Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրու «Սեւ բերդ» ամրոցի համերգասրահն ապշեցրել է օտարերկրյա պրոդյուսերներին

Հունիս 08,2016 20:15

1834 թվականին կառուցված Գյումրու «Սեւ բերդ» ամրոցը, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում է, այս տարվա սեպտեմբերին կհյուրընկալի «Գյումրի Ռոք ֆեստ 2016» փառատոնի մասնակիցներին:

Նշենք, որ ամրոցն այժմ պատկանում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որը վերանորոգելուց հետո նրա մի հատվածը դարձրել է համերգասրահ:

Aravot.am-ի հետ զրույցում «Գյումրի Ռոք ֆեստ 2016» փառատոնի գլխավոր պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ասաց, որ համերգասրահի բացման արարողությունը դեռ տեղի չի ունեցել, սակայն այն արդեն պատրաստ է ու այնտեղ ՀՀ անկախության 25-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կանցկացվի իր տեսակի մեջ առաջին մեծ միջազգային ռոք փառատոնը:

13383885_1041071529280048_1380920395_o

Ըստ մեր զրուցակցի, տեխնիկական միջոցներ ապահովող ընկերությունները ուսումնասիրություններ են կատարել եւ եկել այն համոզման, որ այդ ոճի փառատոն անցկացնելու համար «Սեւ բերդ» ամրոցի համերգասրահում գրեթե ամեն ինչ պատրաստ է: «Ըստ ինձ, շատ հետաքրքիր տարածք է, երբ որ մենք տարածքի լուսանկարները ուղարկում ենք, արտասահմանյան խմբերի պրոդյուսերները մեծ գոհունակություն են հայտնում ու նաեւ զարմանում են, որ այս փոքր երկրում կարող է լինել ճարտարապետական հրաշալի կառույց, որը նաեւ համերգասրահ է: Տարածքը շատ ոգեւորող է, այստեղ Գյումրին շատ է արտացոլված», -ասում է մեր զրուցակցը:

Տիգրան Վիրաբյանի ասելով, ըստ մասնագիտական հաշվարկների, տարածքում տեղավորվում է 1500 մարդ: Ու քանի որ տարածքն առաջին անգամ է օգտագործվում, իրենք խստագույնս պահպանելու են բոլոր կանոնները. մուտքը լինելու է հրավիրատոմսերով, իսկ փառատոնը՝ հոտնկայս: «Ոտքի վրա համերգ ունկնդրելը փառատոնի սկզբունքներից մեկն է, մենք ունենալու ենք նորաձեւ ամֆիթատրոնի պես, մեջտեղում՝ կենտրոնում բեմահարթակն է, շուրջբոլորը հավաքվում են մարդիկ: Տարածքը ունի բալկոններ, որտեղ կլինեն նստատեղեր հատուկ հյուրերի համար, սահմանափակ կարողությունների տեր մարդկանց համար, որոնք ուզում են ներկա գտնվել փառատոնին, բայց պարտադիր է իրենց համար տրամադրել նստատեղեր: Նաեւ հատուկ օթյակներ կլինեն նկարահանող խմբերի համար: Մի խոսքով, հաշվի ենք առել ամեն ինչ, սա բարդ խնդիր է, որովհետեւ մենք բոլորս տարածքի հետ ծանոթանում ենք առաջին անգամ եւ առաջին անգամն է այստեղ իրականացվում միջոցառում:

Պետք է ասեմ, որ ճիշտ է՝ կա մեծ հետաքրքրություն փառատոնի հանդեպ, բայց հասարակության զգալի հատվածի մոտ կա հետաքրքրություն տարածքի հանդեպ: Շատերը ուզում են իմանալ, թե ինչ են դարձել ավերակները: Ես կարող եմ փաստել, որ սա Հայաստանում ներկայանալի համերգասրահներից մեկն է, եթե ոչ ամենաներկայանալին. իր մեջ պահպանում է պատմամշակութային ճաշակը, իսկ որ ամենակարեւորն է, շատ Գյումրի է այս տարածքը: Այս տարածքը նաեւ նկարահանումների համար է շատ գրավիչ, երբ մարդը ֆոտո է նայում, անմիջապես հասկանում է, որ այս տարածքը Գյումրիում է, Գյումրին շատ է պահպանված: Գյումրին երկար ժամանակ հնարավորություն չի ունեցել մեծամասշտաբ նախագծեր իրականացնելու զուտ այն պատճառով,, որ դահլիճային պայմանները սահմանափակ են եղել: Կան խմբեր, մասնակիցներ, որոնք հստակ պայման են դնում դահլիճի նստատեղերի քանակի հետ կապված»:

Տիգրան Վիրաբյանի ասելով, իրենք Գյումրու քաղաքապետի հետ քննարկելով փառատոնի անցկացման վայրն ու օրը՝ եկել են համաձայնության փառատոնն անցկացնել Գյումրու օրվա տոնակատարությունների շրջանակում: Այն, ըստ մեր զրուցակցի, անցկացվում է ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի ընդհանուր բյուջեն 11 միլիոն դրամ է կազմում, մշակույթի նախարարությունը «Ծիրանափող» Հ/Կ-ին փոխանցելու է 6 միլիոն դրամը: Փառատոնի կազմակերպիչները 5 միլիոն դրամն էլ փորձում են ձեռք բերել տարբեր ճանապարհներով, դիմել են Սամվել Բալասանյանին, նա առաջարկել է նամակով դիմել Գյումրու ավագանուն, որպեսզի քննարկեն փառատոնին որոշակի ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը:

Տիգրան Վիրաբյանն ասում է, որ քաղաքի համար անչափ կարեւոր այս մշակութային միջոցառումը ֆինանսավորելու հարցով դիմելու են նաեւ Շիրակի մարզպետին, ակնկալիքներ ունեն մասնավոր հատվածներից: Ըստ Տիգրան Վիրաբյանի, եթե ֆինանսավորումը լինի, իրենք կկարողանան շատ ավելի մեծ քանակությամբ խմբեր հրավիրել Գյումրի: Փառատոնին կմասնակցեն ինչպես արտերկրյա ռոք խմբեր՝ Իռլանդիայից, Ռուսաստանից, Ֆրանսիայից, Վրաստանից ու այլ տեղերից, այնպես էլ մեծաքանակ ունկնդիրներ: Փառատոնի շրջանակներում նախատեսված են լոկալ համերգներ Գյումրու պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցներում, օրինակ Ձիթողցոնց տուն-թանգարանի բակում, Վարպետաց փողոցում…:

Տիգրան Վիրաբյանի փաստելով, ծրագրի ամբողջական ստեղծագործական ծանրությունը իր վրա է վերցնել Գյումրիի հպարտություններից մեկը՝ «Բամբիռ» ռոք անսամբլը: Մենակատար Նարեկ Բարսեղյանը համերգի ստեղծագործական ու գեղարվեստական մասի պատասխանատուն է, զբաղվում է նաեւ խմբերի ընտրության հարցով, հրավերով: «Բամբիռ»-ը մեկամյա շրջագայության մեջ է ԱՄՆ-ում, բայց խմբի անդամները հատուկ այս փառատոնի համար եկել են Գյումրի՝ կազմակերպչական հարցերով զբաղվելու:

Մեր զրուցակցի ներկայացմամբ, բացի ռոք փառատոնից այս համերգասրահում անցկացվելու է նաեւ Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոն: «Մաեստրո Ռոբերտ Մլքեյանի հետ որոշել ենք Գյումրիում կազմակերպել Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոն, որին կմասնակցի Հայաստանի պետական կամերային երգչախումբը եւ կամերային նվագախումբը: Մենք մի քանի համերգասրահներ նայեցինք քաղաքում՝ դրամատիկական թատրոնի, «Տիրամայր Հայաստանի», այնուհետ «Սեւ բերդ» ամրոցի դահլիճները եւ վերջում Հայաստանի երգչախմբային արվեստի բարձրակարգ մասնագետներից մեկն ընդգծեց՝ եթե անում ենք Տիգրան Մանսուրյանի երեկո եւ ուզում ենք ստանալ իդեալական հնչողություն, ակուստիկա, միանշանակ պիտի անենք «Սեւ բերդ» ամրոցում: Եւ արդեն հոկտեմբերին նախատեսել ենք Տիգրան Մանսուրյանի հոբելյանական երեկոն անցկացնել այս ամրոցում: Մոտակա օրերին սպասում ենք, որ մաեստրո Մանսուրյանը գա Գյումրի, մեկ անգամ ինքը տեսնի տարածքը, լսի տարածքի հնչողությունը  եւ մնացած աշխատանքները կկատարենք, տեխնիկական, ստեղծագործական աշխատանքները հիմնական փուլի մեջ բերենք», -ասում է Տիգրան Վիրաբյանը:

Լուսանկարները՝ Տիգրան Վիրաբյանի

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ի.Բ. says:

    Ոնց թե? պատմական բերդը դառնալու է համերգասրահ? բա ուր են Հայաստանի ղեկավարները, որ չեն արգելում բերդի ձեւախեղումը էն էլ քաղաքապետի կողմից? Ողբամ զքեզ Գյումրի ջան

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930