Լրահոս
Օրվա լրահոսը

Ջուջեւանը կընդգրկվի՞ սահմանամերձ, սոցիալական աջակցություն ստացող համայնքների ցանկում

Հունիս 08,2016 15:00

Ջուջեւանը Նոյեմբերյան քաղաքից 8 կմ հեռավորությամբ գտնվող գեղատեսիլ, անտառապատ գյուղ է: Այստեղ երկիրն ու երկինքն անտառներով կարծես միաձուլվում են: Գյուղապետ Ժորա Չիլինգարյանն իր աշխատասենյակում ցույց տվեց 1935թ. կազմված, Ջուջեւանի կոլտնտեսության հողերի վերաբերյալ կնիքով զմռսված մի փաստաթուղթ, ուր գյուղի անունը Ջուջեվանք է նշված: Այստեղ 19-րդ դարի եկեղեցի կա, որի տանիքի ծածկը քամիներից վնասվել է, այն նորոգման կարիք ունի: Գյուղապետը մտադիր է Հայ առաքելական եկեղեցու աջակցությամբ եկեղեցին նորոգել:

Ջուջեւանում հաշվառված է 600 բնակիչ, որից 400-ն է ներկայումս բնակվում: Միջպետական ավտոճանապարհի եզրին գտնվող գյուղապետարանի վարչական շենքի առջեւ կայանած է Եվրամիության 200 հազար եվրո դրամաշնորհով ձեռք բերված տրակտորը՝ ամբարձիչ սարքով: Կողքին դարսված են 28 մեծ աղբարկղեր՝ չժանգոտվող մետաղից: Միջպետական ավտոճանապարհի շրջակայքի սանիտարական վիճակի բարելավման նպատակով, այդ ծրագրով Ջուջեւան-Ոսկեվան ավտոճանապարհի եզրին բետոնյա 7 կառույցներ են սարքվել, որոնց մեջ տեղադրվելու են մետաղյա աղբարկղերը:

7-1-3

Դրանց մեջ դրվելու են մետաղյա աղբամաններ: Նույն ծրագրով 400 մ երկարությամբ խմելու ջրագծեր են կառուցվել Ոսկեվանում, Բաղանիսում, Ջուջեւանում: Ջուջեւանի կենտրոնում գտնվող աղբյուրից ջուրը պոմպերով մղվելու է 70 մ վերեւ, որտեղ կառուցվել է 53 տոննա տարողությամբ օրվա կարգավորիչ ջրամբար: Այդ կերպ կբարելալվի գյուղի ջրամատակարարումը, կտեղադրվեն ջրի հաշվիչներ: Առաջիկայում պետբյուջեի 8.5 միլիոն դրամ ֆինանսավորմամբ կկառուցվի 3 կմ երկարությամբ խմելու ջրի ինքնահոս ջրագիծ: Հրատապ աջակցության պետական ծրագրով, 10 միլիոն դրամով կվերականգնվի 2012թ. կարկտահարությունից վնասված Ջուջեւանի գյուղապետարանի վարչական շենքը: Այս տարի գյուղապետարանի շենքում, ուր գործում են գյուղապետարանը, բուժկետը, գրադարանը, մանկապարտեզը, Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ու ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում տեղադրվել է արեւային ջրատաքացուցիչներով համալրված ջեռուցման համակարգ: Մոտ մեկ ամիս առաջ ավարտվեց Ջուջեւանի գազիֆիկացումը: Ջուջեւանը շատ վարելահողեր չունի, գյուղացիներն ավելի շատ ապավինում են անասնապահությանը, գյուղում մոտ 700 խոշոր եղջերավոր անասուն կա: Գյուղում 5 տարի առաջ մանկապարտեզ է վերագործարկվել «Ֆոքըս օն չիլդրեն նաու» կազմակերպության աջակցության շնորհիվ, մանկապարտեզի սաների թիվը 12-ից դարձել է 18: Ջուջեւան համայնքի ղեկավարը նշեց մի խնդրի մասին, որը հուզում է համագյուղացիներին: Ջուջեւանը ուղիղ գծով Ադրբեջանի սահմանից հեռու է մոտ 4 կմ, ջուջեւանցիները իրենց տներից հստակ տեսնում են ադրբեջանական հենակետերը: 1992-94թթ. ջուջեւանցիների տների մոտ, տնամերձ հողերում ադրբեջանական բազմաթիվ արկեր են պայթել: Բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: 1995թ. գյուղից մոտ 1 կմ հեռավորությամբ առեւանգվեց Ջուջեւանի բնակիչ Թաթուլ Խաչատրյանը, որին փրկագնելով՝ վերադարձրին Ադրբեջանից: 1997թ. ադրբեջանցի անասնագողերը Ջուջեւանից գողացան Յուրիկ Իսրայելյանի կովերը, սակայն ջուջեւանցիները հետապնդելով՝ անտառում ոչնչացրին ադրբեջանցի 2 անասնագողերին, անասունները ետ վերադարձրին:

7-1

Ժ. Չիլինգարյանն ասաց, որ Ջուջեւանը գտնվում է Նոյեմբերյանի սահմանամերձ բնակավայրերն իրար կապող գծի վրա, սակայն դուրս է մնացել սահմանամերձ, սոցիալական աջակցություն ստացող բնակավայրերի ցանկից: Այդ ցանկում ընդգրկվելու դեպքում Ջուջեւանին տրվող հողի հարկի եւ գույքահարկի գումարների փոխհատուցումը պետական բյուջեի համար բեռ չի կարող լինել, քանի որ հողի հարկի տարեկան գումարը գրեթե 500 հազար դրամ է, գույքահարկինը՝ 26 հազար: Ջուջեւանում գործում է պտղի վերամշակման արտադրամաս: Համայնքի ղեկավարի խոսքերով՝ հարկային արտոնությունների տրամադրումը խթան կլինի, որ այն ընդլայնի արտադրությունը, բնակիչներից մրգերի եւ հատապտուղների մթերումը: Ջուջեւանում առկա է 2 սղոցարան: Դրանք եւս կարող են ավելացնել արտադրության ծավալները: Ժ. Չիլինգարյանը հավելեց. «Բաղանիս գյուղում սնկի արտադրամաս եւ ջերմոցային տնտեսություններ են գործարկում: Ներդրողների համար ձեռնտու կլինի ներդրումներ կատարել ադրբեջանական հրետակոծությունից համեմատաբար ապահով Ջուջեւանում»: Սահմանամերձ, սոցիալական աջակցություն ունեցող համայնքի կարգավիճակ ստանալու դեպքում Ջուջեւանում տնտեսական աշխուժություն կլինի, նոր աշխատատեղեր կստեղծվեն, արտագաղթի պատճառով գյուղում դատարկ մնացած 24 տների թիվը չի ավելանա:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

«Առավոտ»

07.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930