2016թ. փետրվարի 11-ին, ժամը 22-ի սահմաններում Դիլիջան քաղաքի 27-ամյա բնակիչ Սերգեյ Միքայելյանը Դիլիջանի բժշկական կենտրոն է տեղափոխվել ինքնաձիգի կրակոցից վիրավոր վիճակում,«աջ ստորին վերջույթի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ: Ս.Միքայելյանը Դիլիջանի տարածքում ինքնաձիգի գնդակից վիրավորվել է, երբ գտնվել է ավտոմեքենայի մեջ: Գնդակը ծակել-անցել է ավտոմեքենայի դուռը եւ խոցել Սերգելի ոտքը: Նա, ի պատասխան, իր մոտ գտնվող ինքնաձիգից օդ է կրակել:
Դեպքի կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով(«Սպանության փորձը») եվ 235 հոդվածի 1-ին մասով («Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից եւ դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը,պահելը, փոխադրելը կամ կրելը»):
Սերգեյ Միքայելյանի դեմ կատարած մահափորձի կապակցությամբ որպես մեղադրյալ ներգրավվել է Դիլիջանի զինվորական կոմիսար, փոխգնդապետ Հովհաննես Հակոբյանի որդին՝ 26-ամյա Դավիթ Հակոբյանը: Վերջինս մոտ մեկ ամիս գտնվում էր փախուստի մեջ, հետո ներկայացավ իրավապահներին, նա կալանավորված է: Քրեական գործի քննությունը կատարում էր ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժինը: Դեպքի կապակցությամբ նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային վարչությունից տեղեկացանք, որ քրեական գործը տեղափոխվել է այլ մարմնի՝ նույն կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության վարչության վարույթ: Սերգեյ Միքայելյանին որեւէ մեղադրանք առաջադրված չէ: Քննությունը պետք է պարզի,թե որտեղից են Դավիթ Հակոբյանը եւ Սերգեյ Միքայելյանը ձեռք բերել ապօրինի զենք համարվող 2 ինքնաձիգերը: Իրավապահ համակարգից ստացված տեղեկություններով՝ Դիլիջանի զինկոմի որդին նախկինում դատվել է Ռուսաստանում: Նա փետրվարի 11-ին Դիլիջանում Ս. Միքայելյանի վրա կրակել է աղջկա պատճառով:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ