«Միեւնույնն է, Թուրքիան Գերմանիայի վրա ազդելու հնարավորություններ չունի, եթե շատ համը հանեց` կզրկվի երեք միլիարդից: Էրդողանը լկտիաբար հիշեցնում է Գերմանիայում բնակվող երեք միլիոն թուրքերի մասին եւ այդ կերպ փորձում շանտաժի ենթարկել: Այդ երեք միլիոնից կես միլիոնը քրդեր են: Այնպես որ, Գերմանիան իր երկրի քրդական կազմակերպություններին կարող է հրահրել թուրքերի դեմ»,-հունիսի 8-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:
Հակոբ Չաքրյանի խոսքով` եթե Թուրքիան «համը հանի», Գերմանիան Թուրքիայի քրդերին կարող է տալ հակաօդային պաշտպանության հրթիռներ. «Դրանցով քրդերը կարող են խոցել թուրքական ինքնաթիռները: Քրդերի կողմից թուրքական ուղղաթիռը խփելուց հետո գիշերն են թուրքական ուղղաթիռները թռնում քրդաբնակ շրջանների վրայով, որպեսզի չխոցվեն»:
Չաքրյանը մեկնաբանեց նաեւ Էրդողանի եւ նրա համախոհների տեսակետը, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւին կողմ քվեարկած ազգությամբ թուրք պատգամավորների «արյունն ու կերած կաթը պղտորվել է». «Պատգամավոր Ջեմ Օզդեմիրի վրա Թուրքիայում վաղուց կատաղած են, քանի որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի հեղինակն իրականում նա է համարվում: Նման բաներ որ ասում են թուրք պատգամավորների հասցեին, ապուշ-ապուշ խոսում են… Թուրքը մնում է թուրք, թեեւ նորմալ թուրքեր էլ կան: Բայց էրդողանի իշխանության ներկայացուցիչները սանձարձակ հայտարարություններ շատ են անում, մանավանդ հենց ինքը` Էրդողանը»:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ