Լրահոս
Օրվա լրահոսը

Հստակության կարիք կա

Հունիս 08,2016 10:00

Մենք այս պահին Ադրբեջանի հետ պատերազմի մեջ ենք: Վաղ թե ուշ մարտական գործողությունները վերսկսվելու են: Մենք հակառակորդին չենք թողնի Արցախ, բայց զոհեր, ցավոք սրտի, կունենանք` անկախ նրանից, թե ով կլինի Հայաստանի կամ Արցախի պաշտպանության նախարարը: Եթե ես կարծում եմ, որ կարող եմ օգուտ բերել իմ երկրի պաշտպանությանը, ես կգնամ Զինված ուժերի գլխավոր հրամանատարի մոտ (անկախ նրանից, թե ով է նա եւ ինչպես եմ ես նրան վերաբերվում), կպատմեմ, թե ինչպես եմ պատկերացնում այդ պաշտպանությունը եւ կասեմ, որ պատրաստ եմ պատերազմի ընթացքում ծառայել այնտեղ, որտեղ այդ հրամանատարն ինձ ուղարկի: Անձամբ ես՝ լինելով քաղաքացիական անձ, դարձյալ այդպես կանեմ, եթե իմ կարիքը որեւէ պահի զգացվի:

Ուրիշ հարց, եթե մարդը քաղաքական հավակնություններ ունի: Այդ դեպքում շատ բնական է, որ նա հանրահավաքներ է կազմակերպում, հարցազրույցներ է տալիս, քննադատում է, բանավիճում է եւ այլն: (Չնայած կոնկրետ այս` Արցախի դեպքում ինձ փոքր-ինչ արտառոց է թվում է, որ պատերազմի ժամանակ մարտական գործողությունների մասին հրապարակային բանավեճ են ծավալում երկրի պաշտպանության ներկայիս եւ նախկին նախարարները: Դա էլ, հավանաբար, հայկական ժողովրդավարության «գյուտն» է): Քաղաքական պայքարը հենց նրանում էլ կայանում է, որ դու քո շուրջը հավաքես ժողովրդին ու ապացուցես, որ ներկայիս իշխանությունն ամեն ինչ սխալ է անում, իսկ դու ամեն ինչ ճիշտ կանես` հենց որ համապատասխան լծակներ (իշխանություն) ստանաս: Եվ այդ դեպքում միանգամայն արդարացված է՝ «ես եկել եմ ձեզ փրկեմ» մեսիական կեցվածքը: Ընդամենը հստակություն է պետք, եւ գուցե այդ դեպքում Սամվել Բաբայանի՝ մեծ մասամբ արդարացի, ճիշտ քննադատությունը տեղ կհասնի:

Իհարկե, Հայաստանում եւ Արցախում քաղաքական գործունեությամբ զբաղվելն այնքան էլ հեշտ չէ: Գոյություն ունի «ուժային համակարգ», որը 90-ականների կեսերին ստեղծվել է զինվորականների, դաշտային հրամանատարների, այդ թվում Սամվել Բաբայանի կողմից, եւ, ըստ որի, ցանկացած «հեղինակություն», թաղի տղա, «ֆիդայի», «օրգանի աշխատող», երկրապահ կամ թիկնապահ կարող էր անպատիժ ծեծուջարդի ենթարկել ցանկացած մարդու, որն իրեն կամ առավել եւս՝ իր «շեֆին» դուր չէր գալիս: Դե, բնականաբար, այդ համակարգն օգտագործվում էր նաեւ քաղաքական նպատակներով:

Ասել, որ այդ տեսակի մարդիկ այսօր գործում են նույն լկտիությամբ, կարծում եմ՝ չափազանցություն կլիներ՝ դեպքերն ակնհայտորեն քչացել են: Բայց երբեմն ի հայտ են գալիս, այսպես ասած, «ռեցիդիվներ»: Այսինքն՝ ինչ-որ մարդկանց տհաս ուղեղներում դեռ «ծխում է» այն միտքը, որ որեւէ հարց հնարավոր է լուծել ծեծի միջոցով: Ամենակարճ ճանապարհն այդ մարդկանց դատելն է:
ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Չգիտեմ ինչ թատրոն ենք խաղում… երեւի մինչեւ իսկ մեր մտքերում…

    Յատկապէս Արցախի պարագային, ոչ մի բան նորմալ է, եւ ոչ մի բան կարող է նորմալ լինել:

    Այդտեղ կամ այդտեղի մասին «նորմալութիւն» խաղալը, Ժողովրդավարութեան բարձրագոյն չափանիշներ պարզելը, Օրէնքի Գերակայութեան ծայրագոյն յղացքը կիրառելու հաստատումներ կատարելը, բացայայտօրէն՝ ձեւակերպութիւն է, այդ ել՝ արտաքին սպառումի համար:

    Եթէ պիտի սկսինք յանկարծ մենք ել իսկապէս հաւատալ այդ ամէնուն – այդ կատարեալ չափանիշներով եւ աստիճաններով -, իրոք հոգեբանական լուրջ խնդիր ունենք, հաւաքականօրէն:

    Նիւթի առարկայ վերջին ափսոսալի պատահարը պարզապէս կը քերթէ այդ նորմալութեան բարակ կեղեւը, cosmetic խաւը, որու ետին քաղաքական դիրք ենք բռնած աշխարհի առջեւ, ոնց որ զինվորը իր քամուֆլաժ տարազով, ուղղակի թշնամիին դէմ:

    Իսկ համայն աշխարհն ել լաւ գիտի թէ բանն ինչումն է: Երեւի մեզանից աւելի լաւ…

    Այս պայմաններում, ծեծ ուտողների «արժանիքը»՝ անխուսափելի եւ ոչ շատ թաքուն ճշմարտութիւնը զգայացունց կերպով քողազերծել է: Թերեւս արդէն այդ է միակ նպատակը:

    Իսկ ճշմարտութիւնից չվախեցոծին համար, ծեծողների վարքագիծը նախընտրելի է զանինք իբրեւ թէ դատապարտողների ակընյայտ կեղծաւորութեան (խօսքս քաղաքական պաշտօնի տէր անձնաւորութիւնների մասին է ) – թէեւ հասկնալի է նաեւ որ ուրիշ բան չեն կարող ասել, ուրիշ կերպ չեն կարող խօսել… – :

    Իսկ եթէ շատ մտահոգ ենք թէ, աման-ամա՜ն, աշխարհը ինչ է ասելու մեր մասին, մի քիչ տեսնենք եւ լսենք թէ – Թուրքիոյ եւ Կովկասի – պետական թուրք ղեվակարները ինչ բաներ են անում եւ ասում, տեւաբար, լիովին անզուսպ ու անսանձ կերպով, ամբողջովին անտեսելով եւ հեգնելով համաշխարհային կարծիքը. անոնց մասնաւոր որեւէ բան ըսող ել չկայ, ամէն մարդ խոնարհած մնում է անոնց ամենաստորին, ամենագայթակղեցուցիչ եւ ամենահրեշային խայտառակութիւնների առջեւ անգամ:

    Այս ամէնից միայն կարող են յուսախափուիլ մեր երիտասարդներից մի մասը: Ինչ անենք, այդ – ցաւագին – ձեւով է որ կը «մեծանանանք», իսկական կեանքը կը հասկանանք… Եւ այս է մեր ճակատագիրը:

    Բաւ է թեթեւ թատրոնը… Let’s keep it real, հաճիք…

    Բառացիօրէն կենաց-մահու խնդիրների առջեւ ենք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930