Բերդի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչներից բողոք ենք ստացել, որ մալուխ անցկացնելու համար Չինարիից մինչեւ Այգեձոր, մոտ 3-4 կիլոմետր ճանապարհի եզրը քանդել են: Այդ աշխատանքները արվել են, որպեսզի «Բիլայն» ընկերության համար մալուխ անցկացվի: Սահմանագոտու բնակիչները դժգոհ են, որ ճանապարհը վնասել են: Նրանք ասում են, որ մալուխը հարկ է անցկացնել օդով եւ չվնասել 2007 թվին ասֆալտապատված ճանապարհը: Սահմանամերձ Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը մեզ հետ զրույցում մտահոգություն հայտնեց ճանապարհի եզրի քանդման համար: Նա ասաց, որ ներկայումս ճանապարհի եզրի քանդումը դադարեցած է:
Մենք հարցի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար զանգահարեցինք «Բիլայն» ընկերության տնօրինության հեռախոսահամարներով, սակայն պատասխանող չեղավ: Ակնկալում ենք խնդրի վերաբերյալ այդ ընկերության պարզաբանումը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ