Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Բաց դիմում-նամակ ՀՀ նախագահ պարոն Սերժ Սարգսյանին՝ Փառանձեմ Մեյթիխանյանից

Հունիս 08,2016 09:21

 Մեծարգո՛ Նախագահ:

Ձեզ է գրում հունիսի 4-ին Երևան – Նուբարաշեն ճանապարհին վեց թափթփուկների կողմից դաժանաբար  սպանված Եղիշե Մանուկի Խաչատրյանի կինը՝ ԵՊՀ բանասիրության ֆակուլտետի հայոց լեզվի ամբիոնի դոցենտ Փառանձեմ Մեյթիխանյանը:

Ես, պարո՛ն Նախագահ, երբեք քաղաքականությամբ չեմ զբաղվել, առավել ևս չեմ մտածել, որ Ձեզ կհղեմ նման բովանդակությամբ դիմում-նամակ: Ես գիտության մարդ եմ, և իմ գիտական վաստակի համար արժանացել եմ Հանրապետության նախագահի, ինչպես նաև վարչապետի շնորհակալագրերի:

Ամուսինս՝ Եղիշե Խաչատրյանը, զբաղվում էր գյուղատնտեսությամբ. նրա այգիների  որակյալ բերքն ու բարիքը շատերն են ճաշակել, ուղարկվել  մինչև անգամ Մոսկվա՝ Կրեմլ:

Նա խորապես նվիրված էր իր գործին, շրջապատում մեծ համակրանք էր վայելում իր մարդկային բարձր առաքինությունների՝ ազնվության, աշխատասիրության, բարության, պատվախնդրության  համար, ինչն էլ փոխանցել է իր երեք զավակներին: Մարդկային բարձր որակները նա ժառանգել էր իր արմատներից՝ Մեծ եղեռնից մազապուրծ փրկված պապ ու տատից. ասեմ, որ ամուսնուս անվանակոչել էր իր Նվարդ տատը՝ գաղթի ճանապահին մեռած եղբոր անվամբ:

Ուզում եմ մի փոքր ավելին ասել. չէր սիրում փողկապ կապել, ուներ  պարզ ու համեստ հագուկապ,նախընտրում էր Ford –Transit մեքենա վարել, շքեղ մեքենայի փոխարեն իր ֆերմերային տնտեսության համար  փոքր տրակտոր, էլեկտրական գերանդի գնել. ի դեպ, այգու խոտն ինքն էր հնձում, նորատունկ այգիները ինքն էր ջրում՝ չվստահելով այդ գործերը ոչ մեկին: Մենք ստեղծել էինք այն ամուր ընտանիքներից մեկը, որն այս երկրի հիմքերից է՝ բնավ չմտածելով, որ մեզ հետ կարող է նման ողբերգություն կատարվել: Եղեռնից մազապուրծ փրկվածների ժառանգը եղեռնազարկ եղավ իր հայրենիքում՝ իր տանից քիչ հեռու հարազատ մոր աչքի առջև:

Այդ չարաբաստիկ օրը Երևանում նա մոր հետ մասնակցում էր  բարեկամի որդու հարսանիքին: Երևանում գիշերելու իմ հորդորներն իզուր անցան. նրանք շտապում էին գյուղ, քանի որ վաղ առավոտյան՝ ժամը հինգին, այգիներից հնձած խոտը պետք է հավաքվեր:

Ես չեմ ուզում այդ դաժան օրվա բոլոր մանրամասները նշել, բայց կարեւորեմ որոշ դրվագներ: Երթևեկության կանոնները կոպտորեն խախտած մեքենայի վարորդին հանդիմանելու համար նա ստանում է մորն ուղղված հայհոյանքներ, որոնք լսում է մեքենայում գտնվող իր մայրը: Ավելին, մեքենայից դուրս են գալիս երեք երիտասարդներ և մեկ աղջիկ, որոնք սկսում են քաշքշել իմ ամուսնուն: Սկսվում է ծեծկռտուք: Երիտասարդներին արագ միանում են ևս երեքը և բութ գործիքով հարվածելով՝ գետին են տապալում Եղիշեին: Ամուսնուս մայրը աղերսում է վերջացնել կռիվը, բայց նրանք հրելով գետին են գցում նաև  խեղճ կնոջը և հենց մոր աչքերի առջև խմբակային դաժանաբար ծեծում են ամուսնուս մինչև անշարժանալը ու նաեւ դրանից հետո /իմ ձեռքին է դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը՝ մահվան պատճառ հանդիսացող գանգի և դիմային ոսկրերի կոտրվածքներ, գանգի հիմքի կոտրվածք/: Ու թողնելով անշնչացած մարդուն և խելակորույս մորը՝ շտապ փախչում են դեպքի վայրից: Ցավոք, անցնող մեքենաներից և ոչ մեկը չի համարձակվում կանգնել և օգնության ձեռք մեկնել, մինչդեռ տարբեր կայքերում արդեն զետեղվում են ողբերգական այս դեպքի որոշ տեսարաններ՝ նկարված չկանգնող մեքենաների միջից:

Ուզում եմ հասկանալ՝ ապրիլյան չորսօրյա պատերազմից հետո  կամավորների այդ հսկայական շարժը՝ թուրքի դեմ կռվելու, մի՞թե պակաս վտանգավոր էր, քան սեփական երկրում տարեց կնոջ օգնության կանչին արձագանքելը: Ինչո՞ւ են վախենում:

Ես և իմ ամուսինը անվարան կողմ ենք քվեարկել նոր Սահմանադրությանը, ուր հստակ արձանագրված է, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի ունի ապրելու և աշխատելու իրավունք, բայց ոչ ՝ սպանելու և անպատիժ մնալու:

Այս ծանր վշտի պահին իմ ողջ ընտանիքը, մինուճար որդուն կորցրած մայրը դիմում ենք Ձեզ, որ Ձեր անմիջական հսկողության տակ վերցնեք հանրապետությունը ցնցած այս դեպքի քննությունը մի պարզ պատճառով:

Կատարվել է խմբակային դաժան սպանություն, և այդ խմբի անդամները հափրացած այնպիսի երիտասարդներ են, որոնց մայրերը չեն կարողացել կամ ժամանակ չեն ունեցել իրեն որդիներին այնպես դաստիարակել, ինչպես իմ սկեսուր մայրը՝ իր զավակին:

Անմեղության կանխավարկածը հաշվի առնելով՝ անուններ չեմ ուզում հրապարակել, թեև նրանց բոլորի անունները գրեթե բոլորին են հայտնի:

Մեծարգո՛ Նախագահ, իմ ընտանիքը հարգում և վստահում է Ձեզ, ակնկալում արդար դատաստան  ոչ թե մեկի կամ երկուսի, այլ բոլորի համար. դրանք ու դրանց նմանները չարիք են մեր հասարակության համար, ծայրահեղ վտանգավոր. ավելին, այդպիսի սրիկաներն են աղճատում մեր երիտասարդության բարոյական նկարագիրը:

Համոզված եմ, որ իմ ընտանիքի այս դիմում-նամակը կբավարարվի իմ երկրի ներսում:

 

Խորին հարգանքով՝

սպանված Եղիշե Խաչատրյանի  այրի Փառանձեմ Մեյթիխանյան,

մայրը՝ Էմմա Աբրահամյան, դուստրը՝ Ասյա Խաչատրյան,

որդին՝ Նշան Խաչատրյան, որդին՝ Դավիթ Խաչատրյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Մ. says:

    Հարգելի Տիկին Մեյթիխանյան,

    ցավով կիսում եմ ձեր վիշտը դա մեր բոլորի վիշտն է։

    Հուսով եմ ձեր ուղերձը արձագանք կստանա և մեղավորները խստինս կպատժվեն։ Այլ դեպքում այս ամենը կարելի է բնութագրել ոչ այլ ինչ քան անարխիա։

  2. Մինաս says:

    Այս ճանապարհը, վերեւներից եկող բազմաթիվ օրինակներով ու թողտվությամբ, տանում է ժողովրդի վայրենացմանն ու երկրի վերացմանը: Լավագույն դեպքում, սպիտակ կամ սեւ այլազգեր կգան՝ ծանր կոպալներով: Ձայն հանողի լեզուն կկտրեն, աջ կամ ձախ նայողի գլուխը կցխեն, ինչին որ արժանի ենք – մեր ներկա ,,մշակույթային,, մակարդակով:

    ԽՈՐԱՊԵՍ ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՄ ԱՆՄԵՂ ԶՈՀԻ ՀԱՄԱՐ

  3. Մարինե Մելոյան says:

    Տիկին Մեյթիխանյան,ես անձամբ չեմ ճանաչում Ձեզ և Ձեր լուսահոգի ամուսնուն:Ձեզ ճանաչում եմ իբրև մայրենիի հրաշալի գիտակ,դասախոս,գիտնական…Ընդունեք իմ անկեղծ ցավակցությունները:Հուսով եմ` Ձեր ձայնը կհասնի Նախագահին, և հանրությունը գոնե մեկ անգամ արդար դատավճռի ունկնդիրն ու ակնդիրը կդառնա:
    Կրկին ընդունեք իմ հեռակա զորակցությունը…

  4. Սերինե says:

    ՀԱՐԳԵԼԻ՛ ԾՆՈՂՆԵՐ, մի քիչ ժամանակ հատկացրեք ձեր զավակներին, որ ազերիի ագրեսիվությամբ, հայ ՄՈՐ ներկայությամբ, ԶԱՎԱԿԻՆ չսպանեն միայն այն բանի համար, որ հանդգնել է ասել ԽԱԽՏՈՒՄ մի արեք, հարգելի երիտասարդներ: Իսկ այդ օրը այդ պահին փողոցով երևի ոչ մի ՏՂԱՄԱՐԴ չի անցել, որ թույլ չտար այդ բարեկիրթ երիտասարդներին Աստծո տված կյանքը խլեն: Խոնարհվենք ձեր տղաՄԱՐԴԿԱՅԻՆ բարի տեսակի առջև: Դա նրանից է, որ այդ թշվառները ոչ գիրք են կարդում, ոչ արվեստով հետաքրքրվում. միայն փող, փող, փող ու սեռական տռփանք: Ինչ ամոթ….

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930