Հունիսի 7-ի երեկոյան Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը այցելեց Հայաստան: Չեխիայում հրապարակվող հայալեզու «Օրեր» կայքի հաղորդմամբ՝ Չեխիայի պատմության մեջ առաջին անգամ երկրի նախագահը կայցելի Երեւան։ Դեռ 2014-ին Պրահայում Հայաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Չեխիայի նախագահը խոստացել էր այցելել եւ եռօրյա այցի ընթացքում նախատեսվում են մի շարք հանդիպումներ ոչ միայն նախագահի, Ազգային ժողովի նախագահի, վարչապետի հետ, այլեւ մասնակցություն հայ-չեխական գործարար ֆորումին։
Նույն «Օրերը» նաեւ տեղեկացրել էր, որ Չեխական ՚՚Պառլամենտնի լիստի՚՚`\ParlamentníListy.cz\ օնլայն թերթին տված հարցազրույցում, Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանն ասել է, որ ցանկանում է կառավարությանն ու խորհրդարանին կոչ անել, որպեսզի հետեւեն գերմանական օրինակին եւ պաշտոնապես ճանաչեն 1915-1918 թթ –ին թուրքերի կողմից իրականացված Հայերի ցեղասպանությունը։
Ի դեպ, այսօր առավոտյան Չեխիայի նախագահը՝ ՀՀ ԱԳ նախարարի եւ Երեւանի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ Հիշողության պուրակում տնկեց ավանդական եղեւնին: