Լրահոս
Օրվա լրահոսը

«Սկսել ենք կրճատումները՝ փոխնախարարների մակարդակով, կրճատելու ենք եւս 3-4 փոխնախարար». Հովիկ Աբրահամյան

Հունիս 08,2016 18:12

Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանին հարցրեց պետբյուջեի կատարման հաշվետվությունից, որտեղ ոչ կառավարական ՀԿ-ներին նվիրատվություն էր արվել 9 մլրդ դրամ:

Գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանն այսօր Զուրաբյանին էր տվել այն ՀԿ-ների ցուցակը, որոնց գումարներ են  տրվել: Լեւոն Զուրաբյանը ուսումնասիրւթյամբ պարզել է, որ գումարներ են հատկացվել իշխանամետ ՀԿ-ների: Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ արդյոք ավելի լավ չէ՞ր լինի այդ գումարը ծախսել՝ բանակի համար 800 ջերմադիտակներ գնելու: Ժամանակը չէ՞ դադարեցնելու պետբյուջեի միջոցները ծախսել՝ իշխող կուսակցության ազդեցությունը մեծացնելու նպատակով:

Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք դրա անհրաժեշտությունը չունենք, որ բյուջեից գումարներ ներդնենք՝ ՀՀԿ-ի PR-ն անելու համար: Ինչ վերաբերում է բյուջեի գումարների ծախսման արդյունավետությանը, շատ քաղաքական գործիչներ ցանկանում են չհավատալ, բայց մենք իրենց մեր գործունեության արդյունքով համոզելու ենք»: Նա վստահեցրեց, որ այն ծրագրերը, որ դրել են իրենց առջեւ՝ իրականացնելու են, ուղղակի չպետք է ակնկալել, որ մեկ հարվածով բոլոր հարցերը լուծվելու են: Դրա համար ժամանակ է պետք, ռեսուրս է պետք. «Արդյունքները կտեսնեք: Օրինակ, գյուղնախարարությունում արդեն սկսել են կրճատումները՝ սկսած փոխնախարարների մակարդակից, այսօր էկոնոմիկայի փոխնախարարի հաստիք ենք կրճատել, վաղը եւս կրճատելու ենք եւս 3-4 փոխնախարարներ: Փորձելու ենք ամեն ինչ անել, որ յուրաքանչյուր դրամ ծախսվի արդյունավետ, եւ այս գործընթացը լինի շարունակական»:

Լեւոն Զուրաբյանն ասաց, որ ՀԿ-ները ոչ կառավարական են լինում, եւ նրանք ամբողջ աշխարհում ֆինանսավորվում են ոչ թե կառավարության կողմից, այլ՝ բարեգործների, արշավներ են անում, գումարներ են հավաքում: Երբ կառավարությունն է սկսում ֆինանսավորել, դա դառնում է լրիվ ուրիշ բան:

Հովիկ Աբրահամյանն էլ ասաց, որ կառավարության որեւէ որոշումով պահուստային ֆոնդից որեւէ գումար ՀԿ-ներին չի հատկացվում: Իսկ եթե բյուջեից է հատկացվել, բյուջեն հաստատում է ԱԺ-ն. « Երբ որ բյուջեն հաստատում եք, ասեք, որ այդ ՀԿ-ին մի ֆինանսավորեք, քանի որ իշխանամետ է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930