Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Էս ինչե՞ր եք ասում, լա՛վ եմ արել, չեմ եկել, այ քեզ բա՜ն». Հրանտ Բագրատյանը՝ Կորյուն Նահապետյանին

Հունիս 08,2016 16:58

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված հարց ուղղեց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: Վերջինս նախ իր դժգոհությունը հայտնեց, որ Բագրատյանին արտոնյալ կարգով ձայնի իրավունք են տալիս՝ չի հերթագրվել հարց տալու համար: Շարմազանովն էլ հորդորեց իր լիազորությունների մեջ չմտնել, ինքն է որոշում ինչպես վարվել. «Պետք չի Հռոմի պապից ավելի կաթոլիկ լինել: Եթե մարդը մոտենում է, խնդրում է, ես ո՞ր բարոյական իրավունքով ասեմ՝ մի խոսի: Ընդհակառակը, ինչքան խոսեն, էդքան լավ»:

Հրանտ Բագրատյանը հարցրեց՝ կարո՞ղ են արդյոք համատեղվել պատվիրատուն եւ կապալառուն, ինչպես ռազմարդյունաբերական համալիրի դեպքում է. «Ես ունեմ 92-ի փորձ, որը ձախողվեց: Իրավունք ունի՞ ՊՆ հաշվեկշռում գտնվի ռազմական արտադրություններ»: Նա նաեւ պատմեց, թե ինչպես էր իրենց իշխանության տարիներին կառավարվում ռազմաարդյունաբերական համալիրը, օրենք չկար, բայց նախագահի կանոնակարգերով նորմալ աշխատում էր:

Կորյուն Նահապետյանն էլ պատասխանեց, որ երբ «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքի նախագիծն էր քննարկվում անցյալ տարվա մարտին, Բագրատյանը չի մասնակցել ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ էլ երրորդ ընթերցման քննարկմանը. «Չգիտեմ ինչ պատճառներ կարող եք բերել՝ հարգելի կամ անհարգելի, բայց ես չեմ հիշում, որ դուք այս օրենքի նախագծի հետ կապված որեւէ հիմնավոր հարցադրում արած լինեք քննարկման շրջանակներում»:

Հրանտ Բագրատյանը վրդովվեց. «Էս ինչե՞ր եք ասում, ես կարամ գամ, կարամ՝ չգամ, հարց եմ տվել՝ պատասխանեք: Հարցնում եմ՝ կարո՞ղ է կապալառուն եւ պատվիրատուն համատեղվեն: Ասում եք՝ օրենքը երկու անգամ քննարկել ենք՝ չեք եկել, լա՛վ եմ արել, չեմ եկել, այ քեզ բա՜ն: Ես իմ աշխատանքն եմ անում՝ ինչպես հարմար եմ համարում, կարող է՝ չեմ հասցնում: Հիմա դուք ասեք՝ այո՞, թե՞ ոչ, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, 5 տարի էդ հանձնաժողովն եք ղեկավարել»:

Կորյուն Նահապետյանը պատասխանեց, որ՝ այո, կարող են համատեղվել. «Իհարկե, դուք շատ կառույցներ եք ղեկավարել տարիներ շարունակ, զբաղեցրել եք բավականին բարձր պատասխանատու պաշտոններ: Ցավով պետք է նկատեմ, որ մեր շատ ու շատ գործընկերներ, ովքեր նախկինում զբաղեցրել են բավականին պատասխանատու պաշտոններ, իրենց փաստարկումների մեջ առավելապես փորձում են շեշտել այդ հանգամանքը: Ես՝ որպես կրտսեր, խորհոււրդ կտամ փաստարկումների մեջ այդ տոնայնությամբ չխոսել, որովհետեւ դա ամենեւին չի բարձրացնում ձեր փաստարկների ուժը: Ձեր պաշտոնավարման տարիներին անհաջողություններ, թերություններ չե՞ն եղել, եղել են, պետք չի այս համալիրի կազմավորումը կապել միայն ձեր ժամանակների հետ: Մի հատ նայեք համալիրի պատմությունը: Իհարկե, դուք մասնակցություն ունեցել եք, բայց պետք չի գերագնահատել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930