հայաստանում իրենց տեսածի, տպավորությունների մասին»,- պատմեց նկարչուհին:
Նշենք, որ Ն. Գաբրիելյանի ստեղծագործությունների ցուցահանդեսին զուգահեռ, Ժամանակակից արվեստի թանգարանում նույն օրը կբացվի նաև «Հայաստանն իմ աչքերով» խորագրով ցուցահանդեսը, կցուցադրվի համանուն ֆիլմը:
«Նրանք այնքան սիրեցին Հայաստանը, որ մտածեցի՝ իմ պարտքն է ցույց տալ նրանց սերը, մեր երկրից ստացած տպավորությունները: Եթե այս մարդիկ այդքան շատ են սիրում իմ երկիրը, ինչո՞ւ ցույց չտամ դա հենց այստեղ»,- ասաց Նոնա Գաբրիելյանը:
Հավելենք, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 22-ը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ