Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Էրդողանը վաղուց էր երազում Սբ. Սոֆիայի տաճարը մզկիթի վերածել». Հակոբ Չաքրյան

Հունիս 08,2016 16:16

«Էրդողանը քաղաքականացրել է իսլամը եւ իր երկիրը տանում է դեպի իսլամական արմատներ: Նոր վարչապետ Բինալի Յըլդըրըմի ձեւավորած կառավարությունն ավելի թույլ է` Էրդողանի ուզածով: Այդ կառավարությունն առաջնահերթ խնդիր է համարում սահմանադրական փոփոխությունները, որոնց միջոցով Թուրքիան կանցնի կառավարման նախագահական համակարգի: Եթե հաջողվի, Էրդողանի միանձնյա իշխանությունը կօրինականացվի: Ներկայիս` խորհրդարանական համակարգում Էրդողանն իշխում է խորհրդարանի եւ կառավարության վրա»,-հունիսի 8-ին «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը:

Անդրադառնալով Թուրքիայի ներքին խնդիրներին` նա նշեց, որ ռուսական ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ պատժամիջոցները զգալի ազդեցություն են թողել. «Անթալիայում 2000-ից ավելի հյուրանոց է վաճառքի հանված: Խնդիրը միայն հյուրանոցային ցանցին չի վերաբերում: Ներկայում միայն 20.000 զբոսաշրջիկ է գտնվում Անթալիայում, մինչդեռ ՌԴ-ից նախկինում տարեկան 4 միլիոն զբոսաշրջիկ էր գալիս Թուրքիա: Պուտինն էլ հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները չեն կարող բարելավվել, իսկ Պուտինի ասածն ասած է»:

Երեկ Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչության առնչությամբ էլ թուրքագետը նշեց, որ պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը. «Թուրքիան արեւմուտքի ճնշումների ներքո դադարել է աջակցել ԻՊ-ին, վերջինս էլ այդ կերպ վրեժ է լուծում: Ընդհանուր առմամբ, Թուրքիան լուրջ խնդիրների առաջ է կանգնած»:

Aravot.am-ը խնդրեց մեկնաբանել Էրդողանի վերջին հայտարարությունը, թե Սուրբ Սոֆիայի տաճարը վերածվելու է մզկիթի` ի պատասխան Գերմանիայի Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի  ընդունմանը: «Էրդողանը վաղուց էր երազում Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնել: Դրա անմիջական հարեւանությամբ Կապույտ մզկիթ կա` բավականին մեծ, ի՞նչ կարիք կա Սուրբ Սոֆիան էլ մզկիթ դարձնել: Դա կնվազեցնի Թուրքիայի ազգային հեղինակությունը: Որքան էլ Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնի, ամբողջ աշխարհը գիտի, որ դա բյուզանդական հրաշքներից մեկն է, եւ որի գմբեթը վերակառուցել է Անիից հրավիրված Տրդատ ճարտարապետը»,-նկատեց Հակոբ Չաքրյանը:

Հավելենք, որ Ստամբուլում գտնվող Բյուզանդական կայսրության երբեմնի քրիստոնեական տաճարը ներկայում պատմական հուշարձանի եւ թանգարանի կարգավիճակ ունի: Էրդողանի խոսքերով` Ռամադանի (մուսուլմանների սրբազան ամիսը) օրերին տաճարում «նամազ» են անելու եւ հեռարձակելու ուղիղ եթերով:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930