ԱԺ-ում այսօր ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն անդրադարձավ Պոլսո հայոց պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի նամակին՝ ուղղված Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:
Նա ասաց, որ աննախադեպ խայտառակություն է եղել հայոց ողջ պատմության մեջ եւ այդ նամակը «խայտառակ ու անբարո» գնահատեց. «Սա պետական, ազգային դավաճանություն է՝ բարձրաստիճան հոգեւորականի կողմից, որի նախադեպը ընդհանրապես հայոց ողջ պատմության մեջ չի եղել»:
Նաիրա Զոհրաբյանին այս հարցով դիմել են Թուրքիայի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, ուստի պատգամավորը կոչ արեց, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը եկեղեցական կանոնակարգերով իրեն վերապահված լիազորություններով, այդ թվում՝ եկեղեցական ընդհանուր ժողով հրավիրելով՝ դնի Պոլսո պատրիարքի ընդհանուր փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին կարգալույծ անելու հարցը. «Սա համայն հայության խնդիրը պետք է լինի, որովհետեւ նման աննախադեպ խայտառակ նամակ չի եղել: Դա մեր բոլորի ամոթն է եւ դրանից պիտի արվեն շատ արագ հետեւություններ»:
ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանն էլ արձագանքեց, որ Հայոց առաքելական եկեղեցին պատշաճ ձեւով արձագանքել է դրան. «Պետք է մի կողմից ընդվզել այդ ամենի դեմ, բայց մյուս կողմից հասկանալ, որ կա կառույց՝ հայոց առաքելական սուրբ եկեղեցին: Հոգեւոր հարցերը թողնենք հոգեւոր հայրերին»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ