Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը հարց ուղղեց էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին, որը բյուջեի կատարման հաշվետվության ժամանակ Խաչատուր Քոքոբելյանի հարցին ի պատասխան ասել էր՝ «Ես կարող եմ ձեզ պաշտոնապես ներկայացնել Հայաստանում, Վրաստանում եւ Ադրբեջանում՝ նկատի ունեմ Երեւան, Թբիլիսի, Բաքու քաղաքներում օդանավակայանների գները՝ մեկ օդանավի հաշվով, որի արդյունքում դուք կտեսնեք, որ Հայաստանը ունի առավելություն գների առումով»:
Վահե Էնֆիաջյանը հարցրեց՝ եթե ՀՀ-ում փոխադրումները ավիաուղիներով ավելի մատչելի են, ինչի՞ համար են ՀՀ քաղաքացիները նախընտրում գնալ Թբիլիսի քաղաքից իրականացնել չվերթները: Կառավարությունը հորդորեց հարցն ուղղել գրավոր:
Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն էլ հիշեցրեց, որ ԱԺ-կառավարություն նախորդ հարցուպատասխանի ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը տեղեկացրել էր, որ իր ու Թեւան Պողոսյանի նախագծի հիման վրա կառավարությունը նոր փաթեթ է պատրաստում՝ Զինապարտության մասին օրենքում փոփոխությունների, որով 18 տարեկան բոլոր տղաները պետք է զորակոչվեն բանակ, այսինքն, տարկետումը պետք է հանվի:
Ռուբեն Հակոբյանը հետաքրքրվեց, թե ի՞նչ ճակատագրի է արժանացել իր հարցումը եւ ե՞րբ է լինելու քննարկումը:
Կարդացեք նաև
Դավիթ Հարությունյանը պատասխանեց, որ իրենց նախագիծը մի շարք դիտողությունների է արժանացել ու պարզ է դարձել, որ այն պատրաստ չէ դրվելու քննարկման, հետեւաբար հետ է ուղարկվել լրամշակման. «ԿԳՆ-ն պարտավոր է այն լրամշակել, աշխատանքներն արդեն ավարտված են, մոտակա շաբվաթվա ընթացքում քննարկումները կլինեն, եւ թե՛ դուք, թե՛ պարոն Պողոսյանը կհրավիրվեք»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ