Հրանտ Հ.-ի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում վկաներ` Աշոտ Գ.-ն, Ռիտա Գ.-ն և Կարեն Օ.-ն հայտնել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների և ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի բաժնի քննիչների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու, բացատրություններ և ցուցմունքներ կորզելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
Քաղաքացիների նույնաբովանդակ հաղորդումների հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի և 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի հայտնած տեղեկություններն ամբողջությամբ հերքվել են ինչպես ոստիկանության աշխատակիցների և քննիչների ցուցմունքներով ներկայացված փաստարկներով, այնպես էլ նույն անձանց՝ Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի և Կարեն Օ.-ի՝ հետագայում տված խոստովանական ցուցմունքով, որ իրենք սուտ տեղեկություններ են հայտնել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ:
Այս կերպ՝ քրեական գործով վկաները պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց անհիմն մեղադրել են ծանր հանցագործության կատարման մեջ:
Կարդացեք նաև
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի և 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության
լրատվական ծառայություն