Լրահոս
Օրվա լրահոսը

Խանութի հրկիզման արդյունքում 29 միլիոն դրամի վնաս տված կանայք ազատազրկվել են

Հունիս 08,2016 13:59

Տավուշի մարզի Նորաշեն գյուղի բնակչուհիներ, 1969թ. ծնված Շուշան  Խաչատրյանին եւ 1966թ. ծնված Լուսինե Գրիգորյանին  մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ  աշխատանքային պայմանագրով  հանդիսանալով անհատ ձեռներեց Անդրանիկ Ավագյանի` Նորաշեն գյուղում գտնվող «Դավիթ-Բեկ» խանութի վաճառողուհիներ, պարբերաբար  տնտեսական ապրանքների վաճառաբաժնից յուրացման եղանակով հափշտակել են տարբեր տեսակի կենցաղային ապրանքներ, իսկ դրամարկղից` գումար: Շուշան  Խաչատրյանն Անդրանիկ Ավագյանին պատճառել է 7 միլիոն 500 հազար դրամի, իսկ Լուսինե Գրիգորյանը` 2 միլիոն 800 հազար  դրամի նյութական վնաս:

Նրանք տեղեկանալով, որ խանութում կատարվելու են ստուգումներ, իրար հետ  նախնական համաձայնությամբ, 2015թ. ապրիլի 19-ին ժամը 20:00-ի սահմաններում հրկիզման եղանակով հրդեհել են  խանութի սննդամթերքի բաժինը, որի հետևանքով Անդրանիկ Ավագյանին պատճառվել է 27 միլիոն 407 հազար 916  դրամի, իսկ «Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին` 1 միլիոն 772 հազար 550  դրամի նյութական վնաս:

Շուշան  Խաչատրյանին մեղադրանք է  առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, իսկ Շ. Խաչատրյանին`185 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով: Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

2016թ. մարտի 29-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի  դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը վճռել է Շ. Խաչատրյանին եւ Լ. Գրիգորյանին  մեղավոր ճանաչել նրանց առաջադրված հոդվածներում եւ նրանց դատապարտել համապատասխանաբար 5 տարի եւ 6 ամիս  եւ 2 տարվա ազատազրկման՝ առանց գույքի բռնագրավման: Դատավորը վճռել է Շ. Խաչատրյանից հօգուտ   գործով տուժող, անհատ ձեռներեց Անդրանիկ Ավագյանի բռնագանձել 7 միլիոն 100 հազար, Լուսինե Գրիգորյանից՝ 2 միլիոն 500 հազար դրամ, որպես հանցագործությամբ պատճառված նյութական վնասի հատուցում՝  նրանցից համապարտության կարգով  բռնագանձել  27 միլիոն 407 հազար 916դրամ, «ԱԿԳԱ կրեդիտ ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ին վերապահել քաղաքացիական հայցի իրավունք:

Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի՝  Շուշան Խաչատրյանը եւ Լուսինե  Գրիգորյանը  բողոքարկել են Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի վճիռը, խնդրելով բեկանել այդ վճիռը եւ գործն ուղարկել նույն դատարան՝ այլ կազմով նոր քննության:  Քրեական  գործերով վերաքննիչ դատարանում վերաքննիչ բողոքի քննությունն ընթացքի մեջ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930