Լրահոս
Օրվա լրահոսը

Ապրիլյան պատերազմի պատճառով եղել են տուրիստներ, որոնք իրենց այցը դեպի Հայաստան չեղարկել են

Հունիս 08,2016 16:39

Aravot.am-ի հարցին, թե ապրիլյան պատերազմի հետեւանքավ քանի՞ տոկոսով կպակասի զբոսաշրջիկների թիվը, այսօր Տնտեսական լրագրողների ակումբի կազմակերպած ասուլիսում Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության ղեկավար Կարինե Դավոյանը պատասխանեց, որ պատերազմից անմիջապես հետո եղել են տուրիստներ, որ չեղարկել են այցելությունը Հայաստան, բայց ժամանակավորապես: Սակայն տիկին Դավոյանը գտնում է, որ այսօր դեպի Հայաստան զբոսաշրջության ոլորտում եղած խնդիրներն այնքան էլ կապ չունեն ապրիլյան պատերազմի հետ:

Հայաստանի ճանապարհների անբարեկարգ վիճակը, զուգարանների բացակայությունը, ավիատոմսերի բարձր գները մեր երկրում տուրիզմի զարգացման թիվ մեկ խոչընդոտներից են՝ ասաց տիկին Դավոյանը: Նրա խոսքերով, տուրօպերատորները հազարավոր անգամներ այդ հարցերը բարձրացրել են էկոնոմիկայի, տրանսպորտի ոլորտների, պատասխանատուների առաջ, սակայն նշյալ խնդիրները ոչ մի կերպ չեն լուծվում. «Ճանապարհները սարսափելի վիճակում են: Արդեն ամաչում ենք խոսել զուգարանների մասին, տուրիստներին ժամերով ման ենք տալիս եւ չենք կարողանում զուգարանով ապահովել»:

Կարինե Դավոյանը նաեւ ասաց, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի, շատ քիչ է ներկայացվում աշխարհին. «CNN-ով մշտապես տեսնում ենք Ադրբեջանի եւ Վրաստանի գովազդը, սակայն Հայաստանինը` ոչ: Եթե մենք ասում ենք, որ տուրիզմը գլխավոր ուղղություն է մեր երկրում, պետք է գումար ծախսենք դրա համար»:

Միության նախագահն, անդրադառնալով ավիատոմսերի թանկ լինելուն, ասաց, որ այն ազդում է տուրփաթեթների արժեքի վրա. «Տոմսերի գների պատճառով փաթեթը կարող է 200 եվրոյի տարբերություն տալ: Շատ հաճախ պատճառաբանվում է, որ դեպի Հայաստան եւ հակառակ ուղղությունները ինքնաթիռները կիսադատարկ են լինում , բայց երբ ինքնաթիռը լիքն էլ է լինում, միեւնույն է, ավիատոմսը չի էժանանում»:

Ասուլիսին ներկա Տուրիզմի հայկական ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Մինասյանի խոսքերով՝ տուրիզմը խիստ զգայուն ոլորտ է, եւ այն արագ արձագանքում է, երբ անվտանգության հետ կապված խնդիր կա. «Հարեւան Իրաքում պատերազմ է, շատերը պատկերացնում են, թե Հայաստանում էլ է նույն բանը»:

Ըստ Ռոբերտ Մինասյանի, աշխարհում 7 միլիարդ մարդ կա, որից մեկ միլիարդն է շրջագայում: Ըստ նրա՝ զբոսաշրջիկների ցանկություններն ու պահանջները փոխվել են, սակայն մենք չենք քայլում դրանց հետ համահունչ. «Նոր փաթեթներ պետք է ներկայացնենք, բայց նոր փաթեթներ չկան: Ավելի շատ տուրիստներ մեկնում են Ադրբեջան, Վրաստան, քան` Հայաստան»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930