Լրահոս
Օրվա լրահոսը

Երգչախմբային բարձր մակարդակ՝ պետական կողմնակալության պարագայում

Հունիս 08,2016 15:30

Երեւանում 1968թ. մեծ շուքով նշվեց Էրեբունիի հիմնադրման 2750-ամյակը: Այսօր քչերն են պատկերացնում, թե որքան դժվար էր համոզել Մոսկվային՝ թույլ տալ նման տոնակատարության անցկացումը: Իմիջիայլոց, այդ տարի արդեն նշվել էին Մոսկվայի հիմնադրման 800 եւ Լենինգրադի 250-ամյակները, եւ խորհրդային որոշ ղեկավարներին այնքան էլ չէր հրապուրում այդ ցանկում Երեւանը տեսնելու հեռանկարը: Էրեբունիի հիմնադրման 2750-ամյակի տոնակատարության գլխավոր ակորդը հանդիսացավ 1968 թ. Ազգային օպերային թատրոնի հարակից հրապարակում հենց 2750 հոգանոց երգչախմբի ելույթը: Սա, միանշանակ, տոն էր:

Նշենք, որ խորհրդային տարիներին իրենց երգչախմբային ավանդույթներով փայլում էին Մերձբալթյան երկրները, թեեւ անկեղծ ասած՝ մեր փայլն էլ էր տեղը:
2750 հոգանոց երգչախումբ հնչեցրեց Էդգար Հովհաննիսյանի «Էրեբունի-Երեւանը»: Անկեղծ ասած՝ հիմա էլ է կատարվում այդ անկրկնելի ստեղծագործությունը, փոքր տարբերությամբ. ավանդական դարձած «Երգող Հայաստան» փառատոնի շրջանակներում, որի վերջին ակորդը հնչում է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, մի քանի երգչախմբերի շուրջ 300 մասնակիցներ կատարում են այդ երկը: Իհարկե, անկախության տարիներին ավանդական է դարձել Երեւանի քաղաքապետարանի անցկացրած մայրաքաղաքի արվեստի եւ երաժշտական դպրոցների մրցույթ-փառատոնը եւս: Բայց միանշանակ չենք կարող ասել, որ դա երգչախմբային արվեստի տոն է:

20160606_124730

«Առավոտը» զրույցի հրավիրեց Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի խմբավարության ամբիոնի պրոֆեսոր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Դավիթ Ղազարյանին: Մեր զրուցակիցը նշեց, որ ժամանակին «Էրեբունի-Երեւան» 2750-ամյակի օրինակով նման տոն (նկատի ունի մեծաքանակ երգչախմբերի մասնակցությունը) այսօր էլ կարելի է անցկացնել, բայց դա ֆինանսական մեծ ծախսերի հետ է կապված:
«Վերջերս Երեւանի քաղաքապետարանի կողմից ավանդաբար անցկացվող մայրաքաղաքի երաժշտական եւ արվեստի դպրոցների մրցույթ-փառատոնի ընթացքում ունկնդիրը եղանք 25 դպրոցների ոչ միայն կատարողական արվեստի դասարաններում սովորող աշակերտների, այլեւ երգչախմբերի: Պետք է նշեմ, որ մեր մանկապատանեկան երգչախմբերի կատարողական մակարդակը միանշանակ աճ է գրանցել: Կոմիտասի ծննդյան 145-ամյակին նվիրված մանկապատանեկան երգչախմբերի մրցույթին մասնակից բոլոր երգչախմբերը, այդ թվում՝ նաեւ հանրակրթական դպրոցների, հավուր պատշաճի ներկայացրին մեկական կոմիտասյան մանկական խմբերգ: Կարծում եմ՝ Անկախության տարիներին էլ մանկապատանեկան երգչախմբերի մակարդակը նահանջ չի գրանցել»,- վստահեցնում է բազմամյա խմբավարը, ով շուրջ 20 տարի նախագահն է Հայաստանի երաժշտական ընկերության: Ավելին, մեր զրուցակիցը նշեց, որ 1990-ականներին՝ մեր երկրի համար ծանր ժամանակներում, մանկապատանեկան երգչախմբերի փառատոներ էին անցկացվում:

«Որպես խմբավար մի առաջարկ ունեմ՝ ըստ Երեւանի քաղաքապետարանի կազմակերպած մրցույթ-փառատոնի կանոնակարգի, որով 8-10 րոպե է հատկացվում յուրաքանչյուր երգչախմբի ելույթին, ես գտնում եմ, որ ցանկալի է այդ կարճ ժամանակահատվածում երգչախմբերը պարտադիր ներկայացնեն հայ կոմպոզիտորի երկեր, ինչն իրականացնում ենք «Երգող Հայաստանի» շրջանակներում եւ մեկ գործ էլ հնչեցնել ակապելլա: Ախր հայկական դպրոցներում չերգել հայ կոմպոզիտորի, էլ չեմ ասում՝ Կոմիտասի ստեղծագործություններից, պարզապես անթույլատրելի է»,- հայտնեց պարոն Ղազարյանը:

Դավիթ Ղազարյանն անդրադարձավ նաեւ երաժշտական եւ արվեստի դպրոցների մանկավարժների ցածր աշխատավարձերին, չնայած այդ պարագային, բարձրացել է մանկավարժների պատասխանատվությունը, իսկ երգչախմբերը լավ վիճակում են. «Ուղղակի ցանկությունս է, որ խմբավարները վերանայեն իրենց երգացանկային քաղաքականությունը, ներգրավելով հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ»:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է երաժշտական եւ հանրակրթական դպրոցների մանկավարժների ստաժի հանդեպ, այսպես կոչված՝ պետական «կողմնակալությանը»: Բանն այն է, որ երաժշտական դպրոցների մանկավարժների ստաժը չի համարվում մասնագիտական:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930