Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կոռուպցիայի դեմ պայքարում  չմոռանաք քննչական կոմիտեի անունն էլ տալ. «Չորրորդ իշխանություն»

Հունիս 08,2016 11:19

Հունիսի 3-ի «ՉԻ» համարում «Բանկ-գնահատող ընկերություն-դատարան՝ կոռուպցիոն պայքարի առանձին ճակատ» վերնագրի ներքո մենք կառավարության ու նրա ղեկավարի ուշադրությունն էինք հրավիրել կոռուպցիոն նոր օջախի վրա։

Խոսքը, ինչպես նշել  էինք, բանկային համակարգի «առնչակից» ինստիտուտների մասին էր, որտեղ կոռուպցիոն այնպիսի մախինացիաներ են իրագործվում, որից ոչ պետությունն է օգտվում, ոչ էլ քաղաքացին։ Օգտվողը միայն բանկն է (բանկերը դրսի կապիտալ են պտտեցնում) ու նրան սպասարկող շատ կոնկրետ շրջանակ։ Մանրամասն ներկայացրել էինք Հայաստանում գործող անշարժ գույքի գնահատման ընկերությունների գործունեության «կոռուպցիոն էֆեկտները»։ Հատուկ ընդգծել էինք, որ այդ ընկերությունների հետեւում կանգնած են բացառապես բարձրաստիճան պաշտոնյաներ։ Խոստացել էինք «ՉԻ» համարներում կոնկրետ պատմություններով ներկայացնել հանցավոր մեխանիզմը՝ մատնանշելով բանկերի, «տանիքով» գնահատող կազմակերպությունների ու դատավորների անուններ։ Սկզբի համար միայն ամրագրել էինք հանցավոր մեխանիզմի միակ նպատակը՝ մարդուն զրկել ունեցվածքից, նրանից հնարավորինս «շահավետ պայմաններով» խլել սեփականությունը։

Հրապարակման հաջորդ օրն իսկ «ՉԻ» խմբագրությունը տասնյակ ահագանգեր ստացավ, թեման շատերին էր հետաքրքրել, ու ՀՀ քաղաքացիներն իրենց պատմություններով սկսեցին «կիսվել» մեզ հետ։ ՀՀ քննչական կոմիտեի մեր աղբյուրներից հայտնի դարձավ, որ դեռեւս 2015 թվականին «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ն հաղորդում է ներկայացրել համապատասխան մարմիններին այն մասին, որ անշարժ գույքի գնահատմամբ զբաղվող «Կառուցագետ» ընկերությունը կեղծ գնահատում-եզրակացություն է ներկայացրել՝ բանկում գրավադրված անշարժ գույքի մասով։ Խոսքը Ծիծեռնակաբերդի խճուղի 1/2 հասցեում վեր խոյացող էլիտար շենքի մասին է, որը գրավադրված է «Հայբիզնեսբանկում»։ Բանկի ապօրինի գործողություններին այս դրվագով «ՉԻ»-ն առիթ ունեցել է անդրադառնալու։ Ծավալուն հետաքննություն են իրենց հերթին իրականացրել «Հետք»-ի լրագրողները։ Հարցը պատգամավորների կողմից բարձրաձայնվել է Ազգային ժողովում, սակայն այդ ամենը որեւէ արդյունք չի տվել։ Բանկը շարունակել է մաս-մաս խլել մարդկանց սեփականությունը, եւ երբ «Կառուցագետ» ընկերությունը գնահատում է իրականացրել, որը բանկի շահերի ու տրամադրությունների հետ չի համընկել, բանկի ղեկավարությունը որոշել է դիմել քննչական մարմինների «օգնությանը»։ Արդյունքում՝ գործ է հարուցվել գնահատող ընկերության փորձագետների դեմ։ ֊Քրեական գործի հարուցմամբ բանկը չի սահմանափակվել։ Շենքի նոր գնահատումը պատվիրվել է մեկ այլ ընկերության, որն այլ գործերով արդեն բանկի «դուդուկի» տակ թվեր է ներկայացրել՝ շրջանցելով կառավարության համապատասխան բոլոր որոշումները։ Սրա մասին կխոսենք հաջորդիվ։ Հիմա կանգ առնենք «Կառուցագետ» ընկերության մասով հարուցված քրեական գործի եւ դրա «դինամիկայի» վրա։

«ՉԻ»-ն երեկ փորձեց Քննչական կոմիտեի իր աղբյուրների ինֆորմացիան ստուգել հենց ընկերության ներկայացուցիչներից։ Ընկերությունից հաստատեցին, որ Քննչական կոմիտեում դեռեւս անցած տարի գործ է հարուցվել։ Ի՞նչ ընթացք է ստացել այն, ո՞ր փուլում է քննիչը «լռվել»՝ ընկերությունից ոչինչ չասացին։ «Մենք ոչինչ չգիտենք, գիտենք, որ գործ է հարուցված, որի շրջանակներում ընկերության փորձագետները հարցաքննվել են որպես վկաներ, կրկնակի փորձաքննությունների է ենթարկվել մեր ներկայացրած գնահատումը, բայց հետո՝ ի՞նչ է որոշվել ու ի՞նչ ընթացք է ստացել այդ ամենը՝ մենք չգիտենք, մեզ ոչ մի մարմնից ոչ մի իրազեկում կամ փաստաթուդթ-ծանուցում չի ուղարկվել», «ՉԻ»-ի հետ զրույցում նշեց «Կառուցագետ» ընկերության ներկայացուցիչը։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930