ԼՂՀ ԱԺ պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու փաստը դատապարտում է նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Թեւան Պողոսյանը:
«Դատապարտում եմ ցանկացած տեսակի բռնություն եւ իմ գործընկերոջը մաղթում արագ ապաքինում: Հուսով եմ` մեղավորները կբացահայտվեն եւ խստագույնս կպատժվեն օրենքով»,- հունիսի 8-ին «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց նա:
Թեւան Պողոսյանը հարցադրում արեց` արդյոք թո՞ւյլ ենք տալու նման դեպքի կրկնություն, թե դասեր ենք քաղելու եւ նպաստելու Արցախում ժողովրդավարության զարգացմանը. «Առաջնահերթ պետք է թափանցիկ քննություն: Կարծես կան բավարար տեղեկություններ. օրինակ` Հայկը ճանաչում է իրեն ծեծողներից առնվազն 7-ին: «Արցախ» բանկի եւ հյուրանոցի մոտ էլ տեսախցիկներ կան: Այնպես չէ, որ Արցախում կարելի է գաղտնի բան անել, եւ ոչ մեկ չիմանա: Այսինքն, կան նախադրյալներ, որպեսզի քննությունը գնա ճիշտ ճանապարհով»:
Պատգամավորը հույս հայտնեց, որ համապատասխան քննությունից հետո դատավարությունը եւս կանցնի թափանցիկ կերպով, իսկ արցախյան եւ հայաստանյան մամուլը կհետեւի գործընթացին: Պողոսյանը նաեւ ԼՂՀ ԱԺ-ի դերակատությունն ընդգծեց. «Արցախի պատգամավորները պետք է գիտակցեն` եթե չհասնեն մեղավորներին պատժի ենթարկելուն, նման դեպքերը կարող են իրենց հետ էլ կրկնվել»:
Կարդացեք նաև
Թեւան Պողոսյանի համոզմամբ, եթե Հայկ Խանումյանի հետ կատարվածը թափանցիկ քննարկվի, Արցախը կշահի ժողովրդավարության զարգացման գործում. «Ամեն օր պետք է Արցախի ոստիկանությունն այդ դեպքի առնչությամբ զանգեր ստանա: Մարդիկ պետք է հետաքրքրվեն` ի՞նչ եղավ, ի՞նչ տեղեկություններ կան, ի՞նչ զարգացումներ են եղել, որպեսզի ոստիկանությունը հասկանա` գործողություններ ունեն անելու, որ իրենց շնչին նստած են հանրությունը, մամուլը եւ քաղաքական գործիչները, որոնք պահանջատեր են»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ