Միջոցառումը համեմվեց Քյարամ Սլոյանին նվիրված բանաստեղծություններով
Օրերս Ավան վարչական շրջանում հանդիսավոր արարողություն էր կազմակերպվել` Շահինյանի անվան փողոցի չորրորդ նրբանցքն անվանակոչվեց եզդի ազգի հերոս Ջահանգիր աղայի անունով: Միջոցառմանը ներկա էին եզդիական համայնքի ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, ուսանողներ, Ջահանգիր աղայի որդին՝ Սուրեն աղան, ինչպես նաեւ Երեւանի քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանն ու Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
«Ջահանգիր աղան այն բացառիկ քաջերից էր, որը Բաշ-Ապարանի հերոսամարտերում իր հեծելազորից պահանջեց չնահանջել ու մարտնչել մինչեւ վերջ: 1939թ. դատապարտվելով 10 տարվա ազատազրկման՝ նա իր մահկանացուն կնքում է Ռուսաստանում:
Չնայած նրան, որ մինչ դատապարտումը, հերոսը հնարավորություն ուներ հեռանալ Հայաստանից` դատապարտումից խուսափելու համար, սակայն նախընտրում է մնալ երկրում»,- ասաց Հանրային ռադիոյի եզդիական բաժնի հաղորդման գլխավոր խմբագիր Հասան Թամոյանը: Նաեւ շեշտեց Հայաստանի կառավարության կողմից մշտապես գնահատված լինելը. «Երեւանը մեզ համար մշակութային կենտրոն է, որտեղ հեռարձակվում է նախադեպը չունեցող եզդիերեն լեզվով ռադիոհաղորդում: Այստեղ լույս են տեսել 1-12-րդ դասարանների եզդիերեն լեզվի դպրոցական դասագրքերը, գործում են մի քանի հասարակական կազմակերպություններ, հրատարակվում թերթեր»: Հասան Թամոյանը նաեւ հավելեց, որ փողոցը Ջահանգիր աղայի անունով անվանակոչելը հայ-եզդիական բարեկամության ես մեկ վառ ապացույց է:
Փողոցի անվանակոչման համար քաղաքապետին էին դիմել Հայաստանում գործող մի քանի հասարակական կազմակերպություն` «Սինջար եզդիների ազգային միավորում» հ/կ-ն (ղեկավար՝ Բորիս Մուրազի), «Եզդի եւ հայ ժողովուրդների բարեկամությունը» (ղեկավար՝ Սիաբանդ Բաքոյան), «Հայասա» երիտասարդական հասարակական կազմակերպությունը (ղեկավար՝ Սուրեն Մկրտչյան), ինչպես նաեւ ՀՀ քաղաքացիներ Սուրեն Խատոյանն ու Վազիր Խատոեւը:
«Այսօր բոլորիս համար տոն է: Ջահանգիր աղան ու նաեւ շատ այլ եզդի հերոսներ մարտնչել են հայերի հետ կողք կողքի՝ պաշտպանելով մեր ընդհանուր հայրենիքը: Նրանց գործն անմահ է, կեցցե հայ-եզդիական դարավոր եղբայրությունը»,- ասաց Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը:
Իսկ քաղաքապետի խորհրդական Արայիկ Քոթանջյանը քաղաքապետի անունից ողջունեց բոլոր ներկաներին, մեծ գնահատական տալով ինչպես Ջահանգիր աղային, այնպես էլ ապրիլյան քառօրյա պատերազմում զոհված հայ ու եզդի ժողովուրդների հերոսներին:
Միջոցառումը համեմվեց եզդի ազգի նշանավոր բանաստեղծուհի Հնարա Թաժդինի եւ աշուղ Աստղանուշի` Քյարամ Սլոյանին նվիրված բանաստեղծություններով:
ԶՈՒԶԱՆ ՄԱՄՈՅԱՆ
ԵՊՀ ժուռնալիստիկայի
ֆակուլտետի ուսանողուհի
«Առավոտ»
07.06.2016