Լրահոս
Օրվա լրահոսը

Պատմաբանը  արքեպիսկոպոս Աթեշյանի աղմկոտ նամակի մասին. «Պետք չէ խայծը կուլ տալ եւ դավաճաններ փնտրել»

Հունիս 08,2016 17:35

Aravot.am-ը ԳԱԱ Պատմության ինստիտուտի Հայկական հարցի եւ Հայոց ցեղասպանության պատմության բաժնի վարիչ Արմեն Մարուքյանին խնդրեց մեկնաբանել Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակն՝  ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, որտեղ  Արամ արքեպիսկոպոսը ասել էր, թե Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Բունդեսթագի բանաձեւը  «ափսոսանք» է առաջացրել:

Պարոն Մարուքյանի ձեւակերպմամբ, Պոլսի պատրիարքությունը մշտապես եղել է Թուրքիայի իշխանությունների գործիքը՝ հայ ժողովրդի դեմ պայքարում եւ հաշվի առնելով մեր նվիրապետական այդ աթոռի թեական կարգավիճակը, մեկնաբանության կարիք առանձնապես չկա: Պատմաբանը նաեւ փաստում է. «Առաջին դեպքը չէ, երբ Պոլսի պատրիարքները կամ փոխանորդները նման հայտարարություններ են անում: Սա եւս ստամբուլահայ համայնքի անվտանգությունը պաշտպանելու նպատակով արված հայտարարություն է, որովհետեւ միշտ ծայրահեղական ուժերը ակտիվանում են նման բանաձեւերի ընդունման ժամանակ, այնպես որ կարելի է ըմբռնումով մոտենալ այն ամենին, ինչ գրված է Աթեշյանի նամակում: Կարծում եմ, որ նամակի տեքստը հենց թուրքական կառավարությունից է ուղարկվել, այսինքն նախապես պատրաստված PR գործողություն է սա, եւ ավելորդ զգացմունքային կամ նյարդային վերաբերմունք ցույց տալու անհրաժեշտություն չկա: Կրկնում եմ, սա առաջին դեպքը չէ, միշտ եղել է եւ լինելու է, որովհետեւ ստամբուլահայ համայնքը եւ Պոլսի պատրիարքարանը պատանդի կարգավիճակում են: Այս հանգամանքները հաշվի առնելով՝ պետք է գնահատել փաստերը, նամակների առկայությունը եւ ըստ այդմ վերաբերվել դրան»:

Արմեն Մարուքյանի խոսքով. «Չի կարելի ջուր լցնել թուրքերի ջրաղացին, հոխորտալ պատրիարքի դեմ՝ այս  ինչ եք գրել, եւ այլն եւ այլն: Սա հենց թուրքական ծրագիր է, որով իրենք փորձում են լարվածություն առաջացնել հայության տարբեր հատվածների միջեւ: Պետք չէ այս խայծը կուլ տալ, հասկանալով իրողությունը, թե ինչ պայմաններում են նման նամակները գրվում, պետք է սթափ, կշռադատված մոտենալ դրան եւ ըստ այդմ շարունակել մեր պայքարը: Ակնհայտ է, որ հետագայում էլ նոր գործողություններ են լինելու: Պետք չէ շատ կենտրոնանալ եւ փորձել ազգի դավաճաններ փնտրել տվյալ պարագայում: Ովքեր էմոցիոնալ են նման հարցերի վերաբերվում, նշանակում է՝ չգիտեն ստամբուլահայության եւ Պոլսի պատրիարքության կարգավիճակը, տեղյակ չեն առկա իրողություններին: Այս իրողությունների համատեքստում նման մեղադրանքներ հնչեցնելը, կարծում եմ՝  համարժեք է թուրքական քարոզչամեքենայի ջրաղացին ջուր լցնելուն»:

Հավելենք, որ ավելի վաղ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանն էր մեկնաբանել  Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակը : Տեր Վահրամը եւս ընդգծել էր, թե այս դեպքում գործ ունենք Թուրքիայի եւ նրա վարած քաղաքականության հետ, ուստի բնավ չփորձելով արդարացնել որեւէ մեկին, չէր բացառել հարկադրանքի պարագան:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930