Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արագած Ախոյանը «ցեխը մտցրեց» Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին (Տեսանյութ)

Հունիս 08,2016 15:45

«Պոլսո Հայոց Պատրիարքարանի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արած հայտարարությունը առաջինը չէր, այլ՝ դա այն գագաթնակետն էր բոլոր հակահայ ու նույնաբովանդակ հայտարարությունների, որոնք հնչել են մինչ օրս»,- խորհրդարանում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Արագած Ախոյանը:

Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, հիշեցնենք, ափսոսանք էր հայտնել Գերմանիայում ընդունված Հայոց Ցեղասպանությունը դատապարտող բանաձեւի մասով: «Այդպիսի հակահայ հայտարարությունները եղել են պարբերաբար: Շատ է եղել, որ հայկական համայնքը շատ անգամ է փորձել դրանց վրա աչք փակել, և շատ անգամ է եղել, որ Մայր Աթոռը փորձել է կլորացնել բոլոր սուր անկյունները, բայց այսպես այլևս անհնար է, իսկ երեկվա հայտարարությունն ուղղակի այդ շարքի վերջնակետն էր»,- ասաց Արագած Ախոյանը:

Նա տարակուսանք հայտնեց, որ նման հայտարարություն է հնչում Արամ Արքեպիսկոպոս Աթեշյանի կողմից այն պարագայում, երբ Թուրքիայում հասարակական ու քաղաքական լայն շերտերն արդեն ողջունել են Գերմանիայի Բունդեսթագի քայլը: Ախոյանը հորդորում է` Աթեշյանի հայտարարությանը չխառնել ոչ հայկական համայնքին, ոչ էլ՝ Մայր Աթոռին: Մայր Աթոռը, հիշեցնենք, այսպես էր արձագանքել այդ նամակին:

Պոլսո Պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն անկողնուն գամված է, եւ ըստ կարգի, Պոլսո Պատրիարքը ցմահ է ընտրվում: Ախոյանը միայն հիշեցնում է`Աթեշյանը Պատրիարքի փոխանորդ է եւ պարզապես օգտվում է առիթից` սպասարկելով ոչ թե Թուրքիայում ապրող հայկական համայնքի, այլ՝ թուրքական իշխանությունների շահերը: Արագած Ախոյանը որոշ մանրամասներ պատմեց իր եւ Աթեշյանի տարբեր զրույցներից, որոնք վկայում են նրա հակահայկական գործունեության մասին:

Մանրամասները`տեսանյութում:

Արագած Ախոյանը հարցի լուծումը տեսնում է այսպես. «Աթեշյանը պետք է օր առաջ իր պաշտոնից ազատվի, որպեսզի Պատրիարքի նոր ընտրություններ հայտարարվեն, և ընտրվի նոր Պատրիարք, որն իսկապես կհասկանա Մայր Աթոռի կարևորությունը, հայ ժողովրդի ընդհանուր հետաքրքրություններն ու իրավունքների պահպանման անհրաժեշտությունը, և իսկապես կկարողանա հայ ժողովրդին ներկայացնել Թուրքիայում»:

Բայց Պոլսո Պատրիարքի ընտրությունները կախված են թուրքական իշխանությունների թույլտվությունից: Նրանք ուղղակիորեն չեն մասնակցում, սակայն նշանակման մասով մեծ ազդեցություն ունեն: Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ Աթեշյանը հրաժարական կտա կամ որո՞նք են նրան հրաժարական պարտադրելու մեխանիզմները, Արագած Ախոյանն ասաց. «Այսպես թե այնպես, նա պետք է հրաժարական տա, և մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի հասնենք դրան: Քաղհասարակությունը կանի ամեն ինչ, որպեսզի նա մեկ օր շուտ իր իսկ ձեռքով ներկայացնի իր հրաժարականը: Եվ փրկի ոչ միայն իրեն, այլև՝ հայ ժողովրդին»:

Աթեշյանը նաեւ Պոլսո Պատրիարաքարանում համախոհներ ունի, բայց դրանց թիվը մեծ չէ: «Անուններ չեմ տալիս, բայց ցավոք սրտի, նա ունի համախոհներ. որոշ հոգևորականներ, որոշ թերթերի խմբագիրներ, ովքեր նույնպես ղեկավարվում են թուրքական իշխանությունների կողմից: Բայց այսօր նրան համախոհ չէ Թուրքիայի ազնիվ քաղաքացին, անգամ ազգությամբ ոչ հայ, ովքեր մեր կողմնակիցներն են, ովքեր նույնպես կառաջադրեն թեկնածու, եթե այդ առիթը լինի»: Պոլսո Պատրիարքի թեկնածուներ էլ շատ կան: Արագած Ախոյանը որեւէ մեկի անունը չի տալիս`որեւէ մեկի շահերի պաշտպան չդառնալու համար:

Նա նաեւ չի ընդունում տեսակետը, թե Աթեշյանը պարտադրանքի ներքո է նման քայլի գնացել: Համենայնդեպս, չի կարծում թե Աթեշյանի վրա ավելի շատ ճնշումներ են կիրառվում, քան այն թուրք քաղաքական գործիչների, ովքեր կողմ են արտահայտվում Ցեղասպանության ճանաչմանը եւ կանգնած են բանտարկության շեմին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930