Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Վաղը կարող եք հայտնվել նույն խրամատում». Թեւան Պողոսյանը` իրար քննադատող ռազմական գործիչների մասին

Հունիս 08,2016 18:31

«Ուրախալի էր կիրակի օրը հետեւել այն իրավիճակին, որը տեղի էր ունենում Ստեփանակերտում` Սամվել Բաբայանի այցի ժամանակ: Իսկապես մեծ բազմություն էր եկել նրան դիմավորելու»,-ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի` Արցախ այցն  այսպես է գնահատում ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:

«Ուրախություն էի ապրում, երբ տեսնում էր, որ մարդիկ նրան այդպես են դիմավորում, հետը քայլում, ինքնակազմակերպվում, փորձում պահանջ ձեւավորել: Դա նշանակում է, որ Արցախում կա ժողովրդավարություն եւ միտք արտահայտելու ազատություն»,-հունիսի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Թեւան Պողոսյանը:

Նրա բնորոշմամբ` Սամվել Բաբայանը դեռ Հայաստան չհասած` նրա այցը քաղաքականացվեց. «Եկեք դա որպես հայի վերադարձ դիտարկենք, մենք անվտանգության կարեւոր խնդիրներ ունենք լուծելու: Ցանկացած հայի վերադարձ պետք է ողջունել: Սամվել Բաբայանն անգամ 2013թ.-ին էր նամակով դիմել իշխանություններին, նշանակում է` նա սրտացավ է»:

Ինչ վերաբերում է արցախցիների` Բաբայանին Արցախի պաշտպանության նախարար նշանակելու  պահանջին, Թեւան Պողոսյանի խոսքով. «Պահանջները պետք է քննարկել սեղանի շուրջ նստելով, ոչ թե իրարից նեղանալով կամ իրար հետ մամուլով շփվելով»:

Պողոսյանն անդրադարձավ նաեւ ԼՂՀ ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանի` Սամվել Բաբայանի այցի շուրջ հնչեցրած  տեսակետներին. «Սամվել Բաբայանն ասում է, որ պաշտոնի համար չի եկել: Կարող ենք հավատալ կամ ոչ, բայց փոխարենը ինչ-ինչ ենթադրություններ ենք անում»:

Իսկ թե ինչու են հիմա ռազմական գործիչներն իրար քննադատում եւ հիշեցնում մեկը մյուսի սխալները, Թեւան Պողոսյանը նշեց. «Եթե գիտես, որ վաղը կարող է պատերազմ լինել, այդ մարդիկ մի խրամատում հիշելու են, թե ինչ են իրար ասե՞լ, թե՞ թշնամու դեմ են կռվելու: Վաղը կարող եք հայտնվել նույն խրամատում…Ցավոք, Արցախյան պատերազմի դեպքում չունենք ճիշտ նկարագրված պատմություն, որն ընդունելի է բոլորի համար: Չձեւակերպենք այնպիսի իրավիճակ, երբ այդ երեւույթը լինի մեզ ուղղորդող գործոն: Հայրենական պատերազմի ժամանակ շատ անգամ իրար մեջքից են խփել…»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930