«Ղարաբաղը, Արցախը Հայաստան է, Հայաստանի անբաժանելի մասն է»,- հունիսի 8-ին «Անդրադարձ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը (լուսանկարում՝ աջից):
Նա համարում է, որ Արցախի նկատմամբ պետք է հատուկ հոգատարություն ունենալ. նրա հեղինակությունը, վարկը չափազանց կարեւոր են ոչ միայն Արցախի համար, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության եւ համայն հայության համար. «Այսինքն՝ այնտեղի քաղաքական գործիչները, քաղաքացիները, զինվորականները չափազանց մեծ պատասխանատվություն են կրում, այնտեղ ապրելը պատասխանատվություն է: Նրանք պետք է շատ զգույշ, շատ հոգատար լինեն Արցախի վարկի եւ հեղինակության նկատմամբ: Որեւէ պրովոկացիա, ով ուզում է լինի, որ թույլ է տալիս, հարվածում է համայն հայությանը: Ես չեմ ասում ՝ միայն պետականությանը, միայն Արցախին կամ Հայաստանին»:
Ազատ Արշակյանը անդրադարձավ նաեւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելուն. «Ոչ ոք իրավունք չունի ինքնադատաստան կազմակերպել, ոչ ոք իրավունք չունի որոշելու եւ որեւէ մեկին պատժելու, առավել եւս՝ չի կարելի հարձակվել իշխանության վրա, իսկ Ազգային ժողովի պատգամավորը իշխանություն է: Ես համարում եմ, որ հարձակում է եղել Արցախի իշխանության վրա, Հայաստանի իշխանության վրա` միջադեպի համար եմ ասում: Դա միանշանակ դատապարտելի է եւ պատվի խնդիր է, որ Արցախի իշխանությունը, Հայաստանի իշխանությունը շտապ, շուտ հայտնաբերեն եւ պատժեն հանցագործներին, որոնք որ ինքնադատաստան են տեսել Ազգային ժողովի պատգամավորի նկատմամբ»:
Ազատ Արշակյանը համարում է, որ Հայաստանի քաղաքական գործիչները կատարվածին անպայման պետք է արձագանքեն. «Դա մեր հայրենիքն է, մենք միշտ պետք է լինենք Արցախի հետ. դա մեր գործն է: Իսկ տերմինաբանությունը՝ քթով, մռթով, դնչով (նկատի ունի Շարմազանովի հայտարարությունը -Ա. Չ.), դա ի՞նչ ձեւ է: Ես չեմ հասկանում, դա գուցե շրջաբերակա՞ն է եղել: Ո՞վ է ինձ արգելում խառնվել Արցախի գործերին, դա ո՞ւմ գործն է, եթե դա պրովոկացիա է, հաջող պրովոկացիա է, Հանրապետական կուսակցությունը նույնպես վարկաբեկվում է. եթե ինչ-որ մեկը թիրախ է ընտրել՝ Մարգարիտան կամ Էդուարդը (նկատի ունի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին- Ա. Չ.) թիրախ են ընտրել Հանրապետական կուսակցությունը, ես ողջունում եմ, ուրիշ բաներ էլ կան, մարմնի ուրիշ մասեր էլ կան, դրանք էլ թո՛ղ օգտագործեն իրենք իրենց հայհոյելու համար, ինքնախարազանման համար, ասե՛ք, մենք կուրախանանք»:
Կարդացեք նաև
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ