Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյանի կինը` Բակո Սահակյանի հայտարարության մասին. «Այսինքն` ի՞նչ պիտի լինի, որ ասեն նախագահն է վերահսկում»

Հունիս 08,2016 18:45

Հայկ Խանումյանի կնոջ` Դիանա Մովսիսյանի փոխանցմամբ` Հայկ Խանումյանի վիճակն աստիճանաբար բարելավվում է. նա այժմ գտնվում է «Հանրապետական բժշկական կենտրոնի» վիրաբուժական բաժանմունքում և համապատասխան բուժումներ է ստանում:

Aravot.am-ը տիկին Մովսիսյանին հիշեցրեց, որ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հայտարարություն է տարածել, որտեղ հավաստիացնում է. «Ես մշտական կապի մեջ եմ ԼՂՀ իրավապահ մարմինների հետ, տեղեկանում եմ հետաքննության զարգացումներին: Գործընթացը գտնվում է իմ անմիջական վերահսկողության ներքո, եւ վստահեցում եմ, որ իրավապահ մարմինների կողմից անհրաժեշտ միջոցներ են ձեռնարկվում դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար»:

Հիշեցնենք, որ Aravot.am-ի հետ զրույցում Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու օրը նրա կինը հայտնել էր, որ «ողջ պատասխանատվությունն ընկնում է ԼՂՀ իշխանությունների վրա` ի դեմս Բակո Սահակյանին»: Հիշեցնենք, որ ԼՂՀ ԱԺ ընդդիմադիր «Վերածնունդ» խմբակցության ղեկավար, «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ Հայկ Խանումյանը ծեծի էր ենթարկվել հունիսի 7-ին:

Տիկին Մովսիսյանից հետաքրքրվեցինք` զգո՞ւմ է այն, որ ամուսնու ծեծը բացահայտելուն ուղղված գործընթացը գտնվում է Բակո Սահակյանի անմիջական վերահսկողության ներքո, տիկին Մովսիսյանը պատասխանեց, թե ամուսնու խնամքով զբաղվելու պատճառով վերջին օրերին չի կարողացել հետևել հայտարարություններին, սակայն  փոխանցեց հետևյալը. «Այսինքն` ի՞նչ պիտի լինի, որ ասեն նախագահն է վերահսկում այդ հարցը: Քրեական գործ է հարուցվել, ոստիկանությունը զբաղվում է»:

Մեր հարցին` վստահություն ունի՞ ԼՂՀ ոստիկանության և իրավապահ մարմինների նկատմամբ, տիկին Մովսիսյանը պատասխանեց` «հույս ունեմ»:

ՀՀ տարբեր քաղաքական գործիչներ կարծիքներ են հնչեցնում, թե չարժե, որ հայաստանցի քաղաքական գործիչները գնահատականներ տան Հայկ Խանումյանի հետ կատարվածին: Այս առիթով Խանումյանի կնոջից հետաքրքրվեցինք` հայաստանյան միջամտությունը կօգնի՞, թե կխոչընդոտի գործընթացին, արդյոք առանց ՀՀ-ից միջամտության Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը կբացահայտվի՞, տիկին Մովսիսյանը պատասխանեց. «Պատգամավորներից Փոստանջյանը, ՀՀ ԱԺ այլ պատգամավորներ քննադատել են: Ինչ վերաբերում է այն հարցին, թե դա միայն Արցախում լուծվելիք խնդիր է, ապա ես իրավասու չեմ պատասխանել այդ հարցին` ոչ ոստիկան եմ, ոչ դատավոր, ոչ քննիչ: Ես ուղղակի Հայկ Խանումյանի կինն եմ»: Մեր այն դիտարկմանը` բայց նաև քաղաքացի է, Դիանա Մովսիսյանը պատասխանեց. «Այո նաև քաղաքացի եմ: Արցախում կան համապատասխան մարմիններ, որոնց իրավասության ներքո է գործը: Թող քննեն ու բացահայտեն հանցագործներին: Մենք էլ ունենք փաստաբաններ»:

 Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930